Մատչելիության հղումներ

Այս տարի մրցույթ կա միայն Երեւանի թատրոնի եւ կինոյի ինստիտուտում


Ընդունելության քննություններ, արխիվային լուսանկար
Ընդունելության քննություններ, արխիվային լուսանկար
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ է դիմել 166 դիմորդ` ընդամենը 50-ով պակաս նախորդ տարվանից, չնայած որ 12-ամյա կրթության անցման պատճառով այս տարի շրջանավարտներ չկան:

Գնահատման եւ թեստավորման կենտրոնից «Մաքսլիբերթի»-ին տեղեկացրին, որ այս տարի մրցույթ կա միայն այս բուհում: Մեծ պահանջարկ ունի դերասանական արվեստ մասնագիտությունը. այստեղ 33 տեղի համար պայքարում է 101 դիմորդ:

Ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն այնքան էլ գոհ չէ դիմորդների պատրաստվածությունից:Սակայն խնդիրը, ըստ Մազմանյանի, երիտասարդները չեն, այլ դպրոցը` իր տված կրթությամբ եւ բարոյական արժեքներով: Իսկ դերասանական արվեստի պահանջարկն ու մրցույթը, Մազմանյանի գնահատմամբ, հայկական սերիալների ազդեցությունն է:

«Չի կարելի մեղադրել մարդկանց, ովքեր նկարահանվում են սերիալներում: Մարդը մարմնավաճառությամբ չի զբաղվում, մարդը զբաղվում է իր փեշակով, հանապազորյա հացն է վաստակում: Այլ խնդիր է մեր սերիալների որակը», - ասաց նա:

Դիմորդներից 17-ամյա Նարեկ Պալեզյանն արդեն մի քանի տարի է նկարահանվում է Հանրային հեռուստատեսության սերիալներում: Հեռուստադիտողը նրան ճանաչում է «Որբերը» եւ «Հրեշտակների դպրոցը» սերիալներից: Նա նշեց, որ փորձը լավ է, սակայն կրթություն ստանալն անհրաժեշտություն է, եւ եթե ընդունվի` այլեւս չի նկարահանվի սերիալներում:

Ռեկտորը Նարեկին եւ մյուսներին նախապես տեղեկացրեց, որ բուհի կարգերը փոխվել են, այսուհետ ուսանողներին մինչեւ 3-րդ կուրս չի թույլատրվելու բեմ բարձրանալ` լինի թատրոն, թե սերիալ:

Դերասանների կուրսը ղեկավարելու է Երեւանի պետական երաժշտական կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նա նշեց, որ դիմորդներից շատերը 25-30 տարեկան են: Նրա կարծիքով` աղջիկները շատ ավելի հասուն եւ պատրաստված են, քան տղաները, քիչ չեն նաեւ մարզերից դիմած երիտասարդները: Հակոբյանն անդրադարձավ մարզերում գործող թատրոնների վիճակին. - «Լավ վիճակում չեն, եւ դա երեւի նորմալ է: Մայրաքաղաքում լավ չէ, ուր մնաց մարզեում»:

Երեւանի եւ մարզերի դիմորդները քննության համար պատրաստած երգերով, պարերով եւ բանաստեղծություններով փորձում էին շահել հանձնաժողովի անդամների համակրանքը: Հանձնաժողովը գլխավորում էր վաստակավոր դերասան Ռաֆայել Քոթանջյանը:

«Ես մտավախություն ունեի, որ պատրաստված երիտասարդների չեմ տեսնելու, սակայն, ի ուրախություն ինձ, եկան իսկապես շնորհալի շատ երիտասարդներ», - ասաց անվանի դերասանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:23 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG