Մատչելիության հղումներ

«Կպատառոտենք հանուն Պուտինի»


Արտապատկերում «Պուտինի բանակի»` ինտերնետում տեղադրված տեսանյութից
Արտապատկերում «Պուտինի բանակի»` ինտերնետում տեղադրված տեսանյութից
Ինտերնետում հայտնվել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին սատարող «բանակ»:

“Армия Путина” («Պուտինի բանակ»)` այսպես է իրեն անվանում աղջիկների նորահայտ խումբը, որն իսկական արշավ է սկսել ինտերնետի ռուսական հատվածում` “В контакте” սոցիալական ցանցում եւ Livejournal-ում` «Կպատառոտենք հանուն Պուտինի» կարգախոսով: Ռուսաստանյան մամուլն աղջիկներին կնքել է «Պուտինի ամազոնուհիներ» անվամբ:

«Պուտինի բանակը» տեսահոլովակ է տեղադրել ինտերնետում, որում ուսանողուհի Դիանա ներկայացող աղջիկը քայլում է Մոսկվայի փողոցներով` ասելով, թե խենթանում է Պուտինի համար` այն մարդու, ով փոխել է իրենց երկրի կյանքը:

Տեսախցիկը մի քանի անգամ խոշոր պլանով ցույց է տալիս աղջկա փարթամ կուրծքը: Դիանան ասում է, որ Պուտինը «արժանի եւ ազնիվ քաղաքական գործիչ է եւ ցնցող տղամարդ», եւ որ իրենց նպատակն է Վլադիմիր Վլադիմիրովիչին տեսնել նախագահի պաշտոնում:

Տեսահոլովակի վերջում աղջիկը պատռում է իր շապիկը, որի վրա կարմիր շրթներկով գրված է` «Կպատառոտեմ հանուն Պուտինի», իսկ խմբում տեղադրված հայտարարությունը հորդորում է բոլոր ցանկացողներին նույնը կրկնել հուլիսի 22-ին Պուշկինի անվան հրապարակում իրենց ակցիայի ժամանակ:

«Մեր ակցիաները կթնդան ողջ Ռուսաստանով, յուրաքանչյուր աղջիկ ինտերնետային աստղ կդառնա», - խոստանում են նախաձեռնության հեղինակները:

Աստղ դառնալու համար մասնակից աղջիկներին առաջարկվում է նաեւ սեփական տեսահոլովակը նկարահանել, թե ինչպես են իրենք պատառոտում ինչ-որ բան կամ ինչ-որ մեկին` Պուտինի համար: Ամենաինքնատիպ տեսանյութի հեղինակի համար նախատեսված է մրցանակ` iPad-2:

Թե ովքեր են Պուտինի օգտին նման քարոզարշավի կազմակերպիչները ` հայտնի չէ: The Independent պարբերականը, սակայն, նկատում է, որ տեսահոլովակը շատ պրոֆեսիոնալ է նկարահանված, եւ դրա հեղինակը, հնարավոր է, “Наши” («Մենք») շարժումն է:

Համացանցում արդեն իսկ հայտնվել է այս շարժմանը հակառակ մի շարժում, որն իրեն անվանել է «Հակապուտինյան բանակ»: Դրա ներկայացուցիչները կարծում են, թե նման ակցիաները բարոյազուրկ են եւ վկայում են այն մասին, որ Պուտինը նորմալ քաղաքականությամբ չի կարողանում ձայներ վաստակել, ուստի դիմում է մարդկանց բնազդների վրա ազդելուն:

«Պուտինի բանակը» Ռուսաստանի վարչապետին սատարող էրոտիկ բնույթի առաջին ձեռնարկը չէ: Անցյալ տարի հոկտեմբերին մեծ աղմուկ բարձրացրեց ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհիների կիսամերկ նկարներով եւ երկիմաստ արտահայտություններով օրացույցը, որ նվիրված էր Պուտինի ծննդյան 58-ամյակին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG