Մատչելիության հղումներ

«ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ընկերության վճռաբեկ բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վերաքննիչ դատարանի որոշումը, որով հեռուստաընկերությանը պարտավորեցնում է ապամոնտաժել իր հեռարձակող հեռուստասարքավորումները Գյումրու հին հեռուստաաշտարակի վրայից:

Այսպիսով ավարտին է մոտենում շուրջ 3 ու կես տարի առաջ Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնած դատական գործընթացը «ԳԱԼԱ» հեռուստաընկերության դեմ:

«Հատկանշական է, որ մոտ 4 տարի ձգձգվող դատական այս գործընթացը հանգուցալուծում է ստանում համապետական ընտրությունների նախաշեմին, եւ «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը՝ ապամոնտաժելով իր հեռարձակող սարքավորումները, փաստացի կեթերազրկվի անորոշ ժամանակով», – ասված է հեռուստաընկերության տարածած հաղորդագրությունում։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հեռուստատեսության սեփականատեր Վահան Խաչատրյանը տեղեկացրեց, որ «ԳԱԼԱ»–ն չի պատրաստվում ինքնակամ ապամոնտաժել հեռարձակող սարքավորումները, եւ քաղաքապետարանը ստիպված է լինելու դիմել Դատական ակտերի հակադիր կատարման ծառայությանը։

Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ հեռուստաընկերությունը դիմել է Գյումրու հիմնական հեռուստաաշտարակին՝ հեռարձակող սարքավորումը տեղադրելու համար եւ այժմ բանակցությունների փուլում է:

2008–ի նախագահական ընտրությունների ժամանակ «ԳԱԼԱ»–ն ակտիվորեն լուսաբանում էր ընդդիմության քարոզարշավը, ինչին հետեւեց հեռուստաընկերության դեմ հարկային ստուգումների եւ դատական գործընթացների շարանը։ Ընկերությունը, մասնավորապես, հարկային մարմինների կողմից 27 միլիոն դրամի տուգանքի ենթարկվեց, սակայն ժողովրդական հանգանակության շնորհիվ «ԳԱԼԱ»–ին հաջողվեց ժամանակին կատարել ֆինանսական պարտավորությունները։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG