Մատչելիության հղումներ

Հայ - ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները ավարտվեցին


Հայ - ամերիկյան երկկողմ պաշտպանական խորհրդակցություններին մասնակցելու նպատակով հուլիսի 18-21-ը Վաշինգտոնում էր Հայաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:

Այցի սկզբում տեղի է ունեցել հանդիպում Միացյալ Նահանգների պաշտպանության քարտուղարի` քաղաքականության գծով տեղակալ Միշել Ֆլուրնոյի հետ: Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանը եւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Այնուհետեւ տեղի են ունեցել հայ - ամերիկյան պաշտպանական խորհրդակցությունները` Դավիթ Տոնոյանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի` միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Ալեքսանդր Վերշբոուի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սելեսթ Վոլանդերի համանախագահությամբ: Խորհրդակցությունների ժամանակ քննարկել են երկկողմ ռազմական համագործակցության մի շարք հարցեր, մասնավորապես` խաղաղապահ գործողություններին մասնակցության նպատակով համատեղ զորավարժությունների եւ վարժանքների անցկացումը, ռազմական կրթության, անձնակազմի կառավարման, ռազմական բժշկության, պրոֆեսիոնալ սերժանտական եւ ենթասպայական կազմերի վերապատրաստման ոլորտներին առնչվող ծրագրեր, նախանշել են հետագա համագործակցության նոր ուղիներ:

Խորհրդակցություններն անցել են ջերմ ու կառուցողական մթնոլորտում, կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել համագործակցության ոլորտները, հաղորդում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում Դավիթ Տոնոյանը հանդիպել է պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով նորանշանակ փոխտեղակալ Էրիկ Ռուբինի, ռազմաքաղաքական հարցերով տեղակալ Քուրթ Ամենդի, սպառնալիքի նվազեցման եւ արտահանման վերահսկման հարցերով փոխտեղակալ Էնն Գենզերի հետ: Քննարկվել են, մասնավորապես, ռազմական նշանակության արտադրանքի արտահանման վերահսկման, Հայաստանի զինված ուժերի` խաղաղապահ գործողություններին մասնակցության, ռազմական կրթության, մարդասիրական ականազերծման վերաբերյալ հարցեր: Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերի շուրջ:

Հայաստանի պատվիրակությունն այցելել է նաեւ Արլինգտոնի ազգային հուշահամալիր եւ ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշակոթողին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG