Մատչելիության հղումներ

Փորձագետ. «ՀԱՊԿ կոչված դաշինքը ձեւական եւ անլուրջ կազմակերպություն է»


Ադրբեջան -- Բաքվում անցկացվող զորահանդեսում ցուցադրվում է ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը
Ադրբեջան -- Բաքվում անցկացվող զորահանդեսում ցուցադրվում է ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը
ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրի տվյալներով ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից հանդիսացող Բելառուսը անցյալ տարի զենք է վաճառել Ադրբեջանին:

Ինչպես հայտնի է, Բելառուսը եւ Հայաստանը հանդիսանում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներ:

Անցած շաբաթ ադրբեջանական APA գործակալությունը հրապարակեց 2010 թվականին Ադրբեջանի կողմից ձեռք բերված զենքի եւ սպառազինության մասին Սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացված հաշվետվության որոշ տվյալներ: Հրապարակման համաձայն, անցած տարի Ադրբեջանը Բելառուսից գնել է 30 հատ 122 մմ տրամաչափի Դ-30 թնդանոթներ, որոնք կարող են մինչեւ 22 կիլոմետր հեռավորության վրա հարվածներ հասցնել:

Բացի այդ, մոտ 1 ամիս առաջ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը ցուցադրեցին հակաօդային պաշտպանության ռուսաստանյան С-300 «Ֆավորիտ» զենիթահրթիռային համակարգը, որը ադրբեջանցի պաշտոնյաների հավաստիացմամբ, իրենց է վաճառել ՀԱՊԿ-ում Հայաստանի մյուս դաշնակիցը` Ռուսաստանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ուղղակի պարտավոր են ՀԱՊԿ շրջանում բարձրացնել այն հարցը, թե ինչպես է ստացվում, որ կազմակերպության անդամ երկրները զենք եւ զինտեխնիկա են վաճառում Ադրբեջանին, որի ղեկավարները անընդհատ խոսում են Հայաստանի հետ պատերազմելու մասին:

«Սա ուղղակի եւս մեկ անգամ վկայում է, որ ՀԱՊԿ կոչված դաշինքը ձեւական եւ անլուրջ կազմակերպություն է, որը որեւէ կապ չունի Հայաստանի անվտանգության խնդիրների հետ, այլ միմիայն սպասարկում է Ռուսաստանի շահերը, այն էլ այն ձեւով, որ ձեւով որ պատկերացնում է Ռուսաստանը», - հայտարարեց Ռուբեն Մեհրաբյանը:
please wait

No media source currently available

0:00 0:02:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG