Մատչելիության հղումներ

logo-print

Հրազդանցիները խնդրում են կանխել երկաթահանքի շահագործումը


Բողոքի ցույց Հրազդանում` քաղաքին կից երկաթի հանքի մոտալուտ շահագործման դեմ, 31-ը մարտի, 2011թ.

Բողոքի ցույց Հրազդանում` քաղաքին կից երկաթի հանքի մոտալուտ շահագործման դեմ, 31-ը մարտի, 2011թ.

Մոտ 600 հրազդանցիներ նամակով դիմել են Հայաստանի ղեկավարությանը եւ Հանրային խորհրդին` խնդրելով կանխել Հրազդան քաղաքի անմիջական հարեւանությամբ գտնվող երկաթահանքի շահագործումը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Կարինե Դանիելյանը:

Այս տարվա սկզբին չինական Fortune Oil ընկերությունը հայկական «Նագին» կոչվող ընկերությունից, ըստ որոշ տեղեկությունների` 24 միլիոն դոլարով, ձեռք է բերել այդ թվում Հրազդանի երկաթահանքի բաժնետոմսերի գերակշիռ մասը եւ առաջիկայում պատրաստվում է շահագործել քաղաքին գրեթե կպած հանքավայրը: Հայաստանյան լրատվամիջոցները այդ գործարքի հետ կապված հիշատակում էին հանրապետական երկու պատգամավորների` Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի եւ նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Արզաքանցյանի անունները:

«Հրազդանի հետ կապված` իրոք մտահոգությունը մեծ է: Հրազդանի օդային ավազանը առանց այդ էլ աղտոտված է փոշով, եւ այստեղ կավելանա այդ փոշին, որը ուղղակի տոքսիկ փոշի է, որովհետեւ ծանր մետաղներ է պարունակելու ակնհայտորեն: Այնպես որ, այդ առումով քաղաքի համար վտանգը մեծ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կարինե Դանիելյանը:

«Մեծ է վտանգը նաեւ Հրազդան գետի համար», - շարունակեց բնապահպանը` մանրամասնելով. - «Որովհետեւ բավականին մոտ է գտնվում, եւ այստեղ լրացուցիչ աղտոտվածություն կլինի գետի` ծանր մետաղներով, եւ այստեղից գալիս է Արարատյան դաշտի աղտոտվածությունը եւ սննդամթերքի, որը մենք ստանում ենք այդ ջրով ոռոգելիս, եւ Երեւանի խմելու ջրի»:

«Մենք բացարձակ հաշվի չենք առնում, թե ինչ փոփոխություններ կարող են լինել ընդերքում, եւ այդ ջրային ռեսուրսների, տարբեր ուժերի հարաբերակցությունների ինչպես կարող է ռեժիմը փոխվել: Երեւանը կարող է կորցնել իր խմելու ջրի 40 տոկոսը, որովհետեւ այդ վայրում են ձեւավորվում այն աղբյուրները, որոնք սնում են Երեւանը», - ընդգծեց Կարինե Դանիելյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG