Մատչելիության հղումներ

Սանահինի խնդիրը` ուշադրության կենտրոնում


Սանահինի վանական համալիրի ներկայիս տեսքը, լուսանկարը` «Չե'նք լռելու» հասարակական նախաձեռնության
Սանահինի վանական համալիրի ներկայիս տեսքը, լուսանկարը` «Չե'նք լռելու» հասարակական նախաձեռնության
Հինգշաբթի օրը կառավարության նիստում` մինչ օրակարգի ձեւավորումը, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը հետաքրքրվեց Սանահինի վանական համալիրի վիճակին առնչվող խնդրի լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումներով:

«Վերջին շրջանում հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել այս հարցը, եւ անհրաժեշտ է տալ պարզաբանումներ, թե մեր նախորդ տարվա Սանահին այցելությունից հետո ինչպիսի միջոցառումներ են իրականացվել», - ասաց վարչապետը:

Ապա ելույթ ունեցավ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` մասնավորապես, ասելով. - «Նախորդ տարի Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետն այցելեց Սանահին, ծանոթացավ առկա խնդիրներին, հրավիրվեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում տրվեցին հստակ հանձնարարականներ: Դրանց արդյունքում մշակույթի նախարարության կողմից մշակվել է միջոցառումների հստակ ժամանակացույց: Ելնելով այն հանգամանքից, որ վանական համալիրը 1999 թվականից գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում, խնդիրը պահանջում է հատուկ մոտեցում այն առումով, որ հուշարձանին ուղղված ցանկացած միջամտություն պետք է անցնի միջազգային փորձաքննություն»:

«Առաջին քայլը եղավ այն, որ Հայաստանի Հանրապետության պատմամշակութային հուշարձանների պահպանության հետազոտական կենտրոնը հրավիրեց մասնագետներ Բեռլինի բարձրագույն տեխնոլոգիաների ինստիտուտից, որոնք 3D սքան-լազերային տեխնոլոգիայով կատարեցին չափագրումներ` հաշվի առնելով համալիրի հարավային ճակատի արեւմտյան անկյան հատվածում առկա հիմնական ճաքը` պայմանավորված այն հանգամանքով, որ հենց այդ ճաքն է, որ առաջացնում է հիմնական խնդիրները հուշարձանների համար, բնականաբար, հարակից այլ խնդիրներին զուգահեռ», - հայտնեց նախարարը: - «Այդ գործողությունների արդյունքում արձանագրվեց իրավիճակը, որը ենթակա էր կրկնակի ստուգման 6-7 ամիս հետո` հասկանալու, թե ինչ դինամիկա ունի ճաքը եւ որ ուղղությամբ է այն զարգանում: Մայիս ամսին կատարվեցին կրկնակի ստուգումները, արդյունքներն այժմ ամփոփվում են եւ հայկական կողմին կտրամադրվեն մինչ սեպտեմբեր»:

«Զուգահեռաբար` պետական բյուջեի միջոցների հաշվին մենք նախատեսել ենք, որ Սանահինում մեկնարկելու են հնագիտական պեղումների աշխատանքները, քանի որ անհրաժեշտ էր ուսումնասիրել գրունտի վիճակը եւ հասկանալ, թե ինչ տեխնիկական խնդիրներ են առկա հուշարձանի հանույթի հետ կապված: Այս ամենի արդյունքում կկազմվի համալիրի վերականգնման նախագծի տեխնիկական առաջադրանքը, որը լուծելու է հուշարձանի հետ կապված բոլոր խնդիրները` ճաքի, գմբեթի, հուշարձանի երեք հատվածների խնդիրները, ինչպես նաեւ լուծում կտրվի Սանահինի տարածքում աճող բույսերը ֆիզիկաքիմիական նյութերով մշակելու խնդրին», - փոխանցել է մշակույթի նախարարը:

Հասմիկ Պողոսյանը փոխանցել է նաեւ, որ նախագծի համար 2011 թվականի պետական բյուջեով նախատեսվել է 6 միլիոն դրամ (շուրջ 16 հազար դոլար) գումար. - «Նախագծային առաջադրանքի հիման վրա կհայտարարվի բաց մրցույթ, եւ մենք ողջունելու ենք այն բոլոր մասնագետներին, որոնք կգան, կմասնակցեն այդ մրցույթին: Նախագիծը կկազմվի եւ 2012 թվականից կրկին, արդեն ՄԺԾԾ-ով հաստատված 90 միլիոն դրամ գումարի շրջանակներում, մենք սկսելու ենք իրականացնել վերականգնման աշխատանքները։ Բնականաբար, մինչ այդ մշակված նախագիծն անպայման պետք է անցնի փորձաքննություն` ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաստատված չափանիշների»:

Նախարարը հիշեցրեց նաեւ Հայաստանի վարչապետի երկրորդ հանձնարարականը. - «Երբ 1998 թվականին հուշարձանը սեփականության իրավունքով հանձնվել էր Հայ Առաքելական եկեղեցուն, փաստաթղթային ձեւակերպումները չէին կատարվել եւ ըստ էության, մենք նաեւ 2011 թվականի ընթացքում սեփականության իրավունքով համապատասխան փաստաթղթերով հուշարձանը հանձնեցինք Հայ Առաքելական եկեղեցուն»:

Տիգրան Սարգսյանի հարցին` «գերմանացի մասնագետների եզրակացությամբ ի՞նչ-որ վտանգ սպառնում է համալիրին», Հասմիկ Պողոսյանը պատասխանեց. - «Հարցին, թե ճաքը զուտ կոնստրուկտորական իմաստով ինչ դինամիկա ունի, այսինքն` աճում է այն, թե ոչ, պատասխան կտա երկրորդ այդ հսկիչ հետազոտությունը: Նախնական տվյալներով` այնքան ճաքի մեջ չի խնդիրը, որքան ճաքի հիմքերի մեջ, այսինքն` ենթադրվում է, որ դրա համար մենք այդ հնագիտական հետազոտություններն ենք կատարում, որ հասկանանք, թե ինչքան խորն է այդ ճաքը գնում: Ենթադրվում է, որ ճաքը նստած է այն հատվածների վրա, որտեղ կան սողանքներ, եւ դա է առաջացնում հիմնական խնդիրը։ Համապարփակ այդ եզրակացությունը կլինի երկու վերջնական հետազոտությունների հիման վրա։ Սեպտեմբերին մենք կունենանք այդ վերջնական եզրակացությունը»:

Վարչապետը նախարարին հանձնարարեց հարցը պահել ուշադրության կենտրոնում եւ աշխատանքների ընթացքի վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներին հետաքրքրող հարցերին մշտապես պարզաբանումներ տալ:

«Մենք ըստ ժամանակացույցի բոլոր աշխատանքները կատարում ենք եւ գործ ունենք նաեւ արտասահմանցի մասնագետների հետ, որոնք շատ ճշգրիտ են իրենց պարտավորությունների նկատմամբ», - վստահեցրեց Հասմիկ Պողոսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG