Մատչելիության հղումներ

Պաշտոնանկություններ եւ ծառայողական քննություններ ոստիկանությունում


Հովհաննես Թամամյանը կալանավորվելու պահին, 24 մայիս, 2011
Հովհաննես Թամամյանը կալանավորվելու պահին, 24 մայիս, 2011
Ոստիկանության համակարգում վերջին օրերին մի շարք կադրային փոփոխություններ են կատարվել եւ ծառայողական քննություններ նշանակվել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոյանը, այդ պաշտոնանկությունները մեկնաբանելով, ասաց, թե ոստիկանությունում միշտ էլ կադրային փոփոխություններ եղել են, եւ այդտեղ որեւէ արտառոց բան չկա:

Հարցին, թե, մասնավորապես, Ոստիկանության Քրեական հետախուզության բաժնի պետ Եգոր Անտոնյանի պաշտոնականությունը որեւէ թերացումով էր պայմանավորվա՞ծ, Ահարոնյանը պատասխանեց. - «Ոստիկանության պետի հրամանով ազատվել է աշխատանքից, կադրերի ռեզերվում է: Ոստիկանության պետը կադրային քաղաքականության հարցում կաշկանդված չէ, եւ ես չեմ մեկնաբանում դա»:

Այսօր մամուլում տեղ գտած հրապարակման մասին էլ, որի համաձայն ծառայողական քննություն է նշանակվել ոստիկանության Շենգավիթի բաժնի քննիչների նկատմամբ, քանի որ վերջիննես ոստիկանության բաժին բերված մարմնավաճառների հետ կերուխում են արել, Ահարոնյանը ասաց, թե կարող է ընդամենը ասել, որ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շենգավիթի քննչական բաժնի աշխատակիցներից մեկի վերաբերյալ ծառայողական կարգապահության խախտման փաստով ծառայողական քննություն է սկսվել:

«Արդյունքի մասին ավելի ուշ կտեղեկացնենք», - ասաց Ահարոնյանը:

Երեկ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հրամանով պաշտոնից ազատվել է հանրությանը որպես «КПЗ» հայտնի Ձերբակալվածների ժամանակավոր պահման մեկուսարանի պետ Էդիկ Գալստյանը: Նրա նկատամամբ եւս ծառայողական քննություն է նշանակվել:

«Ծառայողական գործունեության հետ կապված ծառայողական քննություն կա Ներքին անվտանգության վարչությունում», -ասաց Ահարոնյանը` խոստանալով արդյունքների մասին տեղյակ պահել հանրությանը:

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի կալանքի ժամկետը եւս երկու ամսով երկարացնելու միջնորդությունը: Թամամյանը կալանավորվել էր այս տարվա մարտին եւ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետեւանքներ:

Այս ամենից բացի Հատուկ քննչական ծառայությունում մեկ շաբաթ առաջ հարուցված քրեական գործի քննության ընթացքում ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալ: Ըստ մեղադրանքի` Սիմոնյանը, աշխատելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում` որպես ավագ օպերլիազոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու դիմաց մի քաղաքացուց անձամբ ստացել է 500 դոլար կաշառք: Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Սիմոնյանի նկատմամբ` որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, եւ երեկ արդեն քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
please wait

No media source currently available

0:00 0:02:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG