Մատչելիության հղումներ

Նոր Ընտրական օրենսգիրքը «նույնպես բացառում է ընդդիմադիր վերահսկողությունը»


Ընտրություն Երեւանում, արխիվային լուսանկար
Ընտրություն Երեւանում, արխիվային լուսանկար
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի անդամ Դավիթ Մաթեւոսյանի համոզմամբ` Ընտրական նոր օրենսգրքի հիման վրա ձեւավորված Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) եւ ձեւավորվելիք ընտրատարածքային ու տեղամասային ընտրական հանձնաժողովները իրավական տեսանկյունից չեն ստեղծում այն երաշխիքները, որ առաջիկա ընտրությունները ազատ եւ արդար անցկացվեն:

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով փոխվեց ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, եւ երեկ էլ ըստ նոր կարգի վերջնականապես ձեւավորվեց ԿԸՀ-ն:

«Կարծում եմ` առաջիկա ընտրությունները կլինեն արտահերթ, օրենսգիրքը որեւէ ազդեցություն չի ունենա, օրենսգիրքը այդ խնդիրը չի կարող լուծել, որովհետեւ նախկինի` 1999 թվականին ընդունված Ընտրական օրենսգրքի նման` սա նույնպես բացառում է ընդդիմադիր վերահսկողությունը», - ասաց Մաթեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, ԿԸՀ-ի յոթ անդամներին նշանակում է երկրի նախագահը` Մարդու իրավունքների պաշտպանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Փաստաբանների պալատի ղեկավարի առաջարկությամբ:

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած մրցույթի հիման վրա, որին կարող են դիմել Ընտրական օրենսգրքում ամրագրված չափանիշներին համապատասխանող մարդիկ եւ որից հետո ԿԸՀ-ն ընտրում է Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 7 հոգանոց կազմը: Ողջ Հայաստանը բաժանված է 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:

Առնվազն 7 հոգանոց կազմ ունեցող տեղամասային ընտրական հանձնաժողովները ձեւավորվում են Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների ներկայացրած անձանց ու ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների ներկայացրած անձանց կողմից: Ըստ Ընտրական նոր օրենսգրքի, եթե խորհրդարանում խմբակցությունների թիվը հինգն է կամ ավելի, ապա յուրաքանչյուր կուսակցություն կարող է ընդամենը մեկ անդամ ներկայացնել տեղամասային ընտրական հանձնաժողով: Իսկ եթե խորհրդարանում խմբակցությունների թիվը հինգից քիչ է` երկու անդամ: Քանի որ այսօր Հայաստանի Ազգային ժողովում կան հինգ խմբակցություններ, ուստի կուսակցությունները կներկայացնեն հինգ հոգու, իսկ մյուս երկուսին ներկայացնելու են ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արդեն նախկին անդամ Զոյա Թադեւոսյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ սովորաբար ընտրակեղծիքները տեղի են ունենում հենց տեղամասային ընտրական հանձնաժողովների մակարդակում, եւ Ընտրական նոր օրենսգիրքը, ըստ էության, իրավական երաշխիքներ չի ստեղծում, որ դրանք չկրկնվեն:

«Տեղամասային ընտրական հանձնաժողովներում պահպանվում է նույն կուսակցական ներկայացվածությունը եւ երկու հոգի էլ նշանակելու է ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը: Հետաեւաբար, կարծում եմ, որ ընտրակեղծիքները որեւէ լուրջ խոչընդոտի չեն հանդիպի»,- ասաց Թադեւոսյանը:

«Ընտրությունը քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանի կարծիքով էլ, բարեփոխումները ընտրական հանձնաժողովների ձեւավորման գործում անավարտ են:

«Եթե մենք անցնում ենք պրոֆեսիոնալ, ոչ կուսակցականացված հանձնաժողովների ստեղծմանը, ես դա համարում եմ նորմալ, բայց այս դեպքում ինչո՞ւ միայն ԿԸՀ-ն եւ Ընտրատարածքայինը, ինչո՞ւ ոչ նաեւ տեղամասայինը», - հարցնում է Հարությունյանը:

Ի դեպ, այսօր «Ազատություն» ռադիոկայանի բոլոր զրուցակիցներն էլ ընդգծեցին այն միտքը, որ ազատ ու արդար ընտրությունների անցկացման համար շատ ավելի կարեւոր է իշխանությունների քաղաքական կամքը, քան ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը:
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG