Մատչելիության հղումներ

logo-print

Ընդդիմության եւ իշխանության երկխոսության օրակարգը չի ձեւավորվել


Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011

Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011

Երկուշաբթի օրը կայացավ իշխող կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ձեւավորած պատվիրակության անդամների հանդիպումը, որը մոտ երկու ժամ տեւեց:

Ինչպես հանդիպումից հետո փոխանցեցին կողմերի ներկայացուցիչները, իշխանության եւ ընդդիմության երկխոսության օրակարգը չի ձեւավորվել, պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, որեւէ հարցի շուրջ քննարկում չի եղել, տեղի է ունեցել մտքերի փոխանակում: Կողմերը ընդամենը ներկայացրել են իրենց տեսակետները առկա խնդիրների վերաբերյալ:

Չնայած իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը լավատես է, որ ընդդիմադիրների հետ իրենց հանդիպումները կշարունակվեն, սակայն ընդդիմության պատվիրակության ղեկավար ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպումից հետո չբացառեց, որ հնարավոր է` հաջորդ հանդիպում չկայանա:

ՀԱԿ-ը վերապահումներ ունի իշխանական խմբի ձեւաչափի, այդ խմբում ընդգրկված անդամներին տրված լիազորությունների վերաբերյալ: ՀԱԿ-ը պատրաստ էր երկխոսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ եւ կիրակի օրը տարածած հայտարարության մեջ «ցավով արձանագրել է», որ իշխանությունը չի հասկացել, կամ ձեւացրել է, թե չի հասկացել այդ պարզ իրողությունը, ինչը, ընդդիմադիրների գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան «իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում»։

«Այս ֆորմատը մենք դիտարկում ենք որպես օժանդակ ֆորմատ, քանի որ այն չի ստեղծում պայմաններ, որ մենք խոսենք լիազորված անձանց հետ», - ասաց ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Հանդիպումից հետո իշխանական կոալիցիայի ներկայացուցիչ Դավիթ Հարությանյանը նշեց իրենց լիազորությունների սահմանը. - «Ներկայացնում ենք կոալիցիային, ինչը նշանակում է գործադիր իշխանությանը, որը ձեւավորվել է կոալիցիայի կողմից: Մենք ներկայացնում ենք խորհրդարանական մեծամասնությանը, մենք ներկայացնում ենք նաեւ հանրապետության նախագահին` որպես կոալիցիայի ղեկավար»:

Այսօրվա հանդիպումն անցավ փակ դռների հետեւում, լրագրողների թույլատրեցին տեսնել միայն ՀԱԿ ներկայացուցիչների մուտքը Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահը, որտեղ նրանց արդեն սպասում էին իշխանության ներկայացուցիչները: Ընդդիմության եւ իշխանության պատվիրակները ձեռքսեղմումով ողջունեցին իրար, այնուհետեւ նստեցին միմյանց դեմ, չնայած որ սեղանը կլոր էր:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է իշխանության օրակարգային հարցը, երբ ընդդիմության օրակարգում միայն արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցն է, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. - «Առաջին եւ ամենակարեւոր հարցերից մեկը քաղաքական մրցակցության փոխադարձ ընդունելի կանոնների ընդունումն է, կանոնների, որոնք հնարավորություն կընձեռեն մեզ, հասարակությանը ավելի քաղաքակիրթ դաշտում գործելու, այդ առումով նաեւ բարձրացնելու վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ»:

Հարությունյանը ակնկալում է, որ իշխանությունն ու ընդդիմությունը բազմաթիվ հարցեր ունեն քննարկելու, եւ ՀԱԿ-ի` արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգի պարագայում երկխոսությունը փակուղի չի մտնի:

Լեւոն Զուրաբյանը իր հերթին մանրամասնեց բանակցությունների շարունակության վերաբերյալ ՀԱԿ-ի պատկերացումնեը:

«Ուժի մեջ է մնում այն պատկերացումը, որը կիսում ենք նաեւ մենք, որ բանակցությունների սեղանին պետք է բերել այն լուծումները, որոնք յուրաքանչյուր կողմը պատկերացնում է: Այսինքն, մենք ունենք մեր լուծումը, դա նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններն են, բայց մենք նաեւ համաձայնվել ենք, որ կա նաեւ կողմերի իրավահավասարություն, նրանք էլ կարող են բերել իրենց լուծումները: Հիմա նրանք դեռ որեւէ լուծում բանակցությունների սեղանին չեն դրել: Ըմբռնումը այն էր, որ այս պատվիրակությունը որեւէ հարցի քննարկում չի բացառում», - ասաց Զուրաբյանը:

Նրա խոսքով, եթե հաջորդ հանդիպում լինի, ապա «շատ շուտ կլինի»: Հարցին, թե բանակցությունների ի՞նչ ժամանակահատված է ընդունելի ընդդիմադիրների համար, Զուրաբյանը պատասխանեց. - «Մենք ասել ենք, որ եթե մինչեւ սեպտեմբեր, որեւէ արդյունք չլինի, մենք երկխոսության հնարավորությունները սպառված կհամարենք, դրա մասին մենք հանդիպման ժամանակ հայտնել ենք»:

Բանակցությունների արդյունքը, Զուրաբյանի խոսքով, «արտահերթ ընտրությունների վերաբերյալ կողմնորոշվելը» կլինի:

Հիշեցնենք, որ հանդիպման պաշտոնական առաջարկը` իբրեւ կոալիցիայից լիազորված անձ, շաբաթվա վերջին հնչեցրեց Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ, թեեւ ձեւավորվել էր կոալիցիայի աշխատանքային խումբը, ՀԱԿ-ը ձեռնպահ էր մնում հայտարարություններից` նշելով, թե չեն արձագանքի, քանի դեռ չունեն պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG