Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են ՀԱԿ-ի եւ կոալիցիայի ներկայացուցիչները


Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011
Իշխանության կազմած աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության անդամների հանդիպման մեկնարկը, 18 հուլիս, 2011
Երկուշաբթի օրը ժամը 4-ին Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահում սկսվեց իշխող կոալիցիայի կազմած աշխատանքային խմբի եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ձեւավորած պատվիրակության անդամների հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են կոալիցիայի աշխատանքային խմբի եւ ՀԱԿ-ի պատվիրակության բոլոր անդամները:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` լիազորվա՞ծ են արդյոք երկրի նախագահի կողմից քննարկումներին մասնակցելու համար, աշխատանքային խմբում կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բոստանջյանը արձագանքեց. - «Քաղաքական ուժերը հանդիպում են քաղաքական ուժերի հետ»:

Հանդիպման պաշտոնական առաջարկը` իբրեւ կոալիցիայից լիազորված անձ, շաբաթվա վերջին հնչեցրեց Ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը: Մինչ այդ, թեեւ ձեւավորվել էր կոալիցիայի աշխատանքային խումբը, ՀԱԿ-ը ձեռնպահ էր մնում հայտարարություններից` նշելով, թե չեն արձագանքի, քանի դեռ չունեն պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին:

Կիրակի օրը ընդդիմադիր ՀԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ իրենք դեմ չեն հանդիպել իշխանության ներկայացուցիչների հետ եւ «ամենայն հարգանքով» լսել նրանց, սակայն վերապահումներ ունեն հանդիպման ձեւաչափի, նաեւ վայրի վերաբերյալ. ՀԱԿ-ը պատրաստ էր երկխոսել ոչ թե քաղաքական կուսակցությունների, այլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:

Հայտարարության մեջ ՀԱԿ-ը «ցավով արձանագրել է», որ իշխանությունը չի հասկացել, կամ ձեւացրել է, թե չի հասկացել այդ պարզ իրողությունը, ինչը, ընդդիմադիրների գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան «իրավիճակի ոչ համարժեք ընկալման կամ քաղաքական անպատասխանատվության դրսեւորում»։

Հանդիպման համար Հանրային խորհրդի նիստերի փոքր սրահը եւս ՀԱԿ-ին չի ոգեւորել: «Կարելի էր հանդիպման համար չեզոք վայր ընտրել», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ը նաեւ համոզմունք է հայտնում, թե իշխանությունը վաղ թե ուշ իրենց հետ խոսելու է գործադիր մարմինների ներկայացուցիչներից կազմված եւ Սերժ Սարգսյանի կողմից լիազորված պատվիրակության մակարդակով:

«Քանի դեռ այդպիսի պատվիրակություն չի ձեւավորվել, Հայ Ազգային Կոնգրեսի եւ իշխանության միջեւ իրական երկխոսության մասին ավելորդ ու անիմաստ է խոսել», - ասված է հայտարարությունում:

ՀԱԿ-ի առաջարկած երկխոսության օրակարգը հայտնի է` արտահերթ ընտրությունների անցկացում: Իշխանությունը անհնար է համարում այդ հարցի շուրջ երկխոսել, սակայն իշխանության ներկայացուցիչները մինչեւ այսօր չեն ներկայացրել իրենց օրակարգը, նշելով, որ իրենց կարծիքով, այն հանդիպումների ընթացքում կձեւավորվի:

Իշխանության ներկայացուցիչները նաեւ հղում են անում ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը:

«Ես տեղյակ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, որ իրենք պատրաստ են լսել, քննարկել կոալիցիայի օրակարգը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց իշխանության ձեւավորած աշխատանքային խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով` մինչ կոալիցիայի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը, այսօր առավոտյան նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է կոալիցիայի աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ եւ Դավիթ Հարությունյանի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG