Մատչելիության հղումներ

Իշխանության պատվիրակության անդամները պատրաստ են քննարկել ՀԱԿ-ի առաջարկները


ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) հուլիսի 18-ի հանդիպումից առաջ:
ՀԱԿ-ի ներկայացուցիչ Լեւոն Զուրաբյանը (ձ) եւ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) հուլիսի 18-ի հանդիպումից առաջ:
ՀԱԿ-ի հետ երկխոսելու նպատակով ստեղծված իշխանության պատվիրակության անդամները պատրաստ են քննարկել Կոնգրեսի կողմից երեկ առաջ քաշված պահանջները:

Պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ, մասնավորապես, հանդիպումների համար չեզոք վայր ընտրելու հարցը կքննարկվի եւ դրան լուծում կտրվի: Մյուս 3 պահանջները, Հարությունյանի խոսքով, կքննարկվեն երկխոսության շրջանակներում:

ՀԱԿ-ի պահանջները «լուծելի եւ տրամաբանական» է համարում նաեւ իշխանության պատվիրակության անդամներից Վարդան Բոստանջյանը («Բարգավաճ Հայաստան»):

Ուղիղ եթերով ՀԱԿ - իշխանություն հանդիպումները հեռարձակելու պահանջը Բոստանջյանը համարում է բնական. - «Այո, հասարակության լայն շերտերը թող ծանոթ լինեն, թե ինչ խնդիրներ մենք ունենք»:

«Ինչ վերաբերում է Կոնգրեսի հանրահավաքների հեռարձակման խնդրին, ես կարծում եմ, որ սա եւս դժվար, անլուծելի խնդիրներից մեկը չէ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շարունակեց պատգամավորը: - «Իսկ ինչ վերաբերում է իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման դադարեցում, տարաբնույթ խոչընդոտներ` սա պահանջ չէ, սա պարզապես մեր օրենքով դրված խնդիր է: Սա էլ տրամաբանական ցանկություն է, եւ կարծում եմ, որ առաջարկությունների այս ամբողջությունը շատ տրամաբանական է, եւ այդ առումով պետք չէ որեւէ հուզվելու առիթ ունենալ»:

Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ եթե երկխոսությունը մինչեւ սեպտեմբեր արդյունք չտա, իրենք սպառված կհամարեն երկխոսության հնարավորությունը:

Բոստանջյանը, մինչդեռ, այսօր ասաց, թե հանդիպման ժամանակ ՀԱԿ-ը իրենց հետ հանդիպման ընթացքում կոնկրետ ժամկետներ չի դրել. - «Այդպիսի կտրուկություն չի դրված, որ մինչեւ սեպտեմբեր ասեք` անո՞ւմ եք արտահերթ ընտրություններ, թե՞ չեք անում»:

Հարցին, թե ի՞նչ հարցեր են բարձրացվել ՀԱԿ-ի ներկայացուցիչների կողմից, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. - «Արտագաղթ, կոռուպցիոն ռիսկեր, արտաքին ֆինանսական միջոցների ռացիոնալ օգտագործում, կառավարման որակի բարձրացում, ընդհանրապես հարկային եւ բյուջետային տարբեր արտոնությունների ապօրինի տրամադրման վերացում: Խնդիրների մի ամբողջ շարան, եւ այդ բոլորը ամփոփվում է արտահերթ ընտրությունների դոմինանտով»:

Ամեն դեպքում նա չբացառեց, որ մինչեւ սեպտեմբեր կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվի արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ. - «Ոչինչ բացառված չէ»:

Դեռեւս պարզ չէ, թե որտեղ եւ երբ տեղի կունենա ՀԱԿ - իշխանություն երկրորդ հանդիպումը:
please wait

No media source currently available

0:00 0:04:51 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG