Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արտագաղթի են հանգեցնում կոռուպցիան եւ բյուրոկրատիան


Ռուսաստանում կոռուպցիան եւ բյուրոկրատիան հանգեցնում են երկրից երիտասարդ կադրերի մեծ արտահոսքի: Խորհրդային Միության փլուզումից ի վեր Ռուսաստանից արտագաղթի ամենամեծ տեմպերն են այժմ արձանագրվում: Այդ մասին գրում է հեղինակավոր Time պարբերականը` համադրելով պաշտոնական վիճակագրական տվյալները:

Ըստ այդ տվյալների՝ վերջին երեք տարիներին Ռուսաստանից արտասահման է գաղթել շուրջ 1 միլիոն 250 հազար մարդ, ինչը մեկ քառորդով ավելի է խորհրդային կայսրության փլուզմանը հաջորդած առաջին տարիներին արձանագրված ցուցանիշներից, երբ երկիրը խիստ ծանր վիճակում էր: Ընդ որում, արտագաղթողները հիմնականում երիտասարդներ են` երիտասարդ ձեռներեցներ եւ միջին խավի ներկայացուցիչներ:

«Այսօր Ռուսաստանում կայունություն է, երկիրը ծաղկում է, սակայն հատկապես մանր ձեռնարկատերերը իրենց ապահով չեն զգում», - իր ուսումնասիրությունների արդյունքում եզրակացրել է պարբերականը:

Ընդ որում, մանր ու միջին բիզնեսով զբաղվողներին մտահոգում է ոչ թե մրցակցությանը չդիմանալու կամ սնանկանալու հեռանկարը, այլ կոռումպացված պաշտոնյաների այցերն ու ստուգումները, որոնք կաշառք են պահանջում կամ առաջարկում են բիզնեսի համար «տանիք» դառնալ՝ կոնկրետ գումարի դիմաց:

Միայն 2010 թվականին ռուս ձեռներեցները իրենց «անվտանգությունն ապահովելու» համար իշխանություններին վճարել են 581 միլիոն դոլար կաշառք, ինչը 13 անգամ ավելի է 2005 թվականի ցուցանիշից, գրում է Time-ը: Իսկ նրանք, ովքեր հրաժարվում են վճարել «տանիք» ունենալու համար, չեն կարող ազատվել հարկային մարմինների աշխատակիցների, ոստիկանների ու հրշեջ ծառայության ներկայացուցիչների չդադարող ստուգումներից: Ստուգումներն էլ սովորաբար ավարտվում են տուգանքներով: Եթե ձեռներեցը շարունակում է հրաժարվել համագործակցությունից՝ նրա դեմ որեւէ քրեական գործ է հարուցվում: Իսկ ամենահամառ բիզնեսմենների նկատմամբ արհեստական պատրվակներով կիրառվում է «իրավապահների ներխուժման» կամ «մասկի շոուի» պրակտիկան:

Time-ը վկայակոչում է մի շարք փաստեր, այդ թվում ձմռանը ռուսաստանյան առաջատար «Ագավա» ընկերության հետ կատարվածը, երբ ոստիկանության աշխատակիցները, մտնելով գրասենյակ, պահանջել էին դադարեցնել ընկերությանը պատկանող կայքի գործունեությունը` այն պատճառաբանությամբ, թե կայքի սերվերում կան հանցագործության հետ կապ ունեցող նյութեր:

«Նման նախադեպերը հանգեցնում են մտահոգությունների, ինչի հետեւանքով ձեռներեցներից շատերը իրենց ընկերությունների սերվերները արտերկրում են տեղադրում», - նկատում է պարբերականը:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման` հունիսի 10-ին հրապարակած արդյունքների համաձայն, երկիրը ցանկանում է լքել ռուսաստանցիների 21 տոկոսը, ինչը 5 տոկոսով գերազանցում է 1991 թվականի ցուցանիշը, երբ փլուզվեց Խորհրդային Միությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG