Մատչելիության հղումներ

Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման «քաղաքական հիմք գոյություն չունի»


Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի համոզմամբ` Հայաստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու ոչ մի քաղաքական հիմք այսօր գոյություն չունի:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի եւ իշխանական կոալիցիայի ներկայացուցիչների` այսօր մեկնարկած երկխոսությանն ու դրա հեռանկարներին` Մանուկյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որ ցանկացած իրավիճակում ցանկացած ուժերի միջեւ տեղի ունենա երկխոսություն: Նրա կարծիքով` ճիշտ է նաեւ, որ երկխոսության համար հարթակ ընտրվեց Հանրային խորհուրդը, որը «չեզոք է ե'ւ ընդդիմադիր, ե'ւ իշխանական կուսակցությունների նկատմամբ»:

Մանուկյանը, սակայն, ասաց, թե անկեղծորեն չի պատկերացնում, թե ինչի շուրջ են երկխոսելու ՀԱԿ-ը եւ իշխանական կոալիցիան:

Նրա խոսքով, այն քաղաքական լարվածությունը, որը մարտի 1-ից հետո ձեւավորվել էր Հայաստանում, հետզհետե նվազեց, որովհետեւ «իշխանափոխության հետ կապված ընդդիմության սպասումները արդյունք չտվեցին», եւ այժմ Հայաստանում չկա ներքաղաքական մեծ լարվածություն, փոխարենը կան սոցիալական խնդիրներ:

Անդրադառնալով ՀԱԿ-ի պնդմանը, թե իշխանության հետ երկխոսության ընթացքում իրենք ունեն միայն մեկ օրակարգ` արտահերթ ընտրությունները` Մանուկյանը ասաց. - «Այդպիսի բան չի լինելու Հայաստանում, որովհետեւ դրա համար քաղաքական նախադրյալներ չկան: Արտահերթ ընտրությունների հիմքեր լինում են, եթե Հայաստանում երկու հսկայական ուժ` իշխանություն եւ ընդդիմություն ուժերը համարյա իրար հավասար կանգնած լինեին, ոնց որ ռուսները ասում են` ստենկա նա ստենկու: Հիմա այդպիսի իրավիճակ չկա… Ինչո՞ւ պիտի գնան արտահերթ ընտրությունների: Բացարձակապես հասկանալի չէ»:

Վազգեն Մանուկյանը, ով նաեւ Ազգային ժողովրդավարական կուսակցության առաջնորդն է, համոզմունք հայտնեց, որ այդ երկխոսությունը «որեւէ շոշափելի արդյունք Հայաստանի ապագային չի տալու», եւ «երկրում գոյություն ունեցող խնդիրների կողքին այդ երկխոսությունը իր կարեւորությամբ հինգ հարյուր վաթսունյոթերորդն է». - «Այսօր Հայաստանում բավական լուրջ տնտեսական խնդիրներ կան` փոքր եւ միջին բիզնեսի զարգացում, մոնոպոլիաների վերացում»:

Հարցին, թե արդյոք իշխանափոխությամբ չեն լուծվի այդ խնդիրները, Մանուկյանը պատասխանեց, թե տեսել են, որ իշխանությունները փոխվում են, իսկ խնդիրները` մնում:

ՀԱԿ - կոալիցիա երկխոսությունից ակնկալիքներ չունի նաեւ խորհրդարանական «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

«Մի կողմը` տվյալ պարագայում իշխանությունը արդեն իսկ բավականին լրջորեն լծվել է իր իշխանության վերարտադրության խնդրին… եւ այս կապակցությամբ ուղղակի փորձում է ընդդիմությանը օգտագործել իր այս նպատակներին հասնելու մեջ: Իսկ ընդդիմությունն էլ, ինչպես ինքն է խոստովանում, ծառայություն է մատուցում իշխանությանը` զսպելով փոփոխությունների պահանջի ալիքը հասարակական մակարդակով, որի դիմաց ակնկալում են որոշակի շահաբաժիններ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սաֆարյանը` եզրափակելով. - «Այլ խնդիր ես այդ օրակարգում չեմ տեսնում, եւ նաեւ կողմերը իրենք չեն կարողանում որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ դրան: Իսկ ընդհանուր ամբողջ գործընթացը ուղղակի զավեշտալի է»:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը առայժ ձեռնպահ է մնում մեկնաբանություններից:
please wait

No media source currently available

0:00 0:04:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG