Մատչելիության հղումներ

Լիբերալ կուսակցության նախագահ. «Արտահերթ ընտրությունները կդառնան արդարության վերականգնման սկիզբ»


Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների առաջին հանդիպումը, 18 հուլիս, 2011
Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մաս կազմող Հայաստանի լիբերալ եւ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունների համար առաջնահերթություն է երկրում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը:

Այս կուսակցությունների ղեկավարները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք հայտնեցին, թե խորհրդարանական ընտրությունները կարող են ավելի խորացնել քաղաքական ճգնաժամը: Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով իշխանության հետ երկխոսության շարունակության մասին, ասաց, թե ՀԱԿ-ում կա երկխոսությունը շարունակելու տրամադրություն, սակայն իրենց սահմանած վերջնաժամկետը մնում է ուժի մեջ, դրանից հետո ՀԱԿ-ը հաստատապես կփոխի իր մարտավարությունը:

Հիշեցնենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, որ եթե երկխոսությունը մինչեւ սեպտեմբեր արդյունք չտա, իրենք սպառված կհամարեն իշխանության հետ երկխոսելու հնարավորությունը:

«Մենք արդեն մշակում ենք, թե սեպտեմբերին ինչ քաղաքական ստրատեգիա պիտի ունենանք կամ մեր ամբողջ ստրատեգիան ինչպիսին պետք է լինի: Այնպես չէ, որ մենք սպասելու ենք, սեպտեմբերին նոր մշակենք», - ասաց Հովհաննիսյանը` հավելելով, թե ավելի կոշտ տակտիկա կունենան, եթե երկխոսության հնարավորությունը սպառվի. - «Այդ ժամանակ մենք արդեն ազատ կլինենք մեր գործողություններով, որովհետեւ էլ չենք կարող սպասել»:

Ըստ Հովհաննիսյանի` արտահերթ ընտրությունները կդառնան երկրում արդարության վերականգման սկիզբ, եւ եթե դրանք տեղի ունենան, ապա Հայաստանում կաբացառվեն քաղաքական ցնցումներն ու ընտրակեղծիքները: Հովհաննիսյանն ասում է, թե ՀԱԿ-ը չի ուզում գալ իշխանության, ուզում է, որ հասարակությունը որոշի առաջիկա հինգ տարիների համար իր խնդիրների լուծումը ում է վստահում, բայց իրենք հասարակության ցանկություններն ուզում են արտահերթ ընտրությունների միջոցով պարզել:

«Ի վերջո մի օր պիտի այդ հարցը լուծվի, հակառակ դեպքում այս պետությունը ապագա չունի», -կարծում է Հովհաննիսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ իշխանությունը գնաց երկխոսության, Հովհաննիսյանը պատասխանեց, թե իշխանությունը անելանելի իրավիճակում էր, պարտադրված էր դա անել, ռեսուրս չուներ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը վստահ է, որ երկխոսությունը առճակատումից նախընտրելի է: Նա ողջունում է երկխոսության գնալու ՀԱԿ-ի քայլը: Նա եւ Հովհաննես Հովհաննիսյանը թեեւ ընդգրկված չեն իշխանության հետ բանակցողների խմբում, բայց ասում են, թե մանրամասնորեն տեղեկացված են առաջին հանդիպման մասին:

Մակեյանը կասկածում է, թե իրենց ընդդիմախոսները կկարողանան հաղթահարել իշխանությունը սեփական կարիքներին, բիզնեսին ծառայեցնելու գայթակղությունը, բայց հույսն էլ չի կորցնում:

«Մենք ունենք փաստեր. մի կողմից գնում է երկխոսություն ՀԱԿ-ի հետ, մյուս կողմից Կոնգրեսի մաս կազմող կուսակցության կենտրոնական գրասենյակը շարունակում են առգրավել, այսինքն այսօր գնում է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության գրասենյակի առգրավման գործընթացը: Եվ երկրորդ կարեւոր փաստարկը` մեր այսօրվա վիճակի հիմնական պատճառը շարունակական կեղծված ընտրություններն են, եւ դրանց կնքահայրը վերջին ընտրություններին եղել է [ԿԸՀ նախագահ] Գարեգին Ազարյանը: Նրա վերընտրվելը նույն պաշտոնում, իմ կարծիքով, լուրջ ազդակ է, որ իշխանությունները դեռեւս հետին մտքում ունեն շարունակել այն գործելաոճը, որ եղել է վերջին 13 տարիներին», - ասաց Մակեյանը, ով կարծում է, որ անելանելի վիճակից զատ իշխանությունը փորձում է երկխոսության միջոցով «բարեփոխումների իմիտացիա» ստեղծել:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է ՀԱԿ-ը մասնակցում այդ «իմիտացիային», Մակեյանը պատասխանեց. - «Կոնգրեսը պետք է օգտագործի յուրաքանչուր հնարավորություն, որ կարող է բերել իշխանությունը անցնցում ժողովրդին հանձնելուն»:

Հավելենք, որ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեց, որ իշխանության հետ հաջորդ հանդիպման մասին իշխանական խմբի հետ դեռեւս չեն պայմանավորվել:
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG