Մատչելիության հղումներ

Ավելացել են ապօրինի անտառահատման դեպքերը


«Հայանտառ»-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի ներկայացմամբ` Հայաստանի անտառտնտեսություններում այս տարի ապօրինի կերպով հատվել է 1700 ծառ: Նախորդ ամբողջ տարվա ընթացքում այս ցուցանիշը կազմել էր 2520:

Մաթեւոսյանը սա կապում է գազի գնի թանկացման հետ. - «Ապօրինի հատումների քանակի ավելացումը նկատվեց արդեն անցած տարի աշնանից` կապված գազի գնի թանկացմամբ հետ: Հիմնականում անտառամերձ բնակչությունը գազ չի օգտագործում, թեեւ կան նաեւ գազաֆիկացված անտառամերձ համայնքներ»:

Պաշտոնյայի դիտարկմամբ` անտառը հատվում է անտառամերձ բնակավայրերի շրջանում եւ ոչ միայն այդ շրջանի բնակչության կողմից:

«Մենք իրավապահ կառույցների հետ ակտիվորեն աշխատում ենք` բացահայտելու համար ապօրինի հատում իրականացնողներին», - փոխանցեց նա:

Մաթեւոսյանը անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից իրականացվող մի ծրագրի, որով նախատեսվում է բարեփոխել անտառային ոլորտի օրենսդրությունն ու իրականացնել անտառահատումների դեմ համալիր պայքար:

«Էկոլուր» հասակարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ապօրինի հատումների վերաբերյալ «Հայանտառ»-ի տվյալները իրականության չեն համապատասխանում:

«Ապօրինի հատումների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները մոտ 80 անգամ», - ասում է Զարաֆյանը` վկայակոչելով միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները. - «Անօրինական հատումները հասնում են մինչեւ 500, 600, 1000 խորանարդ մետր»:

Հայաստանի բնապահպանները շարունակում են հայտարարել, որ հենց «Հայանտառ»-ի իմացությամբ են անտառում ապօրինի հատումներ կատարվում:

«Կանաչների միություն» հասարական կազմակերպության նախագահ Հակոբ Սանասարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե անտառամերձ բնակավայրի բնակիչը չէ, որ անտառը զանգվածաբար հատում է` հավելելով. - «Անտառը հատում են թանկարժեք շինանյութ ստանալու համար»:

«Ապօրինի հատողները հենց իրենք են` անտառը պահպանողները: Նրանց ձեռքով խմբեր են ստեղծվում, որոնք հատում են անտառը եւ դրա համար կամ փայտանյութ են ստանում, կամ որոշ գումար», - հայտարարեց Սանասարյանը` հավելելով. - «Ամեն ինչը իրենց հսկողության տակ է»:

Նրա խոսքով` քանի դեռ կառավարությունը լրջորեն չի մտածել անտառային ոլորտի կառավարման զարգացման մասին, անտառում ապօրինի հատումները կշարունակվեն:
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG