Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը պատրաստ է շարունակել իշխանության հետ երկխոսությունը


Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011

Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ասում է, որ պատրաստ է շարունակել իշխանության հետ երկխոսությունը:

«Ի գիտություն ընդունելով Հայ Ազգային Կոնգրես-իշխանություն բանակցություններում իշխանության պատվիրակության համակարգող Դավիթ Հարությունյանի պաշտոնական հայտարարությունն այն մասին, որ իր ղեկավարած պատվիրակությունը լինելով քաղաքական կոալիցիայի որոշմամբ ստեղծված մարմին, ներկայացնում է Գործադիր իշխանությունը, խորհրդարանական մեծամասնությունը եւ անձամբ Սերժ Սարգսյանին, Հայ Ազգային Կոնգրեսը համարում է, որ երկխոսությունը կարելի է շարունակել այս ձեւաչափով եւ պատրաստ է նոր հանդիպման», - ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը կայացավ իշխող կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ձեւավորած պատվիրակության անդամների առաջին հանդիպումը, որի ընթացքում տեղի էր ունեցել մտքերի փոխանակում, կողմերը ներկայացրել էին իրենց տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

ՀԱԿ-ը պահանջում է, որ իշխանության ձեւավորած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության հետագա հանդիպումները կայանան չեզոք վայրում։ Բացի այդ ՀԱԿ-ը ցանկանում է, որ իրենց հանդիպումները կա'մ հեռարձակվեն ուղիղ եթերով, կամ էլ յուրաքանչուր հանդիպումից հետո ՀԱԿ-ի պատվիրակությանը Հանրային հեռուստաընկերությամբ առնվազն կես ժամ ուղիղ եթեր տրամադրվի` «իր տեսակետները հասարակությանը ներկայացնելու համար»:

ՀԱԿ-ի մյուս պայմանը վերաբերում են Հանրային եւ մյուս հեռուստալիքներով ընդդիմության «հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացմանը»: Վերջին պայմանը հետեւյալ է. - «Պետք է դադարեցնել Կոնգրեսի հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկումը, տարաբնույթ խոչընդոտների հարուցումը, մասնավորապես հանրային եւ այլ տրանսպորտային միջոցների աշխատանքի կազմալուծումը»:

Այսօր, ավելի վաղ ՀԱԿ համակարգող, իշխանության հետ երկխոսության նպատակով ստեղծված պատվիրակության ղեկավար Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել էր, թե ՀԱԿ-ը այսօր եւ վաղը տեղի ունենալիք քննարկումների արդյունքում կհայտարարի, թե արդյո՞ք գոյություն ունեցող ձեւաչափով շարունակում է իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների հետ երկխոսությունը, թե՞` ոչ:

Զուրաբյանի ասել էր, թե երեկ տեղի ունեցած հանդիպման ընթացքում պարզվել էր, որ իրականում իշխանությունը ներկայացնող պատվիրակության լիազորությունները շատ ավելի լայն էին, քան դրա մասին հրապարակայնորեն հայտարարվել էր եւ «դա նոր հանգամանք էր» իրենց համար:

«Պարզվեց, որ նրանք բավականին լայն լիազորություններ ունեն: Երկրորդ հանգամանքը, որ պարզվեց, այն է, որ հարցերի քննարկման որեւէ տաբու չունեն եւ չեն բացառում որեւէ հարցի քննարկում, այդ թվում` նաեւ արտահերթ ընտրությունների հարցի քննարկումը», - ասաց Զուրաբյանը:

Նրա տեղեկացրել էր, թե, հաշվի առնելով այդ նոր հանգամանքը, ՀԱԿ-ը այսօր հրավիրել է կենտրոնական շտաբի արտահերթ նիստ, որի ընթացքում է քննարկվելու է նոր ստեղծված իրավիճակը եւ հիմնականում այն հարցը, թե արդյո՞ք այս ձեւաչափ կբավարարի ՀԱԿ-ին լիարժեք երկխոսություն վարելու համար:

«Ազատություն. ռադիոկայանի հետ զրույցում Զուրաբյանը նաեւ ասել էր, թե դեռ վաղ է խոսել ՀԱԿ-իշխանություն երկխոսության օրակարգի մասին, քանի դեռ չի լուծվել ձեւաչափի հարցը, սակայն ՀԱԿ-ի պատվիրակությունը երեկ տեղի ունեցած հանդիպման ժամանակ իշխանական կոալիցիային է ներկայացրել իրենց պատկերացումները իրական երկխոսության մասին: Մասնավորապես, ՀԱԿ պատվիրակության անդամները նշել են, որ ստեղծված իրավիճակում իրենք տեսնում են միայն մեկ լուծում` արտահերթ ընտրությունների միջոցով Հայաստանում պետք է ձեւավորվի լեգիտիմ իշխանություն:

«Մենք տեսնում ենք, որ Հայաստանում կա ծանրագույն քաղաքական ճգնաժամ, որն իր հերթին բերել է սոցիալ-տնտեսական ճգնաժամի, ուստի այս բոլոր խնդիրների լուծումը, առանցքը հետեւյալն է` Հայաստանում պետք է ձեւավորվի լեգիտիմ իշխանություն եւ շուտափույթ կերպով: Բայց մենք այնտեղ ասացինք, որ եթե դուք տեսնում եք ձեր լուծումները, դրանք էլ դուք բերեք բանակցությունների սեղանին, դրանից հետո կսկսվի քննարկում այդ լուծումների շուրջ, եւ եթե մենք գանք փոխհամաձայնեցված լուծման, շատ լավ է: Եթե չգանք, ուրեմն սեպտեմբերին մենք կհամարենք երկխոսության հնարավորությունները սպառված», - ասել էր Զուրաբյանը:

Ըստ Զուրաբյանի` եթե իշխանությունները «ադեկվատ են», ապա կտան իրենց համաձայնությունը արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:

Զուրաբյանը հակադարձեց նաեւ այն պնդումներին, թե ՀԱԿ-ը իրականում պայքարում է ոչ թե երկրում արմատական փոփոխություններ իրականացնելու, այլ իշխանության մեջ իր տեղը ապահովելու համար. - «Կոնգրեսը իշխանությունների հետ գաղտնի պայմանավորվածությունների չի գնալու, ամեն ինչ շատ բաց է լինելու, ամեն ռաունդի մասին զեկուցելու են ժողովրդին եւ ոչինչ չեն թաքցնելու», - հավաստիացրեց Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG