Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը միգրացիայի հարցերով խորհրդակցություն է հրավիրել


Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Լուսանկարը` նախագահի մամլո գրասենյակի
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված միգրացիոն քաղաքականությանը, որտեղ քննարկվել են միգրացիոն հոսքերի հետ կապված առկա միտումներն ու կառավարության քաղաքականությունն այդ բնագավառում:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` խորհրդակցությանը մասնակցել են վարչապետ Տիգրան Սարգսյանը, փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը եւ Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը:

Նախագահը նախ ուշադրություն է հրավիրել ոլորտի խնդիրների հանրային ներկայացման կարեւորության վրա` ասելով. - «Եթե մենք պատշաճ ուշադրություն չենք դարձնում թվերի ու միտումների պարբերական հրապարակային մեկնաբանությանը, ապա կիսատ-պռատ եզրակացությունների ու մակերեսային վերլուծությունների միջոցով բավականին ակտիվ շահարկումներն ուղղակի անխուսափելի են դառնում»:

Իբրեւ թարմ օրինակ` նա նշել է, որ հունվար-ապրիլ ամիսների ուղեւորափոխադրման ցուցանիշների հրապարակումից հետո «Հայաստանը չորս ամսում լքել է 45 հազար մարդ» արտահայտությունն «ուղղակի դարձավ առանձին շրջանակների լոզունգը, որը սեւ գույներով լիուլի շահարկվեց»:

«Օրինակ, ոչ ոք չհայտարարեց, որ եթե առաջին չորս ամիսներին Հայաստանից մեկնողների եւ Հայաստան վերադարձողների թվաքանակի տարբերությունը կազմել է անընդհատ կրկնվող 45 հազարը, կամ ինչպես ոմանք են ասում` Հայաստանը լքել է 45 հազար մարդ, ապա եթե որեւէ մեկը նեղություն կրեր դիտարկել այս ցուցանիշի դինամիկան ամսական կամ եռամսյակային կտրվածքներով, ապա կարող էր հեշտությամբ նկատել, որ այս տարի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արդեն հակառակ պատկերը կլինի, եւ Հայաստան վերադարձողների ու Հայաստանից մեկնածների` տարբերությունը կգերազանցի 40 հազարը, կամ, այսպես ասած, Հայաստանը լքածներից 40 հազարը կվերադառնա», - ասել է նախագահը:

«Հայաստանը դատարկվելու մասին անհեթեթ թեզն այնքան է ծեծվել մեր քաղաքական դաշտում, որ ակամա դարձել է նաեւ Ադրբեջանի իշխանությունների հիմնական «իդեաֆիքսը», եւ վերջիններն էլ անընդհատ հրապարակավ հայտարարում են, թե կսպասեն այդ օրվան, այսինքն՝ Հայաստանը դատարկվելու օրվան, եւ իրենց խնդիրները մեզ հետ կլուծեն», - ընդգծել է Սերժ Սարգսյանը: - «Ավելին, վերջին ամիսների աժիոտաժի ֆոնին ադրբեջանցիները նաեւ եզրակացության են եկել, թե իբր ես ներքին ընդդիմության հետ բանավեճի պատճառով է, որ ուշադրություն շեղելու համար զբաղվում եմ բանակի ուժեղացման խնդիրներով: Կարող եմ միայն ասել, որ ազատ արտահայտվող ու երկրի զարգացման խնդիրների շուրջ մտահոգություններ հնչեցնող եւ սուր քննադատող ընդդիմությունը մեր երկրի ու մեր ժողովրդավարության ձեռքբերումն է, որը բոլորին չէ, որ տրված է: Չնայած չեմ սիրում խոսել ֆանտաստիկ երեւույթների մասին, բայց պիտի նշեմ, որ եթե երբեւէ Ադրբեջանում թույլ տան նորմալ ընդդիմության գոյություն, կամ գոնե մարդկանց թույլատրեն ազատ արտահայտել իրենց կարծիքները, ապա միեւնույն է, չեմ կարծում, թե մենք կկառուցեինք մեր ռազմավարությունը ադրբեջանական ընդդիմության թեզերով: Ընդդիմության հետ աշխատանքի փորձ ունեցող իշխանությունը միայն կհասկանա սա»:

Նախագահի խոսքով, արտագաղթը եւ միգրացիոն գործընթացները Հայաստանում համընդհանուր հետաքրքրությունների եւ մտահոգության առարկա են: Բոլորն էլ լավ գիտեն, որ Հայաստանում միգրացիայի վերաբերյալ վիճակագրության պակաս կամ տվյալների հավաքագրման թերացումներ կան, որոնք թույլ չեն տալիս կարճաժամկետ հատվածի համար պարբերաբար եւ ճշգրիտ պատկերացումներ կազմել իրավիճակի եւ զարգացումների մասին:

«Հայաստանից արտագաղթի եւ մշտական բնակչության մասին ճշգրիտ տվյալները հասանելի կարող են լինել մարդահամարի արդյունքում, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են, եւ մենք արդյունքները կունենանք 2012 թվականի փետրվարի վերջին: Իսկ մինչ այդ եզրակացությունների համար կարող ենք դիմել երկրի արտաքին ուղեւորափոխադրումների մասին վիճակագրությանը: Տարվա ընթացքում երկիր ժամանած եւ երկրից մեկնած ուղեւորների տվյալները եւ հատկապես դրանց մնացորդը միայն կարող են հուշել միգրացիայի մասին, թեեւ այս տվյալները վերաբերում են բոլոր հնարավոր պատճառներով ուղեւորաշարժին», - ասել է Սերժ Սարգսյանը եւ շարունակել. - «Վերջին տարիների ընթացքում զգալիորեն աճել է ուղեւորափոխադրումների ծավալը: Սա դրական իրողություն է, որը նշանակում է, որ ակտիվացել է թե՛ Հայաստանի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրվածությունը, եւ թե՛ մեր հայրենակիցների արտաքին գործարար եւ անձնական կապերն ու ինտեգրվածությունը: Եթե 2000 թվականին բնակչության ընդհանուր շարժը կազմել է ընդամենը 857 հազար մարդ, 2007-ին այն կազմել է մոտ 2.5 միլիոն, իսկ արդեն 2010-ին` 3.5 միլիոն մարդ: Այսինքն, վերջին տարիներին Հայաստան մուտք գործած եւ Հայաստանից դուրս եկած մարդկանց թվաքանակը փոքր-ինչ ավելի է եղել Հայաստանի մշտական բնակչության համեմատ: Այս միտումը, նախ, խոսում է երկրի եւ հասարակության ընդհանուր զարգացումների մասին, մասնավորապես՝ գործարար կապերի, մշակութային, գիտական, կրթական, տուրիստական եւ անհատական կապերի ու հարաբերությունների կտրուկ աճի եւ ընդլայնման մասին, որոնց հիմքում, ինչ խոսք, նաեւ տնտեսական հնարավորություններն են: Ընդ որում, մարդկանց ելքի ու մուտքի շարժերն ավելացել են թե՛ օդային, թե՛ երկաթուղային, եւ թե՛ ավտոմոբլիային տրանսպորտի միջոցով»:

«Բնակչության ուղեւորափոխադրումները տարվա ընթացքում ունեն խիստ արտահայտված սեզոնային բնույթ, որը գրեթե նույնությամբ պահպանվում է վերջին տասը տարիների ընթացքում: Հունվար-մայիս ամիսներին մեկնողների թվաքանակը գերազանցում է ժամանողներին, հունիսին ժամանողների թվաքանականը մեծ է, ամառային մյուս ամիսներին եւ սեպտեմբերին մեկնողների թվաքանակն է մեծ, իսկ տարեվերջին` հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, կրկին խիստ մեծ է ժամանողների թվաքանակը», - նշել է նախագահը` հավելելով. - «Այսինքն, արձանագրված միտումները համապատասխանում են մեր այն պատկերացումներին, որ տարվա սկզբին մեր բնակչության մի հատված մեկնում է արտագնա աշխատանքի հիմնականում ԱՊՀ-ի երկրներ եւ վերադառնում տարեվերջին: Ամառային սեզոնի սկզբին մեծանում է զբոսաշրջիկների մուտքը Հայաստան, իսկ ամառվա վերջին` մեկնումը: Այս պատկերը լիովին հիմնավորվում է առկա վիճակագրությամբ»:

«Մեզ անհանգստացնող հիմնական թեման մեկնողների եւ ժամանողների բացասական տարբերությունն է, այսինքն` տարվա ընթացքում ավելի շատ մարդ մեկնում է, քան վերադառնում: Այս միտումը մշտապես առկա է եղել անկախությունից ի վեր եւ այսօր պետք է դառնա մեր առավել մեծ ուշադրության եւ իրականացվող քաղաքականության առարկան: 2000 թվականին Հայաստան չեն վերադարձել մոտավորապես 57 հազար մարդ, 2001-ին` 60 հազար մարդ, այնուհետ այն փոքրացել է եւ արդեն 2004-2006 թվականներին գրանցվել դրական հաշվեկշիռ: Վերջին տարիների ընթացքում Հայաստան չվերադարձածների թվաքանակը կազել է 23-29 հազար մարդ», - ասել է նախագահը:

Ինչ վերաբերում է 2011-ի առաջին կիսամյակի տվյալներին, ապա, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանից մեկնողների թվաքանակն առաջին 6 ամիսներին 67 հազար մարդով գերազանցել է ժամանողներինը: «Սա որեւէ նոր միտում չի ենթադրում եւ ամբողջությամբ համապատասխանում է անցած տարիների միտումներին, սակայն այն գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը: Դա հիմնականում պետք է բացատրել այն հանգամանքով, որ համաշխահային տնտեսությունը հաղթահարել է ճգնաժամի հետեւանքները, եւ, մասնավորապես, Ռուսաստանում տնտեսության վերականգնմանը զուգընթաց, Հայաստանից վերսկսվել է եւ տեղի ունի աշխատանքային միգրացիայի տեմպերի աշխուժացում: Հետեւաբար 2011-ին պետք է ակնկալել արտագնա աշխատանքից նաեւ բնակչության եկամուտների աճ», - ասել է նախագահը:

«Այդուհանդերձ, Հայաստանից դուրս, օտար ափերում հաջողություններ փնտրողների թվաքանակը պետք է համարել մեծ, եւ մենք պետք է, իհարկե, լուրջ անհանգստանանք այս խնդիրներով ու բազմապատկենք մեր ջանքերը բարեփոխումների արագացման գործում: Միակ գործոնը, որ կարող է իսպառ բացառել Հայաստանից մեկնողների ու ժամանողների թվաքանակի բացասական տարբերությունը` մեր երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, ինչպիսի պայմանների համար մարդիկ հեռանում են երկրից: Այլ ճանապարհ չկա: Իսկ մինչ այդ, բնականաբար, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք այդ ընթացքը կասեցնելու ուղղությամբ: Գիտեմ, որ այս ուղղություններով բազմաթիվ ծրագրեր են մշակվում: Այսօր հենց դրա համար ենք հավաքվել, որպեսզի քննարկենք առկա խնդիրները եւ մեր առաջիկա քայլերը» , - ասել է Սերժ Սարգսյանը:

Տիգրան Սարգսյանը զեկուցել է կառավարության կողմից պետական հայեցակարգի շրջանակներում իրականացվող աշխատանքների եւ նախատեսված ծրագրերի մասին, այդ թվում` միգրացիոն ծառայության 2011 թվականի գերակա խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերի, օգոստոսին կառավարության հաստատմանը ներկայացվելիք Միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրագործումն ապահովող գործողությունների ազգային ծրագրով նախատեսվող միջոցառումների մասին:

Վարչապետը վստահեցրել է, որ նախագահի կողմից բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ կներկայացվի հստակ միջոցառումների ծրագիր, եւ մոտակա ամիսներին լայն քննարկումներ կկազմակերպվեն մարդկանց այսօր այդքան մտահոգող վերոհիշյալ հարցերին հավաստի, սպառիչ եւ ամբողջական պատասխաններ տալու եւ այս թեմայով անհարկի շահարկումները բացառելու համար:

Խորհրդակցության մյուս մասնակիցները յուրաքանչյուրն իր մասով ներկայացրել են միգրացիոն իրավիճակի վերաբերյալ իրենց դիտարկումները, ձեռնարկվող քայլերն ու ծրագրերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG