Մատչելիության հղումներ

Ակսել Ֆիշերը ողջունում է Հայաստանում ծավալվող երկխոսությունը


ԵԽԽՎ-ի համազեկուցող Ակսել Ֆիշերի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 20-ը հուլիսի, 2011թ.

ԵԽԽՎ-ի համազեկուցող Ակսել Ֆիշերի հանդիպումը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, 20-ը հուլիսի, 2011թ.

Երեւան կատարած այցի ավարտին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի հարցով համազեկուցող Ակսել Ֆիշերը ողջունել է իշխող կոալիցիայի եւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի միջեւ ծավալվող երկխոսությունը:

ԵԽԽՎ-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության համաձայն` Ֆիշերը հույս է հայտնել, որ զուգահեռաբար կառուցողական երկխոսություն կկայանա նաեւ կոալիցիայի եւ խորհրդարանական ընդդիմության միջեւ:

«Ես շատ բավարարված եմ երկխոսության մեկնարկով, որը վաղուց Վեհաժողովի ցանկությունն էր եւ որը էական է Հայաստանում քաղաքական միջավայրի կարգավորման առումով: Կոչ եմ անում բոլոր կուսակցություններին` առավելագույն ճկունություն եւ բարեխղճություն դրսեւորել այն հաջողությամբ պսակելու համար», - հայտարարել է ԵԽԽՎ-ի համազեկուցողը:

Ֆիշերը նաեւ ընդգծել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կարեւորությունը երկրի ժողովրդավարական զարգացման տեսանկյունից` մասնավորապես, ասելով. - «Նոր Ընտրական օրենսգիրքը ամուր հիմք է տրամադրում ժողովրդավարական ընտրությունների համար, սակայն այն պետք է կիրառվի բարեխղճորեն, ոգուն եւ տառին համապատասխան»:

«Հանրությունը պետք է լիակատար վստահություն ունենա ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների նկատմամբ: Հետեւաբար, կոչ եմ անում բոլոր կուսակցություններին` ապահովել ընտրությունների ժողովրդավարական բնույթը եւ ձեռնպահ մնալ որեւէ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են սասանել այդ վստահությունը», - հայտարարել է համազեկուցողը:

Հուլիսի 19-21-ը այցի ընթացքում Ֆիշերը քննարկել է նաեւ 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների վերսկսված քննության, ինչպես նաեւ Վեհաժողովի կողմից առաջարկված, հատկապես` ոստիկանությանը եւ դատական համակարգին առնչվող բարեփոխումների ընթացքը, ասված է ԵԽԽՎ-ի հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG