Մատչելիության հղումներ

7–ամյա Ասթինեն կենդանաբանական այգու խնամակալներից է


7–ամյա Ասթինեն կենդանաբանական այգու խնամակալներից է: Ծննդյան օրը ծնողները նրան նվիրեցին եղնիկի խնամակալությունը:

Ասթինեն հաճախում է լողի, նկարչության հիմա էլ հաճախ լինելու է կենդանաբանական այգում` խնամելու իր եղնիկին: Մայրը` Խաթուն Գրիգորյանցը նշում է, որ կենդանու ընտրությունը Ասթինեինն էր:

Այսուհետ յուրաքանչյուր ոք մեկ տարի ժամկետով կարող է դառնալ կենդանաբանական այգու իր նախընտրած կենդանու խնամակալը, մասնակցել կենդանու կերակրման ու խնամքի աշխատանքներին: Ծրագրի նպատակը հանրությանը կենդանաբանական այգուն մոտեցնելն է:

Ծրագիրը մեկնարկել է այս տարվա մայիսին: Անհատական խնամակալության համար քաղաքացին պետք է վճարի 20 հազարից 100 հազար դրամ մեկ տարվա համար, բայց խնամակալի այցելությունները չպետք է խանգարեն կենդանու հանգստին ու ազդեն կենսական պայմաններին:

Շաբաթվա ընթացքում խնամակալը էլեկտրոնային տարբերակով կստանա կենդանուն վերաբերող տվյալներ, իր կենդանու նկարով բաժակներ եւ օրացույց, լուսանկարներ, տեղեկություններ առողջական վիճակի մասին եւ այլն:

Շուտով կենդանաբանական այգու կայքում կտեղադրվեն կենդանիների ամբողջական ցանկն ու լուսանկարները: Սա հնարավորություն կտա ուսումնասիրել կենդանիներին, ծանոթանալ Կարմիր գրքում գրանցված, անհետացման եզրին կանգնած եւ իսկապես խնամքի ու հոգատարության կարիք ունեցող կենդանիներին:

Ֆիլմերի ցուցադրություն կենդանաբանական այգում


Կենդանաբանական այգին ունի եւս մեկ նորություն: Այսուհետ յուրաքանչյուր շաբաթ օր կենդանաբանական այգում տեղի կունենան բնապահպանական, կենդանական աշխարհի խնդիրներին վերաբերող ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ ու քննարկումներ:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն խաչատրյանը նշում է, որ սա հնարավորություն կտա ծանոթանալու մեր բնապահպանական խնդիրներին:

Մեկնարկային ցուցադրությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի շրջանակներում «Արեւորդի» բնապահպանական փառատոնի հետ համատեղ: Նախագիծը մեկնարկեց Ներսես Հովհաննիսյանի 10-ը րոպեանոց ֆիլմով, որը 1967 թվականին առաջին՝ Վովա փղիկին Հայաստան բերելու մասին էր:

Հոկտեմբերին նշվելու է կենդանաբանական այգու հիմնադրման 70 ամյակը:

Ռուբեն Խաչատրյանը նշում է Կենդանաբանական այգին շատ նախագծեր ունի. – «Պետք է աշխատենք նաև հասարակության հետ: Մարդիկ պետք է այգին համարեն ոչ միայն ժամանցի տարբերակ: Այգին երեխաների համար պետք է դառնա կենդանիների հետ շփվելու, կենդանիների մասին տեղեկություններ ստանալու եւ հոգ տանելու միջոց»:

XS
SM
MD
LG