Մատչելիության հղումներ

Gallup. «Նախկին ԽՍՀՄ-ում նախընտրում են խնայողությունները պահել ազգային արժույթով»


Հայաստան - 100 հազար դրամանոց թղթադրամը
Հայաստան - 100 հազար դրամանոց թղթադրամը
Նախկին Խորհրդային Միության տարածքում բնակչության մեծ մասը նախընտրում է իր խնայողությունները պահել ազգային արժույթով։ Համենայնդեպս, այդ է փաստում Gallup հետազոտական կենտրոնի վերջին ուսումնասիրությունը:

Ընդ որում, զեկույցի համաձայն, ազգային արժույթի հանդեպ հավատարմությամբ հայաստանցիներրը ԱՊՀ-ի տարածքում երկրորդ տեղն են զբաղեցնում. նրանց շուրջ 63 տոկոսը իր խնայողությունները պահում է ազգային դրամով:

Ցուցակի առաջին հորիզոնականում Ադրբեջանն է, որտեղ ազգային մանաթը նախընտրում է բնակչության 75 տոկոսը, երրորդ տեղում` Ռուսաստանը, որտեղ ռուբլու կայունության մեջ վստահ է բնակչության կեսից ավելին` 56 տոկոսը:

Ամենից քիչ իրենց ազգային արժույթին, ըստ Gallup-ի, հավատում են բելառուսցիները։ Այստեղ, ըստ զեկույցի, 22 տոկոսը կամ հինգից մեկն է միայն խնայողությունները պահում բելառուսական ռուբլով, ինչը, ըստ փորձագետների, պայմանավորված է այդ արժույթի` անցած տարվանից սկսված արժեզրկմամբ:

Վստահության պակասի առումով երկրորդ տեղում է վրացական լարին. ազգային արժույթով իր խնայողությունները Վրաստանում պահում է բնակչության 28 տոկոսը միայն, ինչը գրեթե երկու անգամ քիչ է Հայաստանում արձանագրված ցուցանիշից:

Ուսումնասիրության ընթացքում Gallup-ը պարզել է նաեւ նախկին Խորհրդային Միության բնակիչների վերաբերմունքը արտարժույթի նկատմամբ: Ըստ այդմ, տարածաշրջանում առաջատար է շարունակում մնալ ամերիկյան դոլարը, որին վստահում է գրեթե երեք անգամ ավելի շատ մարդ, քան եվրոպական միացյալ արժույթին` եվրոյին:

Այս ցուցանիշով առաջինը Տաջիկստանն է, որտեղ դոլարով իր խնայողությունները պահում է բնակչության կեսից ավելին` 51 տոկոսը, մինչդեռ եվոյին հավատում է բնակչության ընդամենը 4 տոկոսը:

Գրեթե նույնն է պատկերը նաեւ ասիական մյուս երկրներում:

Հայաստանում եւս դոլարին վստահողների թիվը մեծ է` բնակչության 17 տոկոսը, մինչդեռ եվրոյին` 9 տոկոսը:

Gallup-ի հարցումների համաձայն, ծայրահեղ ցածր է ռուսական ռուբլու վարկանիշը. հավելյալ գումար ունենալու եւ խնայողություններ անելու դեպքում դրան նախապատվություն են տալիս միայն Տաջիկստանում, Բելառուսում, Ղրղըզստանում ու Հայաստանում, սակայն` բնակչության մեկ տոկոսը միայն:

Gallup-ը ուսումնասիրությունն անցկացրել է 2010 թվականի ընթացքում` մոտ երեք հազար հարցվածների շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG