Մատչելիության հղումներ

Ղարաբաղի շուրջ զարգացումները մեկնաբանում են Երեւանում եւ Բաքվում


Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.

Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Կազանում, 24-ը հունիսի, 2011թ.

«Այսօր Ռուսաստանի նպատակն է վերականգնել Ադրբեջանում իր ներկայությունը, եւ դա Մոսկվայում փորձում են անել ի հաշիվ հայկական երկու պետությունների շահերի», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը 2004-2005 թվականներին ղեկավարած Արման Մելիքյանը:

Ադրբեջանն էլ, իր հերթին, փորձում է վերադարձնել «այն բոլոր տարածքները, որ նա իրենն է համարում», նշեց Մելիքյանը` մեկնաբանելով ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ ներկայիս զարգացումները:

«Ես կարծում եմ, որ ազատագրված տարածքները այսօր Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ առեւտրի առարկա են. Ադրբեջանը իր պահանջներն է ներկայացնում, Ռուսաստանը ասում է, թե որքանով կարող է այդ պահանջները հայկական շահերի հաշվին բավարարել` սա է ամբողջ խնդիրը», - ասաց նա:

Այդուհանդերձ, Մելիքյանի խոսքերով, կա մի շեմ, որից ներքեւ Ռուսաստանը պարզապես չի կարողանա իջնել. - «Այդ շեմն է` բոլոր ազատագրված տարածքները, այդ թվում` Լաչինը, վերադարձնել Ադրբեջանին եւ նպաստել, որ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը` որպես այդպիսին, մոտավորապես իր նախկին կարգավիճակով մնա Ադրբեջանի կազմում»:

Հարցին, թե ինչո՞ւ Ռուսաստանը չի կարող իջնել այդ շեմից, Ղարաբաղի նախկին արտգործնախարարը արձագանքեց. - «Որովհետեւ ակնհայտ է, որ այդ պարագայում կկորցնի Հայաստանը, ինչը ռազմավարական առումով անընդունելի է»:

Ուրբաթ օրը հայտնի դարձավ, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնապես պատասխանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձին:

Մեդվեդեւի ուղերձը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին էր փոխանցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը` հուլիսի 8-ին կարճատեւ այցեր կատարելով Երեւան եւ Բաքու: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը այդ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական Մոսկվային էր փոխանցել հուլիսի 18-ին:

Թե ինչ կհաջորդի` այս կապակցությամբ Արման Մելիքյանը ասաց. - «Ես կարծում եմ, որ իրականում գործընթացը տեղից չի շարժվի, որովհետեւ Ռուսաստանը չի կարողանա ապահովել Ադրբեջանի պահանջները, եւ այդ պարագայում ստատուս քվոն լավագույն տարբերակը կլինի նաեւ Ռուսաստանի համար: Բայց Ռուսաստանն ունի ժամանակի խնդիր: Շատ բան կախված կլինի նրանից, թե Ռուսաստանում ով կդառնա նախագահ հաջորդ նախագահական ընտրություններին. ըստ այնմ կկարողանանք նաեւ կանխատեսել, թե Ռուսաստանի քաղաքականությունը ղարաբաղյան հարցում ինչ ուղղություն կստանա»:

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի աշխատակազմը 1993-1999 թվականներին ղեկավարած Էլդար Նամազովը կարծիք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ հնարավոր տարբերակը փուլայինն է, քանի որ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ ներկայում Ադրբեջանն ու Հայաստանը չեն կարողանա համաձայնության հանգել:

«Դրա համար պետք է լուծել բոլոր այլ հարցերը` լուծել մարդկանց անվտանգության ապահովման հարցը, բացել սահմանները, սկսել համագործակցություն, վերադարձնել փախստականներին, իսկ հետո արդեն` հետագայում, լիովին նոր պայմաններում, երբ կհաստատվի համագործակցության, երկխոսության մթնոլորտ, կարելի կլինի հասնել ինչ-որ ընդհանուր մի բանի: Իրականում գոյություն ունի երեք տարբերակ` կա´մ փուլային կարգավորում, կա´մ իրավիճակի սառեցում, այսինքն` ստատուս քվո, կա´մ` պատերազմ: Կարծում եմ, որ ո´չ պատերազմը, ո´չ էլ գոյություն ունեցող ստատուս քվոն հնարավոր չեն ու ցանկալի չեն: Հետեւաբար` միակ տարբերակը հակամարտության կարգավորման փուլային լուծումն է», - ասաց Նամազովը:

Նրա խոսքով` առաջիկայում դժվար թե առաջընթաց գրանցվի բանակցություններում, քանի որ փորձ է արվում լուծում տալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցին: Բացի այդ, ըստ Նամազովի, սխալ է նաեւ բանակցությունների մեթոդաբանությունը` եթե չկա համաձայնություն որեւէ կետի շուրջ, ուրեմն ընդհանրապես չկա ոչ մի համաձայնություն, ինչը դարձյալ խոչընդոտում է բանակցությունների առաջընթացին: Ուստի, ինչպես եզրակացրեց Էլդար Նամազովը, պետք է սպասել բանակցությունների նոր փուլի, որի հիմքում դրված կլինի կարգավորման փուլային տարբերակը:

«Հայտնի է, որ ժամանակին կարգավորման փուլային տարբերակը աջակցություն էր ստանում թե´ Բաքվից, թե´ Երեւանից: Ե´վ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը, ե´ւ Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սկզբունքորեն համաձայնել էին առաջ շարժվել կարգավորման փուլային տարբերակով: Բայց այն ժամանակ դա տեղի չունեցով, որովհետեւ Հայաստանում իշխանափոխություն եղավ, որից հետո իշխանության եկան Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ովքեր իրենց առջեւ խնդիր դրեցին, որ կհասնեն փաթեթային լուծման: Բայց փաթեթային լուծում սկզբունքորեն հնարավոր չէ: Խոսել նման տարբերակով լուծման մասին` նույնն է, ինչ խոսել իրադրության սառեցման մասին», - ասաց Նամազովը:

«Այդ ժամանակվանից անցել է մոտ 14 տարի, եւ ոչինչ չի շարժվել մեռյալ կետից: Ուստի, ես կարծում եմ, որ շատերը Բաքվում, Երեւանում ու աշխարհում հասկանում են, որ անհրաժեշտ է վերադառնալ կարգավորման փուլային տարբերակին», - ամփոփեց նա:

Ղարաբաղի շուրջ զարգացումները մեկնաբանում են Երեւանում եւ Բաքվում

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG