Մատչելիության հղումներ

Հուլիսի 21-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը հարցնում է. - «Ինչո՞ւ են մեր երիտասարդները նախընտրում ողջ օրը «լռվել» ինտերնետում, «Ֆեյսբուքում» անպտուղ բանավեճեր ծավալել, տարբեր սոցիալական շարժումներ ձեւավորել: Այս շարժումներից մեկի ակտիվիստը դա բացատրում է նրանով, որ դեպի քաղաքականություն ձգտող երիտասարդները, որպես կանոն, կարիերիստներ են, իսկ քաղաքականությամբ զբաղվելն ինքնին վարկաբեկված է, ուստի չեն ուզում մտնել այդ դաշտ եւ մեղադրվել համահայկական աթոռակռվին մասնակցելու մեջ: Սակայն սոցիալական շարժումների պատմությունն ասում է, որ դրանք ի վերջո կամ մարելու են, կամ քաղաքականացվելու, քանի որ բոլոր հարցերի լուծման բանալին մեծ քաղաքականության մեջ է»:

Lragir.am-ը գրում է. - «Հասարակական-քաղաքական կյանքում աստիճանաբար «բուքմեյքերական» հարց է դառնում արտահերթ ընտրության խնդիրը` կլինի ընտրություն սեպտեմբերին, թե չի լինի: Ընդ որում, այդ խնդրում բավական զգալի է նաեւ հոգեբանական գործոնը: Ինչպես հայտնի է, Հայ ազգային կոնգրեսը հարցը դնում է հետեւյալ կերպ. կամ իշխանությունը կողմնորոշվում է մինչեւ սեպտեմբեր, կամ սեպտեմբերից հետո երկխոսությունը համարվում է սպառված, եւ գալիս է ջրբաժանի ժամանակը: Մինչդեռ երկրում լեգիտիմ իշխանության ձեւավորումը կարեւորագույն խնդիր է, բայց ոչ պակաս կարեւոր է այդ լեգիտիմ իշխանության ձեւավորման ճանապարհի սահմանադրականությունը, դրա ամեն մետրի համապատասխանությունը Սահմանադրությանն ու օրենքներին, որովհետեւ լեգիտիմ, բայց ոչ օրինական իշխանությունն ամենեւին էլ «գիտությանն անհայտ գազանի» տարբերակ չէ: Մինչդեռ իրադարձությունների որոշակի զարգացման պարագայում կա վտանգ, որ արտահերթ ընտրությունը Հայաստանում կարող է ընդամենը լեգիտիմացնել անօրինական իշխանությունը: Ահա թե ինչու ժամկետից, եւ գուցե հերթականից կամ արտահերթից ավելի կարեւոր են կանոնները, որոնցով պետք է անցնի ընտրությունը»:

«Առավոտ»-ի հետ զրույցում «Սարդարապատ» նախաձեռնության անդամ, արվեստագետ Տիգրան Խզմալյանը ասում է. - «Իշխանություն - ՀԱԿ երկխոսությունը Հայաստանի Հանրապետության, Արցախի, Ջավախքի, ինչպես նաեւ Սփյուռքի հայության իրական կյանքին չի առնչվում: Մարդիկ գոյատեւում են իրենց հանապազօրյա հոգսերով, իրենք էլ երկխոսում են: Դա չի ներկայացնում ո'չ հասարակությանը, ո'չ ժողովրդին, ո'չ էլ իրական ընդդիմությանը: Ընդդիմությունը հիմա ժողովուրդն է, քանակական առումով` Հայաստանի բնակչության մոտ 98 տոկոսը: Հավաքարարներից մինչեւ ուսուցիչներ, ոստիկաններ, անգամ որոշ պաշտոնյաներ. բոլորը հասկանում են, որ մենք ապրում ենք մի խայտառակ եւ սարսափելի իրողության մեջ, եւ այն ելքերը, որ փորձում են առաջարկել իշխանություն կամ ընդդիմություն կոչվածները, որեւէ հույս, հավատ չեն ներշնչում: Որովհետեւ դրանք մեր իրական կյանքը եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները չեն արտացոլում»:

Իսկ հրապարակախոս, արվեստագետ Արա Նեդոլյանին «Ժամանակ»-ի լրագրողը հարցնում է. - «Ըստ էության պատմության մեջ առաջին անգամ ամբողջ տարածաշրջանում տեղի է ունենում իշխանություն եւ ընդդիմություն երկխոսություն, ինչը բնավ միանշանակ չի ընդունվում հասարակության կողմից»: Պատասխան. - «Այս երկխոսությունը հարկադրված, ուրույն երեւույթ է քաղաքական մշակույթում, քանի որ երբ գործում է ընտրություններով իշխանություն ձեւավորելու մեխանիզմը, ինչպես, օրինակ, Թուրքիայում, նման երկխոսության կարիք բնավ չի առաջանում: Իսկ երբ չի գործում, ինչպես արաբական աշխարհում կամ հետսովետական տարածքում, ապա գործը հասնում է ապստամբաառճակատային զարգացումներին: Հայաստանի դեպքը այստեղ իսկապես որ արդիականության մեջ ուրույն է, հիշեցնում է ԽՍՀՄ փլուզման փուլում սոցիալիստական ճամբարի բռնապետության ապամոնտաժման պրոցեսը: Տարօրինակ կարծիք է հայտնվում, որ սա երկխոսություն չէ, քանի որ ընդդիմությանը չի հետաքրքրում իշխանության կարծիքը կյանքի մասին, բնավ չի հետաքրքրում, հետաքրքրում է բռնազավթված իշխանությունը խաղաղ հանձնելու մեխանիզմի մշակումը»:

«Երկիր»-ը գրում է. - «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի հետ կապված` Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված իր երկրի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձն ու առաջարկությունները անձամբ Երեւան էր բերել հուլիսի 8-ին: Նրա այցից ընդամենը մեկ շաբաթ անց Ադրբեջանը իր պատասխանը ուղարկեց Մոսկվա, մինչդեռ պաշտոնական Երեւանը հայտարարեց, թե իր պատասխանն ուղարկելու է մոտակա ժամանակները: Այն փաստը, որ Բաքուն գործնականում որեւէ խնդիր չունեցավ արագ արձագանքելու հարցում, իսկ Հայաստանը իր քայլը անորոշ ժամանակով ձգձգում է, ցույց է տալիս, որ Մեդվեդեւի առաջարկները հիմնականում հենց Երեւանի համար են անընդունելի կամ ոչ շահեկան եղել: Եթե դրան էլ ավելացնենք այն նյարդային պահվածքը, որով Երեւանը սկսել է բանակցությունների որոշակի քողազերծման գործընթացը` համաձայնությունների ձեռք բերման պատասխանատվությունը Ադրբեջանի վրա գցելու ակնհայտ փորձերով համեմված, ապա Երեւանի նկատմամբ ռուսական ճնշումների առկայությունը դառնում է ավելի որոշակի»:
please wait

No media source currently available

0:00 0:04:43 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG