Մատչելիության հղումներ

Ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը նվիրվում է Նարեկ Հախնազարյանի հաղթանակին


Թավջութակահար Նարեկ Հախնազարյան

Թավջութակահար Նարեկ Հախնազարյան

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը իր այս համերգաշրջանի եզրափակիչ համերգը նվիրում է երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանին` Չայկովսկու անվան միջազգային հեղինակավոր մրցույթում տոնած հաղթանակի կապակցությամբ:

Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը ավարտվող համեգաշրջանը բարձր է գնահատում` նշելով, որ նվագել են հիանալի երաժիշտների հետ, իսկ հուլիսի 24-ին համերգաշրջանը ամփոփում են տաղանդավոր թավջութակահարի հետ համերգով:

«Ասեմ, որ մենք այս տարի մինչեւ Չայկովսկու մրցույթը երկու անգամ փորձ ենք արել իրար հետ համերգ տալու համար, ժամանակի առումով չի հաջողվել: Չեմ ուզում` մտածեք Նարեկին հրավիրել ենք մրցույթի հաղթանակից հետո», - ասաց Պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:

22-ամյա Նարեկ Հախնազարյանը Հայաստանում չի բնակվում: Նա վերջին երկու տարիներին ապրել ու ուսանել է ԱՄՆ-ում, Բոստոն քաղաքում: Մինչ այդ նա ապրել է Մոսկվայում, սովորել Մոսկվայի կոնսերվատորիայում, մինչև 12 տարեկանը սովորել է Երեւանում` Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, ուր ստացել է թավ ջութակի առաջին դասերը Զարեհ Սարգսյանից:

Նարեկը երաժիշտների ընտանիքից է. հայրը հայտնի ջութակահար Սուրեն Հախնազարյանն է, մայրը` կրկին երաժիշտ Գայանե Հախնազարյանը: Հենց Նարեկի ընտանքին էլ ստիպել է նրան ընտրել թավջութակը:

«Մայրս ձեռքս բռնեց ու տարավ թավջութակի դասարան: Բոլորը դպրոցում ցնցված էին, որ երաժիշտների ընտանքից երեխան ընդունվում է թավջութակի, քանի որ թավջութակի ուղարկում էին, եթե երեխաները չէին հավաքում բալեր ջութակի կամ դաշնամուրի ընդունվելու համար», - ասաց Նարեկը:

Նարեկը «անցած խնդիր» է համարում իր եւ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Մարկ Գորենշտեյնի միջեւ առաջացած կոնֆլիկտը, երբ Գորենշտեյնը մրցույթի ժամանակ կայացած թավջութակահարների փորձերի ժամանակ վիրավորել էր Նարեկին` չիմանալով, որ փորձը հեռարձակվում է ուղիղ եթերում:

Նարեկը նշում է, որ շատ կցանկանար, որ ավելի մեծ թվով երիտասարդներ Հայաստանում հետաքրքրվեին թավջութակով ու նվագեին այդ գործիքը` համաձայնվելով այն դիտարկման հետ, որ Հայաստանում այսօր չկա թավջութակի դպրոց:
XS
SM
MD
LG