Մատչելիության հղումներ

«Ընտանեկան բռնությունն ընտանիքի հարց չի, ընտանեկան բռնությունը հասարակության եւ պետության հարցն է: Մենք ուզում ենք բարձրաձայնել, որ, այն ինչ տեղի է ունենում դռների հետեւում հասարակության հոգածության ու պետության հոգածության հարցն է»,- ասաց Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը հինգշաբթի օրը Երեւանի Կարապի լճի հարեւանությամբ կազմակերպված «Ո'չ ընտանեկան բռնությանը» խորագրով միջոցառման ժամանակ:

Ակցիան գեղեցիկ եւ տպավորիչ դարձնելու համար կազմակերպիչները փուչիկներ բաժանեցին անցորդներին, ովքեր դրանց վրա գրում էին` «Ո'չ ընտանեկան բռությանը»: Այնուհետեւ բոլորը միահամուռ կերպով փուչիկները բաց թողեցին օդ:

«Փուչիկները օդ բաց թողնելուց հետո հույս ունենք, որ կկանխարգելվի ընտանեկան բռնությունը Հայաստանում, կամ այն տղամարդիկ, ովքեր իրենց կանանց եւ երեխաներին ենթարկում են բռնության, մի դաս կքաղեն եւ գոնե բռնությունները մեկ տոկոսով կնվազեն», - ասաց կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Դիանա Սարգսյանը:

Կենտրոնի մանկավարժ-հոգեբան Մարինե Սարգսյանի խոսքով` իրենց այնպիսի ընտանիքներ են դիմում, որտեղ կան բռնության բոլոր տեսակները:

«Մարդիկ մեզ դիմում են ծայրահեղ վիճակում: Հայաստանը մեր երկիրն է, եւ այստեղ բռնություն չպետք է լինի: Այնպես որ մեր օգնությունն իրենց պետք է», - ասաց Սարգսյանը:

Կազմակերպիչները նշում են, որ նմանտիպ ակցիաներ նորից կանցկացվեն: Հոկտեմբերի 1-ին նախատեսվում է կազմակերպել ակցիա ռոք համերգի տեսքով` նվիրված ընտանեկան բռնության զոհ դարձած Զարուհի Պետրոսյանի հիշատակին:
XS
SM
MD
LG