Մատչելիության հղումներ

Երկուշաբթի օրը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մեկնում է Գերմանիա, որտեղ բանակցելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ: Օրակարգում միջպետական խնդիրներ են:

Մինչդեռ, շատերի համար անսպասելի մի հանգամանք հատուկ տրամադրություն է հաղորդում նախագահի այցին. գերմանական կողմը հայտնել է, որ հրաժարվում է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինին «Կվադրիգա» մրցանակը շնորհելու մտադրությունից:

Դա ամենամյա մրցանակ է, այն սահմանել է Բեռլինում գործող մի հասարակական կազմակերպություն:

«Կվադրիգա»-ն հանձնելու հանդիսավոր արարողությունն ավանդաբար տեղի է ունենում հոկտեմբերի 3-ին` Գերմանիայի վերամիավորման օրը:

Մրցանակը տրվում է անվանի քաղաքական գործիչներին, ձեռներեցներին, արվեստագետներին` «մարդկանց, ովքեր օրինակ են ծառայում, լուսավորչական եւ հասարակական գործունեությամբ նպաստում են հանրության բարօրությանը»:

Այս մրցանակին ժամանակին արժանացել են ԽՍՀՄ-ի միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը, Գերմանիայի նախկին կանցլերներ Հելմուտ Կոլն ու Գերհարդ Շրյոդերը, Չեխոսլովակիայի նախկին նախագահ Վացլավ Հավելը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:

Վլադիմիր Պուտինին այս տարվա «Կվադրիգա»-ն հանձնելու էին ռուս - գերմանական հարաբերությունների զարգացմանը նպաստելու համար:

Այդ լուրը հուլիսի 9-ին Süddeutsche Zeitung օրաթերթն էր հաղորդել, նշելով, թե ըստ մրցանակը հանձնող կազմկոմիտեի` «Պուտինը ձգտում է Ռուսաստանի կայունությանն ու բարգավաճմանը եւ Պետրոս Առաջինի օրինակով իր երկրի համար ճանապարհ է հարթում դեպի ապագա»:

Այդ հրապարակումից հետո գերմանական մամուլում թեժ քննարկում էր ծավալվել: Հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ պնդում էին, թե Պուտինն արժանի չէ նման պատվի, քանի որ Ռուսաստանում ոտնահարված են ժողովրդավարական նվաճումներն ու ազատությունները, իսկ Վացլավ Հավելը նույնիսկ սպառնացել է, թե կվերադարձնի իր մրցանակը, եթե «Կվադրիգա»-ն հանձնեն Պուտինին:

«Կվադրիգա»-ն պատկերում է Բեռլինի Բրանդենբուրգյան դարպասի արձանը` քառաձի մարտակարգը: Գերմանացիները հայտնել են, թե այս տարի այն ընդհանրապես ոչ մեկին չի տրվի:

Վլադիմիր Պուտինի մամլո ծառայությունը վստահեցրել է, թե մրցանակի շուրջ ծագած աղմուկը չի ազդի ռուս - գերմանական կապերի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG