Մատչելիության հղումներ

Գազասպասարկում իրականացնող ընկերությունը փորձագետի քննադատության թիրախում


Անկախ փորձագետ Նվեր Սարգսյանի գնահատմամբ` Հայաստանում ներտնային գազասպասարկման ոլորտը վառ օրինակ է, երբ պետական որոշումներով ձեւավորվել է մենաշնորհային դաշտ եւ դաշտում գործող միակ ընկերությունը սահմանում է բարձր սակագներ ու գերշահույթներ ստանում:

Սարգսյանը նման կարծիք հայտնեց ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը, որի ժամանակ 2007 թվականից Հայաստանում ներտնային գազասպասարկում իրականացնող միակ` «ԷյԻՋի սերվիս» ընկերության տնօրինության եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվում էր բնակարաններում գազօգտագործող սարքերի սպասարկման ոլորտը:

Նախքան «ԷյԻՋի սերվիս» ընկերությունը գազասպասարկում իրականացնում էր «Հայռուսգազարդ»-ը, որը հետագայում այդ ծառայության իրականացումը պատվիրեց «ԷյԻՋի սերվիս»-ին:

Փորձագետ Նվեր Սարգսյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ սպասարկման համար վճարվող գումարի մի զգալի մասը կազմում է փականագործի աշխատանքի դիմաց նախատեսված գումարը: Փականագործը տարվա ընթացքում պետք է մի քանի անգամ գա ու ստուգի, թե արդյոք անվտա՞նգ է աշխատում գազօգտագործող սարքը` գազօջախը, ջեռուցման կաթսան եւ այլն: Եթե տանը կա գազօգտագործող մեկ սարք, փականագործի աշխատանքի համար տարեկան վճարվում է 559 դրամ, երկու սարքի դեպքում` մոտ 2 600 դրամ, իսկ երեքի դեպքում` 3 300:

«Ուշադրություն դարձրեք, որ մեկ սարքի դեպքում գումարը 559 դրամ է, երկուսի դեպքում այն ավելանում է ավելի քան 4.5 անգամ, իսկ երեքի դեպքում գրեթե 6 անգամ», - շեշտեց Սարգսյանը եւ շարունակեց. - «Այդ տարբերությունը պայմանավորված է աշխատողների թվով, որոնք այցելում են մեր բնակարաններ, եթե մեկ սարքի դեպքում տարեկան երկու այց է լինում, այցելում է մեկ փականագործ, 2 եւ 3 սարքի դեպքում միջինացված նախատեսված է, որ պետք է այցելի 3 փականագործ»:

Ըստ Սարգսյանի` իրականում բնակարաններ այցելում է հիմնականում մեկ փականագործ, իսկ բաժանորդները վճարում են 2, 3 կամ 4 փականագործի աշխատանքի դիմաց:

Այն, որ ընկերությունը ստուգումները չի իրականացնում 2, 3 կամ 4 փականագործների մասնակցությամբ, ըստ Նվեր Սարգսյանի, վկայում է նաեւ այն, որ «ԷյԻՋի» ընկերությունը 612 հազար բաժանորդ սպասարկելու համար 1300-1400 փականագործ պիտի ունենա, բայց այսօր ընկերության աշխատողների ընդհանուր թիվը 995 է:

«Իմ հաշվարկներով` ոչ իրական աշխատողներին տրվող աշխատավարձը, որը սակագնի մեջ է մտած, մոտ 100 միլիոն դրամից ավելի է կազմում: Այդ ոչ իրական աշխատողներին սակագնով նախատեսված է նաեւ արտահագուստ [տրամադրել], որը 26 միլիոն դրամ է կազմում, իմ կարծիքով, դարձյալ այդքանով սակագինը պիտի նվազեցվի», - ասաց Սարգսյանը:

Փորձագետի խոսքով` տարեկան մոտ 88 միլիոն դրամ էլ ընկերությունը իր բաժանորդներից գանձում է բլանկների դիմաց` յուրաքանչյուր բաժանորդից 120 դրամ, երբ 2010 թվականին 14 նախարարություն գրենական պարագաների վրա ծախսել էին 48 միլիոն դրամ:

«ԷյԻՋի սերվիս» ընկերության տնօրեն Աշոտ Հովսեփյանը արձագանքեց, թե սակագինը սահմանվել էր դեռ 2005 թվականին, մինչդեռ անցած վեց տարիների ընթացքում հանրապետությունում աճել է միջին աշխատավարձը, եւ իրենք նույնպես բարձրացրել են այն` 80 հազարից դարձնելով 110 հազար: Բացի այդ, նրա խոսքով, անցած 6 տարիներին տեղի է ունեցել գնաճ` ընդհանուր առմամբ 38 տոկոս:

«Սպասարկման որակն է կարեւո՞ր, թե՞ 1200 կամ 900 հոգին: Ավելի լավ չէ՞ 900 հոգին 110 հազար դրամ աշխատավարձով սպասարկեն, քա՞ն 1300 հոգին` 50 հազարով: 50 հազարով ի՞նչ սպասարկում պիտի լինի», - ասաց Հովսեփյանը:

Ընկերության տնօրենի խոսքով` իրենք անցած չորս տարվա մեջ կատարել է մոտ 500 միլիոն դրամի ներդրում` բարելավելով տեխնիկական հնարավորությունները:

«Ես կուզեի, որ ավելի շատ խոսենք որակի մասին, մոնոպոլիան մենք չենք ստեղծել: Իմ կարծիքով` անվտանգությունը իրոք պետք է լինի մոնոպոլ վիճակում», - ասաց Հովսեփյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ 2007 թվականին «Հայռուսգազարդ»-ը ստիպված եղավ հրաժարվել սպասարկումից եւ այն փոխանցել «ԷյԻՋի սերվիս»-ին, ընկերության առաջին փոխտնօրեն Մկրտիչ Ջալալյանը ասաց, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դժգոհ էր «Հայռուսգազարդ»-ի աշխատանքից:

«Թերությունները մնում էին կոծկված, չկար շահերի բախում, եւ այդ իսկ պատճառով «Հայռուսգազարդ»-ը նշված ծառայության իրականացումը պատվիրեց «Էյ-Ի-Ջի սերվիս»-ին, որպեսզի առաջանա շահերի բախում», - ընդգծեց Ջալալյանը:

Ինչպես պարզ դարձավ ասուլիսի վերջում, «ԷյԻՋի սերվիս»-ի տնօրեն Աշոտ Հովսեփյանը 2001 թվականից մինչեւ 2011 թվականի հունվար ամիսը եղել է «Հայռուսգազարդ»-ի փոխտնօրեն: Իսկ մինչ այդ, 1997-2001 թվականներին աշխատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որն էլ ներկայում հաստատում է ընկերության առաջարկած սակագները:

please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG