Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության եւ իշխանական կոալիցիայի աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը կկայանա հուլիսի 26-ին Կառավարություն ընդունելությունների տանը:

«Այսօր զանգահարեց Դավիթ Հարությունյանը, իր հրավերով հանդիպեցինք Կառավարության ընդունելությունների տանը եւ պայմանավորվեցինք, որ բանակցությունները կտեղափոխվեն Կառավարության ընդունելության տուն», - «Ազատություն» ռադիոկայանին ուրբաթ օրը փոխանցեց ՀԱԿ-ի համակարգող, բանակցություններում Կոնգրեսի պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանը:

Իշխանության եւ ՀԱԿ-ի պատվիրակների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին: Եվ հանդիպման ընթացքում չէր հաջողվել ձեւավորել երկխոսության օրակարգը: Մոտ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը ընդամենը ներկայացրել էին իրենց տեսակետները երկխոսության վերաբերյալ:

Շաբաթասկզբին ՀԱԿ-ը հատուկ հայտարարությամբ որոշակի պահանջներ առաջադրեց երկխուսությունը շարունակելու համար:

Իշխանական կողմը արձագանքեց, թե պատրաստ է քննարկել այդ հարցերը:

Զուրաբյանը այսօր ասաց, որ հանդիպման վայրի փոփոխության մասին իրենց պահանջը իշխանությունն արդեն կատարել է:

Կոնգրեսը իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումներում կենտրոնանալու է արտահերթ ընտրությունների անցկացման հարցի վրա: Զուրաբյանի պնդմամբ, սակայն, ուժի մեջ են մնում այս տարվա մարտի 1-ի հանրահավաքի ելույթում Տեր-Պետրոսյանի` իշխանությանը ներկայացրած 15 պահանջները (զբաղեցրած պաշտոններից հեռացնել 10-ից ավելի պաշտոնյաների` վարչապետ Տիգրան Սարգսյանին, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, Կենտրոնական բանկի, Պետեկամուտների կոմիտեի նախագահներին, Գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին, ոստիկանապետին):

«Շատ ավելի կենտրոնացած ենք արտահերթ ընտրությունների խնդրի վրա: Բայց, բնական է, որ երբ այդ հարցը լուծվի, մյուս քայլը լինելու է ամբողջ ընտրական համակարգի վերափոխումը, նոր երաշխիքների ստեղծումը», - ասաց Զուրաբյանը:

Նա հավելեց, որ Կոնգրեսը հույս ունի հաջորդ հանդիպմանը ձեւավորել բանակցությունների օրակարգը:

Բանակցություններում իշխանական կողմը ներկայացնող պատվիրակության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը կարծում է, որ ամեն հերթական հանդիպման ժամանակ կկարողանան մեկ քայլ առաջ կատարել, սակայն դժվարանում է ասել, թե արդյոք պատվիրակություններին կհաջողվի օրակարգ ձեւավորել հաջորդ հանդիպման ժամանակ:

Մինչեւ սեպտեմբեր բանակցությունների անցկացման համար ընդդիմության սահմանած վերջնաժամկետը հնարավոր կլինի՞ համաձայնեցել արտահերթ ընտրությունների անցկացման հարցը. այս հարցադրմանը Հարությունյանը արձագանքեց. – «Ես չեմ կարծում, որ սեպտեմբերը իրականում վերջնաժամկետ է: Եվ դրա մասին ընդդիմությունը նշեց: Մենք պետք է փորձենք գալ այնպիսի արդյունքների, որոնք օգտակար են երկրին»:

Արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությանը վերաբերող հարցին Հարությունյանը պատասխանեց. - «Այս փուլում, իհարկե, ես չեմ տեսնում դրա համար համապատասխան հենք: Կարծում են, որ հենց դա էլ պետք է լինի քննարկման առարկա»:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG