Մատչելիության հղումներ

Եվրամիությունը պատրաստ է ֆինանսապես աջակցել ղարաբաղյան կարգավորմանը


Շտեֆան Ֆյուլե
Շտեֆան Ֆյուլե
Եվրամիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում եւ պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել` կարգավորմանը նպաստելու եւ տարածաշրջանը վերականգնելու համար: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում ասել է Եվրամիության` ընդարձակման եւ Արեւելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:

«Այժմ մենք ավելի ու ավելի շատ գումարներ ենք ներդնում կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներում` լինի դա Մերձդնեստրում, թե Ղարաբաղում: Սակայն դա միայն առաջին քայլն է: Բրյուսելը կարող է ավելին անել, քանի որ այժմ Եվրամիության արտաքին գերատեսչության կարողությունները ընդարձակվել են, իսկ խնդիրը կարգավորելու ցանկությունն ու պատրաստակամությունը` մեծացել», - ընդգծել է հանձնակատարը:

Ֆյուլեի խոսքով, Եվրամիությունն արդեն իսկ շատ ակտիվ դերակատարություն է ստանձնել իր հարեւանությամբ գտնվող մեկ այլ հակամարտության` Մերձդնեստրի խնդիրը կարգավորելու հարցում, եւ պատրաստ է նույն քայլերը ձեռնարկել նաեւ Ղարաբաղի պարագայում: Հիշեցնենք` Մերձդնեստրի շուրջ բանակցություններն ընթանում են 5+2 ձեւաչափով, որտեղ երկուսը` Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները, հանդես են գալիս դիտորդի կարգավիճակով:

Ընդգծելով, որ Բրյուսելը պատրաստ է մեծացնել իր դերակատարությունը կարգավորման գործընթացում` Շտեֆան Ֆյուլեն միաժամանակ շեշտել է, որ գործող ձեւաչափի` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի փոփոխության հարց չի շրջանառվում. - «Չեմ կարծում` մենք գործ ունենք Մինսկի խմբի այս կամ այն անդամին փոխարինելու հետ: Կարծում եմ` այս փուլում կողմերը եւ Մինսկի խումբն է, որ պետք է պայմաններ ստեղծեն Եվրամիության առավել մեծ ներգրավվածության համար: Սակայն մեր կողմից կա պատրաստակամություն, ինչպես նաեւ կարողությունների ընդարձակման հնարավորություն»:

Եվրոպացի պաշտոնյայի խոսքով, մասնավորապես, այժմ եւ առաջիկայում Եվրամիությունը կարող է կողմերի միջեւ վստահությունը ամրապնդող միջոցառումներից բացի էական աջակցության փաթեթ պատրաստել, երբ կողմերը կգան վերջնական համաձայնության:

«Աջակցության այդ փաթեթը կներառի միջոցառումներ, որոնք կնպաստեն սոցիալական եւ տնտեսական զարգացմանը: Անհրաժեշտության դեպքում, Եվրամիությունը կարող է նաեւ վերականգնել ենթակառուցվածքները` որոշակի շրջաններ վերստին մյուս երկրների հետ կապելու համար: Աջակցության այս փաթեթը կարող է ամրապնդել նաեւ քաղաքացիական հասարակության եւ այլ ուժերի դերը, ինչը շատ օգտակար կարող է լինել հաշտեցման ճանապարհին», - մանրամասնել է Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատարը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG