Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը հերքում է Գարեգին Բ-ին վերագրվող հայտարարությունը


Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը եւ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենր Վահրամ քահանա Մելիքյանը:

Մայր Աթոռ Սբ Էջմիածինը ուրբաթ օրը պաշտոնապես հերքեց վերջերս մամուլում եւ սոցիալական ցանցերում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին վերագրվող հայտարարությունը:

Սանահինի վանական համալիրը վերանորոգելու` հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հորդորներին Գարեգին Երկրորդը, ըստ շրջանառվող պնդումների, արձագանքել է. - «Լեռներում գտնվող վանքերի հետ ես գործ չունեմ»:

«Ես հերքում եմ, որ Վեհափառ Հայրապետը նման բան ասել է, առավել եւս` երբ բառացի է ներկայացվում պարոն Կարապետյանի կողմից այդ զրույցի որոշ մանրամասներ», - լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Մայր Աթոռ Սբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը` շարունակելով. - «Ես այստեղ ներկա եմ, որպես Վեհափառ Հայրապետի մամլո խոսնակ, հետեւաբար ձեզ փոխանցում եմ Ամենայն Հայոց կաթողիկոսի խոսքը եւ պնդումը»:

Ասուլիսին ներկա Սամվել Կարապետյանը լրագրողների խնդրանքով եւս մեկ անգամ ներկայացրեց 2006 թվականին իր, ճարտարապետ Արմեն Հախնազարյանի եւ Գարեգին Երկրորդի հանդիպման մանրամասները:

Սանահինի վանական համալիրը:

Հուշարձանագետի խոսքով, զրույցի ընթացքում ներկայացնելով կատարվող աշխատանքները` Կաթողիկոսը մասնավորապես ասել է, թե 84 օբյեկտ են կառուցում: Հանդիպման ավարտին դիմելով Վեհափառին` Հախնազարյանն ասել է, թե ըմբռնումով են մոտենում մի շարք բնակավայրերում նոր եկեղեցիներ կառուցելու անհրաժեշտությանը, սակայն խնդրել է, որ հնարավորինս ուշադրություն հատկացվի միջնադարյան հուշարձաններին` օրինակ բերելով Սանահինի վանքը:

«Վեհափառը խոժոռվեց ուղղակի», - շարունակեց Կարապետյանը, - «ձեռքը պարզեց եւ պարզած վիճակում ասաց` ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ: Այնուհետեւ շարունակեց` ես չեմ թողնի, որ Գեղարդի վրայից մի քար ընկնի, ես չեմ թողնի, որ Խոր Վիրապի վրայից մի քար ընկնի, եւ կրկնեց նույն խոսքը` ես էդ սարերի վրա եղած վանքերի հետ գործ չունեմ»:

Վահրամ քահանա Մելիքյանը, մինչդեռ, կասկած հայտնեց ասվածի իսկության կապակցությամբ` պարզաբանելով. - «Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սրտացավության, բայց մեղադրել Ամենայն Հայոց կաթողիկոսին պակաս սրտացավության մեջ, քան որեւէ այլ ոք, չեմ կարծում, որ պատշաճ է: 2006 թվականին տեղի ունեցած հանդիպումը, ցավոք սրտի, մեր լրատվամիջոցներում ուղղակի մեջբերումներով էր ներկայացվում: Ճիշտ է, պարոն Կարապետյանը նշում է, որ բառ առ բառ է վկայակոչում, բայց մի քիչ կասկածի եմ ենթարկում դա, որովհետեւ 80-ից ավելի այդ ժամանակ շինարարություններ ընթանում էին տարբեր սրբավայրերում եւ տարբեր այլ պատմական շինություններում, որոնք գտնվում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում եւ Մայր Աթոռից դուրս` Հայաստանում մեկ, բայց Վեհափառ Հայրապետը դրանք երբեք օբյեկտներ չի անվանում: Դա իր բառապաշարի մեջ չկա»:

Այնուհետեւ տեր Վահրամը շարունակեց. - «Առաջնահերթության խնդիրն էր, որ ներկայացվում էր: Եվ զրույցի շարունակությունը դա է փաստում: Այո, կան մեզանում առաջնահերթություններ, որոնց հիման վրա աշխատանքները իրականացվում են եւ հայթայթված միջոցները գործադրվում են»:

Նախօրեին «Արմինֆո» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հաղորդել էր, թե միայն վերջին տարում Մայր Աթոռ Սբ Էջմիածինը Հայաստանում ճապոնական «Տոյոտա» կոնցեռնի ներկայացուցիչ «Տոյոտա - Երեւան» ընկերությունից ձեռք է բերել 309 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ 7 ավտոմեքենա:

Այս կապակցությամբ Վահրամ քահանա Մելիքյանը ասաց. - «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկամուտները հետեւյալ կերպ են գոյանում. բյուջեի շուրջ 16-18 տոկոսը գոյանում է եկեղեցիներում իրականացվող մոմավաճառությունից, այն նվիրատվություններից, որ եկեղեցիներում գանձանակների մեջ ժողովրդի կողմից նետվում են, նաեւ` գրականության վաճառքից: Մնացյալ գումարը հայթայթվում է անհատ բարերարներից եւ ազգային կառույցներից, կազմակերպություններից»:

Կոնկրետ ավտոմեքենաների վերաբերյալ տեր Վահրամը նշեց. - «Երկու տարի առաջ ազգային բարերար Սամվել Կարապետյանի կողմից այդ մեքենաները նվիրաբերվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մայր Աթոռը ինքը այդ գնումները չի կատարել»:

Հարցին, թե որքանով է թափանցիկ եկեղեցու գործունեությունը եւ որքանով է Մայր Աթոռը հաշվետու հանրության առջեւ, Մելիքյանը պատասխանեց, որ Գերագույն հոգեւոր խորհրդում յուրաքանչուր տարի հրապարակվում է Մայր Աթոռի գործունեության (այդ թվում` ֆինանսական) հաշվետվությունը, որը հետագայում տպագրվում է «Էջմիածին» պաշտոնական ամսագրում:
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG