Մատչելիության հղումներ

Հուլիսի 19-ի մամուլ


«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Որքան էլ դժվարությամբ ու վայրիվերումներով՝ վերջապես ձեւավորվեց երկխոսության ֆորմատը, անգամ պատվիրակությունների կազմ ստեղծվեց, եւ նույնիսկ առաջին հանդիպումը կայացավ: Ոմանք այդ հանդիպմանը սպասում էին այնպես, ինչպես կսպասեին Քրիստոսի հայտնությանը կամ ահեղ ջրհեղեղին: Ոմանց թվում էր, թե բավական է երկու կողմից պատվիրակությունները նստեն սեղանի շուրջ, եւ արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնությունը կկայանա, կամ, որ նույնն է՝ իշխանությունը սկուտեղի վրա կմատուցեն ընդդիմությանը: Մի բան պարզ է, որ առայժմ ընդդիմությունը հաղթում է: Ասա՞ց՝ քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն, արձակվեցին: Ասա՞ց՝ երկխոսություն, երկխոսում են: Ասա՞ց՝ միայն պատվիրակությունների ֆորմատով, այդպես էլ եղավ: Մնում է վերջինը՝ արտահերթը»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Եթե իշխանության եւ արմատական ընդդիմության միջեւ երկխոսությունն այնուամենայնիվ կայանա եւ ընթանա համեմատաբար բարեհաջող, ապա նախընտրական պայքարի հայրենի տարբերակը՝ կաղապարված ինքնագովերգումներն ու փոխադարձ պախարակումները, այս անգամ հավանաբար կմատուցվի ընտրազանգվածին բնավ ոչ ամբողջական տեսքով: Չէ, գովաբանության առումով ամեն ինչ կարգին կլինի, իսկ այ հակառակորդների մասին տհաճ արձագանքների քանակը նկատելիորեն կնվազի: Այլ կերպ ասած, մենք կարող ենք դառնալ փոխադարձ քննադատության ողջախոհ ինքնասահմանափակման ականատես: Առավել հեռատես քաղաքական գործիչները տվյալ հանգամանքը հաշվի են առնում եւ արդեն այսօր կա՛մ մեղմում են արտահայտությունները՝ խնամքով ընտրելով բառերը, կա՛մ ընդհանրապես ձգտում չխոսել հակառակորդների մասին»։

«Առավոտ»ը զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Հարությունյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հարցը իրենց համար հիմնականն է»: Պատասխան. - «Այն, որ կարող են բարձրացվել ամենասուր հարցադրումները, գաղտնիք չէ: Եվ իմ կարծիքով, որեւէ նոր հարցադրում չի հնչել: Ինչպես նշեցի, երկխոսության նպատակը չի կարող լինել այն, որ յուրաքանչյուր հարցի շուրջ գանք համաձայնության: Բայց մենք պետք է հասկանանք յուրաքանչյուր հարցի պատճառները եւ որոնենք հնարավոր եղանակներ: Անկախ նրանից, թե ինչպիսին կլինեն ընտրությունները` հերթական թե արտահերթ, քաղաքական միջավայրի առողջացումը կարեւորագույն խնդիրներից մեկն է: Բոլոր հարցերը չէ, որ օրենքով են կարգավորվում: Կան հարցեր, որոնք կարգավորվում են նաեւ համաձայնություններով, համատեղ հայտարարություններով: Ընդ որում` բաց հայտարարություններով, որոնց կարող են միանալ նաեւ քաղաքական դաշտի այլ դերակատարներ»:

«Երկիր» թերթի մեկնաբանը գրում է. - «2000-ականների սկզբներին Հայաստանը եւ Ադրբեջանը (գուցե պատահական զուգադիպությամբ, գուցե միմյանցից հետ չմնալու համար) ցանկություն հայտնեցին դառնալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ոչ մշտական անդամ: ՄԱԿ-ի ԱԽ-ն ունի մշտական հինգ անդամ՝ Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, ինչպես նաեւ ոչ մշտական 10 անդամ, որոնք ընտրվում են երկու տարի ժամկետով: Վերջերս հայտնի դարձավ, որ Հայաստանը այլեւս չի ցանկանում քվեարկվել 2012-2013թթ. ՄԱԿ-ի ԱԽ ոչ մշտական անդամ դառնալու համար, մինչդեռ Ադրբեջանը լուրջ դիվանագիտական աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ: Հայաստանի արտաքին քաղաքական սխալն այն էր, որ պետք է պայքարեր այն տեղի համար, որի համար այսօր պայքարում են Ադրբեջանը եւ Եվրոպական Միության երկու անդամներ: Պայքարել ոչ միայն ընտրվել փորձելու, այլեւ խոչընդոտելու Ադրբեջանի հնարավոր անդամակցությանը: Իշխանությունները հայտարարում են, թե իրենք վարում են արտաքին նախաձեռնողական քաղաքականություն: Պետք է նկատել, որ «նախաձեռնողական» բառը չի կարող արտահայտել տվյալ երկրի արտաքին քաղաքականության ուղղությունը կամ առաջնահերթությունը: «Նախաձեռնողականը» ընդամենը տեխնիկական բառ է, որն արտահայտում է ոչ թե արտաքին քաղաքականության բովանդակություն կամ ուղղություն, այլ ակտիվություն, միջոց»:

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի որդին` ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Օհանյանը տեղափոխվել է Երեւան` ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալ: Հուլիսի 14-ին նա 15 ծառայակիցների հետ ավտոպատահարի է ենթարկվել: Պատահարը տեղի է ունեցել Ստեփանակերտ-Վանք-Դրմբոն ճանապարհին: Զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը շրջադարձ կատարելիս մոտ 120 մետր գլորվել է ճանապարհամերձ ձորը: Պատահարի հետեւանքով վիրավորվել է 15 զինծառայող, որոնցից Երեւան են տեղափոխվել միայն երեքը` այդ թվում նախարարի որդին: Ըստ Պաշտպանության նախարարության, մյուս զինծառայողների վնասվածքները ավելի թեթեւ են: Օհանյանը կոտրվածք է ստացել աջ թեւի թիակի հատվածում: Պաշպանության նախարարությունից հայտնել են, որ Արթուր Օհանյանի վիճակը միջին ծանրության է»: Թերթի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, որ իրեն լավ է զգում:
please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG