Մատչելիության հղումներ

«Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունը Վճռաբեկ դատարանում բողոքարկում է ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով թերթին պարտավորեցվել էր հերքում տպագրել եւ Ազգային ժողովի երեք պատգամավորների վճարել մոտ 6 միլիոն դրամ: Սակայն օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, ասաց, որ որեւէ ակնկալիք չունի Վճռաբեկ դատարանից:

Փաշինյանի խոսքով` թերթը ընդամենը ներպետական ատյանները սպառելու խնդիր ունի, որպեսզի կարողանա վճիռը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

«Վճռաբեկ դատարանը, լինելով իշխանության մահակի մի մասնիկը, չի կարող այլ որոշում կայացնել, բացի այն, որ հրահանգված է իշխանությունից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարեց Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ` պարտավորեցնելով թերթին հերքում տպագրել, ինչպես նաեւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ` որպես նրանց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

«Իսկ ինձ համար ակնհայտ է, որ իշխանությունը այդ 6 միլիոնը միանվագ վերցնելու խնդիր է դնելու, այսինքն կալանք են դնելու «Հայկական ժամանակ»-ի գույքի եւ հաշիվների վրա, եւ, բնականաբար, նրանց խնդիրը լինելու է կասեցնել, իսկ եթե հնարավոր է դադարեցնել օրաթերթի գործունեությունը: Թաքցնելու բան չկա, ես կարող եմ ասել, որ դա լուրջ սպառնալիք է «Հայկական ժամանակ»-ի հետագա գործունեության համար», - ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով` 6 միլիոն դրամ շրջանառությունից հանելը կարող է աղետալի ավարտ ունենալ թերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ընկերության համար: Այդուհանդերձ, հարցին, թե հնարավո՞ր է «Հայկական ժամանակ»-ը փակվի, խմբագիրը պատասխանում է` եթե ընթերցողը չցանկանա, չի փակվի: Ինչպես փոխանցեց, Նիկոլ Փաշինյանը, ընթերցողների շրջանում նախաձեռնություն է առաջացել ի պատասխան օրաթերթի հարցմանը` «Պատրա՞ստ եք աջակցել թերթին օլիգարխիայի դեմ պայքարում»:

«Եվ այդ հարցման համատեքստում արդեն կան ընթերցողներ, ովքեր հաշվարկ են արել, որ «Հայկական ժամանակ»-ը ունի 10 հազար եւ ավելի ընթերցող, դրանցից 3 հազարը թող լինեն իշխանական ընթերցողներ, մնացածը, եթե ամենը մեկը 1000 դրամ փոխանցի, այդ 6 միլիոն դրամի տուգանքը կլրանա: Իրենք [երեք պատգամավորները] ասում են, որ եթե գումարը բավարարվի, իրենք բարեգործությամբ են զբաղվելու: Փաստորեն «Հայկական ժամանակ»-ն է բարեգործութամբ զբաղվելու իրենց հույսը», - ասում է թերթի գլխավոր խմբագիրը:

«Ութից յոթը ցուցակում են» վերնագրով վիճահարույց հոդվածում թերթը, գրել էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ երեք պատգամավորների անունները: Թերթը նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման հետ: Որպես աղբյուր «Հայկական Ժամանակ»-ը վկայակոչել էր հենց Սմբատ Կարախանյանին, ով պատրաստակամություն հայտնեց դատարանում հաստատել իր ասածը, սակայն, այդպես էլ որպես վկա չհարցաքննվեց:

«Կարախայանը չի ասում, թե ես լսել եմ, ինչ-որ մեկը ինձ ասել է, նա ասել է` ես անձամբ տեսել եմ այդ ցուցակը», - շեշտում է Փաշինյանը:

Նրա ձեւակերպմամբ` գործարար պատգամավորները ընդամենը խնդիր են դրել ֆինանսական կրախի առջեւ կանգնեցնել թերթին: Խմբագիրը համոզված է, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումից հետո այսօր ցանկացած հրապարակման համար հնարավոր է տուգանել լրատվամիջոցին: Փաշինյանի կարծիքով` նմանատիպ հարձակումներից լրագրողներին պաշտպանելու մեխանիզմ չկա, եւ դա հանգեցնում է ինքնագրաքննության եւ մեծ իմաստով, արշավ է մարդկանց է տեղեկատվություն ստանալու իրավունքի դեմ. - «Իշխանությունը մոնոպոլիզացրել է հեռուստատեսության դաշտը, եւ հաջորդ քայլով իշխանությունը գնալու է տպագիր մամուլը «կառուցողական» դարձնելուն: Այսինքն, յուրաքանչյուր լրագրող, յուրաքանչյուր թերթ ամեն փաստ տպագրության ուղարկելու համար, պետք է ինքն իրեն հարց տա, թե պատրա՞ստ է վճարել այդ 3, 6 կամ 10 միլիոն գումարը»:

Սա վերջին 1 տարվա ընթացքում «Հայկական ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է: Թերթը անցած տարի ստիպված եղավ մոտ 3.5 միլիոն դրամ վճարել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն` նրա պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG