Մատչելիության հղումներ

Օպերլիազորը կաշառառության մեղադրանքով կկանգնի դատարան առջեւ


Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում մեկ շաբաթ առաջ հարուցված քրեական գործի քննության ընթացքում ոստիկանության ավագ լեյտենանտ Ստեփան Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով («պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը»)՝ այն բանի համար, որ նա, աշխատելով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում որպես ավագ օպերլիազոր, հանդիսանալով պաշտոնատար անձ, կաշառք տվողի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ չկատարելու դիմաց մի քաղաքացուց անձամբ ստացել է 500 դոլար կաշառք:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն` Սիմոնյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, եւ երեկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը պատժվում է խոշոր տուգանքով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից առավելագույնը երեք տարի ժամկետով զրկելով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG