Մատչելիության հղումներ

«Իշխանությունները հենց այնպես արտահերթ ընտրությունների չեն գնա»


Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Հայ ազգային կոնգրեսի մայիսի 31-ի հանրահավաքը Ազատության հրապարակում

Իշխանության եւ ընդդիմության միջեւ սկսված երկխոսության արդյունքը կախված է նրանից, թե «քաղաքական ուժը ինչ կշիռ կունենա, ՀԱԿ-ը ինչ կշիռ կունենա հասարակության մեջ»: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը:

Ի պատասխան հարցի, թե նախօրեին մեկնարկած երկխոսությունը շարունակվելու դեպքում կարո՞ղ է արդյոք արդյունք ունենալ Հայ ազգային կոնգրեսի` արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջի շրջանակներում, փորձագետը ասաց, որ եթե Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ), «ասենք, աշնանը կարողացավ բազմահազարանոց հանրահավաքներ կազմակերպել եւ բացի հանրահավաքից այլ միջոցառումներ իրականացնել, որը ցույց կտա իր կշռի ծանրությունը, ապա իշխանությունները նրա հետ կգնան բանակցությունների, եթե ՀԱԿ-ին չհաջողվեց ցույց տալ իր հզորությունը, ապա, բնական է, իշխանությունները այս բանակցային գործընթացը կօգտագործեն զուտ իրենց PR-նպատակի համար»:

«Այս ընթացքում Հայ ազգային կոնգրեսի ներկայացրած գրեթե բոլոր պահանջները իշխանությունը կատարել է: Ձեր կարծիքով, կկատարի՞ նաեւ այդ պահանջը` արտահերթ ընտրություններ անցկացնելու», - այս հարցին Արմեն Բադալյանը արձագանքեց. - «Եթե ՀԱԿ-ը լավ աշխատի ինչպես հասարակության հետ, այնպես էլ դրսի ուժերի հետ, եւ կարողանա նրանց շահերը համադրել, ապա արդյունքի կհասնի, հակառակ դեպքում, բնական է, արդյունքի չի հասնի: Որովհետեւ իշխանությունները հենց այնպես արտահերթ ընտրությունների չեն գնա»:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, այդ թվում նաեւ արտահերթ ընտրությունների հարցը, բայց դա կախված է ՀԱԿ-ի ազդեցությունից, ՀԱԿ-ի կշռից», - ընդգծեց փորձագետը:

Իսկ հարցին` ՀԱԿ-ը այս պահին ունի՞ այդ կշիռը, Բադալյանը պատասխանեց. - «Այս պահին դեռեւս չեմ կարող ասել, որ ունի: Ըստ իս, կշռի այդ բավարար չափը դեռեւս չունի: Ու արդեն կախված է ՀԱԿ-ից` ինչպես կաշխատի. եթե միայն, այսպես ասած, պատվիրակներին ուղարկի բանակցելու վայրը եւ ուրիշ ոչնչով չզբաղվի` զուտ որպես կառույց, ինչպես երկրի ներսում, այնպես էլ երկրի դրսում, դժվար թե նրա կշիռը ավելի բարձրանա»:

«Արտահերթ ընտրությունների հարցը, ինչքան էլ որ մեզ դա թվում է, միայն երկրի ներսում չէ, որ պետք է լուծվի, որովհետեւ, չմոռանանք, գոյություն ունի Ղարաբաղի հարցը` դրսի ուժերը շահեր ունեն այս հարցի հետ կապված, եւ արտահերթ ընտրությունները, եթե այդ հարցի հետ ինչ-որ մի, այսպես ասած, հանգուցալուծում չի գտնվում, խիստ դժվար է ասել` դրսի ուժերը կհամաձայնե՞ն, թե՞ չեն համաձայնի: Իսկ հասարակությունը քանի որ գնալով ավելի ու ավելի թուլանում է, ապա դու չես կարող հաշվի չառնել դրսի ուժերի շահերը: Պետք է իրար համադրել, դրանց տակ համապատասխան աշխատանք տանել», - ամփոփեց Արմեն Բադալյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG