Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքը մտահոգություն է առաջացնում


ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
«Եթե տնտեսական աճը եւ հարկային եկամուտների հավաքման ծավալները մնան 2010 թվականի մակարդակին, ապա վտանգ կա, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է լուրջ խնդիրներ ունենալ նախկինում վերցրած արտաքին պարտավորությունների մարման եւ դրանց սպասարկման իրականացման գործում, այսինքն` կառաջանա պարտքային ճգնաժամ», - ասված է «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ» Հայաստանի կառավարության տարեկան հաշվետվության մասին Վերահսկիչ պալատի եզրակացությունում:

Նշված փաստաթղթում նաեւ կարդում ենք. - «Արտաքին վարկերի մարման եւ սպասարկման ծախսը երեք տարվա ընթացքում մեծանում է մի քանի անգամ: Այսպես, 2013 թվականին ՀՀ արտաքին վարկերը մարելու եւ տոկոսավճարներն իրականացնելու համար անհրաժեշտ կլինի 433.6 մլն ԱՄՆ դոլար, կամ 4.8 անգամ ավելի, քան 2010 թվականին»:

Նույն եզրակացությունում համաձայն, 2010 թվականին Հայաստանի Հանրապետության «արտաքին պետական պարտքի մարման եւ սպասարկման ծախսը կազմել է 91 մլն ԱՄՆ դոլար»: Ընդ որում` այդ գումարի մոտ կեսը` 44.2 մլն ԱՄՆ դոլարը գնացել է միայն տոկոսավճարների մարման համար, իսկ «մայր գումարի» մարմանն է ուղղվել 46.7 մլն ԱՄՆ դոլարը:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ասաց, թե արտաքին պարտքի հետ կապված վիճակը «շատ ծանր է»:

«Ոչ ոք չգիտի, թե որքան է Հայաստանի արտաքին պարտքը: Դա արդեն սարսափելի է: Բանն այն է, որ արտաքին պարտքը ոչ միայն վերցրած վարկերն են, այլ ցանկացած փաստաթուղթ, որով պետությունը ավելացնում է իր պարտավորությունները եւ պակասեցնում է իր դեբիտորական ստանալիքները: Այսինքն` բացի վարկերից, այսօր կառավարությունը երաշխիքներ է տրամադրել: Բացի վարկերից, պարտքեր են վերցնում Կենտրոնական բանկը… Ոչ ոք չգիտի` պետության երաշխիքի տակ տեղական օրգանները կամ մինիստրությունները կամ այլ մարմինները վարկեր կամ երաշխիքներ տվե՞լ են, թե՞ չէ… Այսինքն` ոչ ոք հստակ թիվը չգիտի», - հայտարարեց Բագրատյանը:

Ֆինանսների նախարարության տվյալների համաձայն` 2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 3.3 միլիարդ ԱՄՆ դոլար: Կա նաեւ ներքին պետական պարտք, որը անցած տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլար: Այսինքն` միասին վերցված` Հայաստանի պետական պարտքը անցած տարվա վերջին գրեթե 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար էր:

Ըստ նույն աղբյուրի, միայն 2010 թվականի ընթացքում Հայաստանի պետական պարտքն ավելացել է ավելի քան 432 միլիոն դոլարով:

Նշենք, որ դեռ հունվարին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ Հանրապետության արտաքին պարտքի այժմյան մակարդակի պայմաններում 2013-14 թվականներին Հայաստանը ի զորու չի լինելու վճարել վարկային տոկոսները` հայտնվելով դեֆոլտի իրավիճակում:

Այսօր Բագրատյանը ասաց. - «Այս պահի դրությամբ ուզում եմ ասել, որ պետությունը հայտարարում է շուրջ 4 միլիարդ պարտքի մասին: Դա պարտքն է, դա վարկն է, որ մենք վերցրել ենք: Բայց մենք երաշխիք ենք տվել: Տվել ենք երաշխիք Պողոսին, որ Պողոսը գնա, ուրիշից վարկ վերցնի: Մենք այդ օրենսդրությունը չունենք: Կարող է վաղը գան, ասեն` Պողոսը մի միլիարդ պարտք է վերցրել… Դա նորություն է: Այդ երաշխիքները պառլամենտը չի հաստատել»:

Հիշեցնենք` մոտ մեկ շաբաթ առաջ Երեւանի պետական համալսարանում ունեցած ելույթում Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, թե այսօր Հայաստանի արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի 43 տոկոսը եւ ընդգծեց, որ այդ առումով կառավարությունը կկարողանա չանցնել 50 տոկոսի շեմը:

Հունիսի 30-ին Եղեգնաձոր քաղաքում կայացած կառավարության արտագնա նիստում գործադիրը հավանության արժանացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության պարտքի կառավարման 2012-2014 թվականների ռազմավարական ծրագրին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:

Այդ օրը նաեւ հայտնի դարձավ, որ կառավարությունը նախատեսում է այս տարի մոտ 190 միլիոն դոլար ծախսել պետական պարտքի մարման վրա:
please wait

No media source currently available

0:00 0:05:11 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG