Մատչելիության հղումներ

Տնտեսագետը մտահոգիչ է համարում ԱՎԾ-ի վերջին տվյալները


Բագրատ Ասատրյան
Բագրատ Ասատրյան
Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «խիստ մտահոգիչ» է բնութագրում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) հրապարակած թվերը:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների` այս հունիսին նախորդ հունիսի համեմատ Հայաստանի տնտեսության ակտիվության աճը կազմել է 2.3 տոկոս, մինչդեռ այս մայիսին նախորդ մայիսի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել էր մոտ 10 տոկոսով: Այսինքն մայիսի տվյալների համեմատ` հունիսին տնտեսական ակտիվության աճը դանդաղել է ավելի քան 4 անգամ:

«Սա նշանակում է, որ տնտեսական ակտիվության էական անկման հետ գործ ունենք, որը արդեն երկնիշ էր 5 ամիսների արդյունքում եւ եկավ հունիսը, որը մեր տնտեսության համար որոշիչ ամիսներից է: Օրինակ, նախորդ տարվա ցուցանիշի համաձայն` հիմնականում տնտեսական աճը ձեւավերվել էր այս ամիսների ընթացքում տեղի ունեցած զարգացումների արդյունքում: Պետք է արձանագրենք, որ այս փաստը առնվազն անհանգստացնող պետք է լինի, սա նշանակում է, որ չկա մեխանիզմ, այն, ինչով ոգեւորում էին տարեսկզբից, սա իրականությունից հեռու է», - հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ասատրյանը:

Տնտեսագետի խոսքով` ընդհանրապես Հայաստանի տնտեսությունը շատ ռիսկային է, եւ թվերի կտրուկ տատանումը հենց դա է նշանակում:

«Ես, երբ անգամ մենք ամիս ամսվա վրա աճ ենք ունենում, ոչ թե ոգեւորվում եմ, այլ` անհանգստանում, օրինակ, ասենք արդյունաբերության հետ տեղի ունեցածը ի՞նչ է նշանակում` մի ամսվա ընթացքում 20-25-30 տոկոս աճ: Եթե երկնիշ աճ է այն պայմաններում, երբ ընդհանրապես տնտեսական աճը 2-3 տոկոսով է չափվում, ես կարծում եմ` սա կամ պատահականության հետեւանք է, կամ էլ աճպարարության», - ասաց Ասատրյանը:

Համաձայն ԱՎԾ հրապարակած տվյալների` այս հունիսին նախորդ հունիսի համեմատ շինարարության ծավալները հանրապետությունում կրճատվել են ավելի քան 30 տոկոսով: Ըստ Բագրատ Ասատրյանի` բազմաթիվ երկրներում շինարարության ոլորտում առկա վիճակը համարվում է ընդհանուր տնտեսությունում գոյություն ունեցող իրավիճակի կարեւոր ցուցիչ, քանի որ եթե տնտեսության վիճակը լավ է, եւ մարդիկ կարողանում են գումար աշխատել, նրանք սկսում են անշարժ գույք ձեռք բերել: Ասատրյանի խոսքով` անկումը Հայաստանի շինարարության ոլորտում չի կարող լավ բանի մասին խոսել ողջ տնտեսության մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Էկոնոմիկայի նախարարության Տնտեսական զարգացման քաղաքականության վարչության պետ Արտակ Բաղդասարյանը, մեկնաբանելով տնտեսական ակտիվության նման կտրուկ անկումը, ասաց, թե պետք է նկատի ունենալ այն, որ նախորդ մայիսին տնտեսության բազան կամ ծավալը ավելի փոքր էր, քան նախորդ տարվա հունիսին: Ըստ Բաղդասարյանի` այդ պատճառով այս տարվա մայիսին, երբ գրանցվեց տնտեսության ակտվիության աճ, նախորդ մայիսի համեմատ այդ ակտվիությունը ավելի մեծ եղավ, քան հունիսին` անցած տարվա հունիսի համեմատ: Բաղդասարյանը ընդգծեց, թե սա կարող է պատճառներից միայն մեկը լինել:

«Մենք հիմա կիսամյակային տվյալների հիման վրա վերլուծում ենք, հետազոտում ենք տնտեսությունը եւ ավելի խորքային մեկնաբանություն կներկայացնենք հանրությանը», - ասաց Բաղդասարյանը:

Նա նաեւ անդրադարձավ շինարարության ոլորտում տեղի ունեցած անկմանը. - «Նախկինում, երբ տնտեսական աճի հիմնական շարժիչը շինարարությունն էր, մենք այդտեղ փորձում էինք կառուցվածքային տեղաշարժերի միջոցով հասնել նրան, որպեսզի աճը ապահովենք առավելապես արտահանելի ճյուղերի հաշվին: Այս առումով կարծես թե շինարարությունը լիարժեք չի վերականգվում ճգնաժամից հետո, բայց այդ ցուցանիշով ես հետեւություն չէի անի տնտեսության ընդհանուր վիճակի հետ կապված, քանի որ մենք կառուցվածքային տեղաշարժի հետ գործ ունենք»:
please wait

No media source currently available

0:00 0:05:07 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG