Մատչելիության հղումներ

Խոսքի ազատության հեռանկարը այլընտրանքային մեդիայի հետ է կապվում


Լրագրողական մրցանակների հանձնման արարաողությունը Երեւանի մամուլի ակումբում, 18 հուլիս, 2011

Լրագրողական մրցանակների հանձնման արարաողությունը Երեւանի մամուլի ակումբում, 18 հուլիս, 2011

Երեւանի մամուլի ակումբը (ԵՄԱ) նշում է հիմնադրման տարեդարձը: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, անցնող 16 տարիների աշխատանքը գնահատելիս, ասում է, թե խոսքի ազատությունը քաղաքական վերնախավի համար արժեք չէ, եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները արձանագրած անգամ ամենափոքր արդյունքը հաջողություն են համարում:

«Այնպես է դասավորվել, որ մեր երկրում ողջ հասարակական կյանքը ենթարկված է նաեւ քաղաքական շահերին: Հայաստանում նույնիսկ ոչ այնքան տնտեսական զարգացումներն են թելադրում ամեն ինչ, որքան քաղաքական զարգացումները, որոնք սերտաճել են շուկայի, տնտեսական հարաբերությունների, բիզնեսի հետ, եւ այսպիսի պայմաններում շատ դժվար է առաջ տանել խոսքի ազատության խնդիրները», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Նավասարդյանը:

Բազմաթիվ նախաձեռնություններից Նավասարդյանը առաջին հերթին հիշատակում է 2003 թվականին «Զանգվածային լրատվության մասին» օրենքի ընդունումը, որը մամուլի ակումբի նախագահը «շրջադարձային պահ» է համարում: Նավասարդյանի խոսքով` այսօր էլ շատ զարգացած երկրներում այդպիսի ազատական օրենք չկա, քանի որ շատերի համար անսպասելիորեն լրատվամիջոցների չգրանցման սկզբունքը վավերացվեց:

«Երբ դու գրանցում ես, նաեւ հնարավորություն ունես կանխելու լրատվամիջոցների գործունեությունը, եւ մենք ունեինք այդպիսի դեպքեր: Դա շատ նպաստեց, որպեսզի այսօր որակի առումով միգուցե կասկածելի, բայց գոնե բազմակարծիք եւ բազմազան մամուլ ունենք», - ասում է ԵՄԱ նախագահը:

Մամուլի ակումբը հիմնադրման տարեդարձին նվիրված իր ամենամյա մրցանակաբաշխությանը այս տարի առաջին անգամ լրագրողին խրախուսեց այլընտրանքային լրատվամիջոցների զարգացման համար: Ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով` բազմակարծություն ապահովող որակյալ լրատվամիջոցներ ունենալու, խոսքի ազատության հիմնական հեռանկարները Հայաստանում արդեն այլընտրանքային մեդիայի հետ են կապվում:

«Մենք շատ լավ գիտենք, թե ինչքանով է վերահսկելի հեռարձակվող լրատվամիջոցների դաշտը Հայաստանում, որքան լուրջ են մտած քաղաքական շահերը տպագիր լրատվամիջոցներում, եւ այլընտրանքային լրատվամիջոցները քիչ ռեսուրսներով հնարավորություն են տալիս լինել շատ ազդեցիկ, շատ հասանելի, օպերատիվ եւ բազմակողմանի լուսաբանել բոլոր նորությունները, ներկայացնել բոլոր տեսակետները», - շեշտում է Նավասարդյանը;

ԵՄԱ նախագահի խոսքով` այս անվանակարգի առաջին մրցանակին արժանացած «Ազատություն» ռադիոկայանի կայքի խմբագիր, բլոգեր Արթուր Պապյանը ոչ միայն որպես լրագրող օգտագործում է այլընտրանքային մեդիան, այլեւ ակտիվորեն տարածում է այդ մշակույթը:

«Նա որպես բլոգեր բավականին հայտնի է Հայաստանում, եւ ի վերջո «Ազատություն» ռադիոկայանի մուտքը այլընտրանքային լրատվամիջոցների դաշտ նաեւ իր շնորհիվ է կայացել, եւ մենք բոլորս գիտենք, որ ռադիոկայանի կայքը այսօր ամենահետաքրքիրներից, ընթերցողների եւ նաեւ հեռուստադիտողների մոտ ամենաշատ հաջողություն ունեցող կայքերից է», - ասում է Նավասարդյանը:

ԵՄԱ-ի մրցանակին այս տարի արժանացել են նաեւ «Առավոտ» օրաթերթի մեկնաբան Աննա Իսրաելյանը` հեռուստահեռարձակման լիցենզավորման 2010 թվականին մրցույթներին նվիրված հոդվածաշարի համար, նույն օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը լրագրողական հետաքննության` Ռաֆայել Բազիկյանի գրական ստեղծագործությունները հասարակությանը վերադարձնելու համար եւ «Շողակաթ» հեռուստաընկերության «Երրորդ հազարամյակ» հաղորդաշարը` բանավեճի մշակույթի զարգացման համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG