Մատչելիության հղումներ

logo-print

Մամեդյարովը Մոսկվային փոխանցեց Ալիեւի պատասխանը Մեդվեդեւի առաջարկներին


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Մոսկվա կատարած այցի ժամանակ փոխանցել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւի պատասխանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջարկներին: Այդ մասին այսօր ադրբեջանցի պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Կասկած չունենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը տարածաշրջանային օրակարգի առաջնայնություններից մեկն է», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալության վկայությամբ` ասել է Լավրովը` հավելելով. - «Ռուսաստանը երկու երկրներին օգնում է հանգուցալուծումներ փնտրել ոչ թե միայնակ, այլ որպես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահ»:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է նաեւ, որ ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքների նախագծում չհամաձայնեցված դրույթները շատ քիչ են, սակայն առանցքային են:

Մամեդյարովը, իր հերթին, ասել է, թե այսօր «պետք է սպասել հայկական կողմի պատասխանին»:

«Գտնում ենք, որ առաջընթաց [ղարաբաղյան կարգավորման գործընթացում] կա, մենք այն տեսնում ենք: Սակայն ներկայիս իրավիճակը ձեռնտու չէ կողմերից ոչ մեկին, այդ թվում միջնորդներին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

«Առանց որեւէ հիստերիայի մենք պետք է շարունակենք քննարկումը: Սկզբունքները, որոնք ներկայումս քննարկվում են, քաղաքական փաստաթուղթ են, այլ ոչ թե իրավաբանորեն պարտավորեցնող: Համարում եմ, որ պետք է դուրս գանք դեպի իրավաբանորեն պարտավորեցնող փաստաթղթի քննարկման մեկնարկը, ինչպիսին է խաղաղ պայմանագիրը: Ժամանակը դրա համար հասունացել է», - ասել է Մամեդյարովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG