Մատչելիության հղումներ

logo-print

Հուլիսի 16–ի մամուլ


Քաղաքական երկխոսությանն առնչվող հարցեր են արծարծվել ԵԽԽՎ–ում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արման Գրիգորյանի՝ «Ժամանակ» օրաթերթին տված հարցազրույցում։ Հարցին՝ ի՞նչ է վկայում միջազգային փորձը, ո՞ր երկրներն են կարողացել հաղթահարել ներպետական ճգնաժամերը իշխանություն–ընդդիմություն երկխոսության ճանապարհով, եւ Հայաստանն այս առումով ո՞ր երկրի օրինակին է հետեւում, Արման Գրիգորյանը պատասխանում է. – «Նման օրինակները բազմաթիվ են։ Ամենաթարմ օրինակը Պակիստանն է, որտեղ Մուշարաֆը երկխոսության միջոցով խաղաղ կերպով զիջեց իշխանությունը, եւ ես կարծում եմ՝ դրանով կանխեց երկրի վերահաս ապակայունացումը։ Նույնն արեց Պինոչետը Չիլիում։ Հիշենք նաեւ Արեւելյան Եվրոպայի անցումները, որոնք, բացառությամբ մի երկրի, ընտրեցին նույն ճանապարհը։ Միակ երկիրը, որտեղ իշխանությունները մերժեցին երկխոսության ճանապարհը, Ռումինիան էր։ Երեւի կարիք չկա հիշեցնելու, թե ինչի հանգեցրեց այդ մերժումը եւ ինչքան ավելի քարքարոտ ու դժվար անցումային շրջան ունեցավ այդ երկիրը։ Մենք նաեւ հաճախ մոռանում ենք, որ Հայաստանը նույնպես նման փորձ ունի։ Ես երբեք հայ կոմունիստների երկրպագուն չեմ եղել, բայց արդարությունը պահանջում է խոստովանել, որ նրանք նույնպես իշխանությունը նամուսով զիջեցին։ Սերժ Սարգսյանի ռեժիմը գոնե հայ կոմունիստների չափ նամուս պիտի ունենա ու նրանցից օրինակ վերցնի»։

«Երկիր» թերթի խմբագրականը գնահատում է Հայաստանի իշխանությունների նախաձեռնողական քաղաքականության արդյունքները. – «Նոր իշխանությունը, չնայած բազմաթիվ զգուշացումներին, հանդես եկավ առանցքային հարցերում նախաձեռնողականություն ցուցաբերելու, իսկ իրականում դրա անվան տակ միակողմանի զիջումների գնալու պատրաստակամությունը։ Դրա առաջին դրս¨որումը հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն էր, որոնցով ընդամենը փաստաթղթային ամրագրում ստացավ մեր կողմից նախօրոք հայտարարված զիջումների պատրաստակամությունը։ Արդյունքում՝ Թուրքիան անընդհատ հայտարարում է իր նախապայմանների մասին, իսկ մենք ի պատասխան՝ շարունակում ենք աշխարհին ցուցադրել անընդունելի զիջումներ պարունակող այդ փաստաթղթերը վավերացնելու մեր պատրաստակամությունը։ Նույնը կրկնվում է ԼՂ կարգավորման հարցում։ Հայաստանը դրական է արտահայտվում ներկայացվող բոլոր փաստաթղթերին, չնայած ամեն հաջորդը նախորդից ավելի վատն է: Մինչդեռ, Ադրբեջանը դեմ արտահայտվելով դրանց, դիվանագիտական խուսանավումներով աշխարհին ընկալելի է դարձնում իր անփոփոխ դիրքորոշումը։ Արդյունքում` միջնորդները, բանակցային գործընթացը ձախողումից փրկելու համար, ամեն անգամ փորձում են ավելի ու ավելի շատ զիջումներ կորզել Հայաստանից։ Սա վերահաստատում է այն ճշմարտությունը, որ բանակցային գործընթացում «ջենտլմենական» պահվածքն ավելին չէ, քան թուլության արտահայտություն»:

«Հայոց աշխարհ»–ը գրում է. – «Զարմանալի կլիներ, եթե ամենուրեք եւ ամեն ինչի մեջ «կեղծված ընտրությունների» ապացույցներ որոնողները բաց թողնեին ԿԸՀ նախագահի պաշտոնում Գարեգին Ազարյանի վերընտրվելու «բազմանշանակ» փաստը եւ չօգտագործեին պատեհ առիթը՝ եւս մեկ անգամ երգելու հին երգը դեռեւս չկայացած ընտրությունների ոչ լեգիտիմության մասին։ Բավական է աչքի անցկացնել ԿԸՀ նախագահի ասուլիսին նվիրված հրապարակումների վերնագրերը («Գարեգին Ազարյանը խոստովանեց», «ԿԸՀ նախագահն ընդունում է իր մեղքը. ընտրությունների ժամանակ կեղծիքներ են եղել», եւ այլն, եւ այդպես շարունակ)՝ հասկանալու համար, որ անկախ առաջիկա խորհրդարանական ընտրությունների որակից եւ տեղական, միջազգային դիտորդների, եվրոպական կառույցների գնահատականներից, այդ թեմայով շահարկումների պակաս չի զգացվելու ո՛չ 2012թ. ընտրություններից առաջ, ո՛չ էլ առավել եւս դրանից հետո»։

«Հայկական ժամանակ»–ի տնտեսական մեկնաբանը քննադատում է Կենտրոնական բանկի գործունեությունը. – «Դժվար է գտնել մի խնդիր, որը այս կառույցը լուծած լինի հաջողությամբ։ Տարիների ընթացքում Հայաստանի կուտակած ամբողջ ոսկին գաղտնի վաճառեց մի այնպիսի պահի, երբ ակնհայտ էր, որ ոսկու գները շուտով բարձրանալու են։ Ու բարձրացան։ Արդյունքում՝ երկրին հասցվեց մոտ 50 միլիոն դոլարի վնաս։ Դրամի փոխարժեքը արհեստականորեն արժեւորեց՝ որի արդյունքում Հայաստանը կրեց առնվազն 1.2 միլիարդ դոլարի ուղղակի վնաս։ Հայաստանի Սահմանադրությամբ՝ Կենտրոնական բանկի վրա է դրված գնաճի զսպումը։ Այնպես զսպեց, որ մի տարվա մեջ գնաճը անցավ 10 տոկոսից։ ԿԲ–ն ունի պարտավորություն՝ զսպել դոլարիզացիան։ Այսօր դոլարիզացիայի մակարդակը չափազանց բարձր է։ Կենտրոնական բանկը ագահաբար արտաքին վարկեր է ներգրավում, եւ նաեւ դրա շնորհիվ մեր արտաքին պարտքը կրկնակի գերազանցում է պետական բյուջեն»։

«Հրապարակ»–ի խմբագրականն ընդհանրացնում է. – «Հայաստան պետությունը 2011-ին հայտնվել է ծանր կացության մեջ՝ եւ տնտեսական, եւ քաղաքական, եւ հոգեւոր ու մշակութային ասպեկտներով: Եվ այդ կացությունից դուրս գալու ոչ ստանդարտ լուծումներ են հարկավոր: Եվ նման լուծումների ռիսկ դրսեւորած իշխանությունը շահած է դուրս գալու: Եթե այդ լուծումն արտահերթ ընտրություններն են, ուրեմն պետք է գնալ դրան: Եվ պետք չէ վախենալ այն խոսակցություններից, թե իշխանությունը գնում է զիջումների: Զիջումների գնում են ուժեղները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG