Մատչելիության հղումներ

Կոալիցիան պաշտոնապես հրավիրում է ՀԱԿ-ին քննարկումների


Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյան
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում պաշտոնապես հաստատում է իշխող կոալիցիայի կողմից ձեւավորված աշխատանքային խմբի` Հայ ազգային կոնգրեսի համապատասխան հանձնախմբի հետ քննարկումներ սկսելու պատրաստակամության մասին:

Խորհրդարանի նախագահի հայտարարությունում, որը շաբաթ օրը տարածել է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ասված է. - «Քաղաքական կոալիցիայի անունից լիազորված եմ հայտարարելու, որ կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը` Դավիթ Հարությունյանի (ՀՀԿ), Գագիկ Մինասյանի (ՀՀԿ), Նաիրա Զոհրաբյանի (ԲՀԿ), Վարդան Բոստանջյանի (ԲՀԿ), Մհեր Շահգելդյանի («Օրինաց երկիր») եւ Խաչիկ Հարությունյանի («Օրինաց երկիր») մասնակցությամբ, պատրաստ է սկսելու քննարկումների շարքը Հայ ազգային կոնգրեսի համապատասխան հանձնախմբի հետ: Աշխատանքային խմբի անդամները հրավիրում են Հայ ազգային կոնգրեսը ներկայացնող իրենց գործընկերներին ս.թ. հուլիսի 18-ին ժամը 16.00-ին Հանրային խորհրդի փոքր նիստերի սրահ առաջին հանդիպման համար»:

Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) իր պատվիրակությունը ձեւավորել է դեռ անցած ամսվա սկզբին, որի կազմում են Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, տնտեսական հանձնախմբի անդամ Վահագն Խաչատրյանը, ՀԺԿ-ի վարչության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը եւ ՀՀՇ- վարչության փոխնախագահ Սամվել Աբրահամյանը։

Կոալիցիան ՀԱԿ–ի հետ երկխոսելու համար աշխատանքային խումբը ձեւավորել էր շաբաթ առաջ:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթասկզբին հրաժարվել էր մեկնաբանել այս փաստը, պատճառաբանելով, որ առայժմ չկա «որեւէ պաշտոնական որոշում, հրամանագիր կամ կարգադրություն երկխոսության համար իշխանությունների կողմից ձեւավորված պատվիրակության մասին»։

Այսօր Հայ ազգային կոնգրեսից դարձյալ որեւէ կերպ չմեկնաբանեցին Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը, որն արդեն, փաստորեն, աշխատանքային խմբի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն է։

Չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի պատվիրակության անդամ Ֆելիքս Խաչատրյանը հայտարարել էր, թե իշխանությունների հետ երկխոսության ընթացքում իրենք բարձրացնելու են մեկ հարց` արտահերթ ընտրությունների անցկացումը:

Այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե կոալիցիոն կուսակցությունների կողմից ձեւավորված աշխատանքային խումբը ինչպե՞ս է արձագանքելու ՀԱԿ–ի այս միակ օրակարգային պահանջին, աշխատանքային խմբի անդամ, Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց. - «Ես տեղյակ եմ Լեւոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը, որ իրենք պատրաստ են լսել, քննարկել նաեւ կոալիցիայի օրակարգը։ Եվ բնականաբար, արտահերթ ընտրությունների վերաբերյալ կարծիքներ, տեսակետներ բազմիցս հնչել են։ Կարծում եմ կոալիցիան կներկայացնի իր օրակարգը, եւ ես հույս ունեմ, որ կձեւավորվի կոնսենսուսային օրակարգ Հայ ազգային կոնգրեսի հետ»։

Նաիրա Զոհրաբյանը հավելեց, որ որպես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը միտված կլինի երկրի զարգացմանը, տնտեսական առաջընթացին։

«Ես հույս ունեմ, որ օպտիմալ աշխատանք կստացվի», – եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։
please wait

No media source currently available

0:00 0:03:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG