Մատչելիության հղումներ

Ազարյանի կարծիքով` նոր ԿԸՀ-ն ավելի արդյունավետ կաշխատի


ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյան
ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյան
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նորընտրիր նախագահ Գարեգին Ազարյանը, ընդունելով, որ հասարակության վերաբերմունքը հանձնաժողովի նկատմամբ հիմնականում բացասական է, կարծիք հայտնեց, թե ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, թեկնածուները ճիշտ չեն գնահատում իրենց հնարավորությունները` հասարակության մեջ նախատրամադրվածություն առաջացնելով:

«Մենք միշտ ունենում ենք 10-ից ավելի կուսակցություններ, որոնք մասնակցում են համամասնական ընտրություններին, եւ բոլորը, դեռ չգրանցված որպես թեկնածու, հայտարարում են, որ ունեն առնվազն 65 տոկոս ձայն (դրանց մի մասը առնվազն հաղթահարում են 5 տոկոսը), երբ այդ ամբողջը գումարում ես, ստացվում է մոտ 999 տոկոսում, բայց մեզ դպրոցում այլ բան են սովորեցրել», - ուրբաթ օրը լրագրողների հետ կայացած ասուլիսում ասաց Ազարյանը, ով երեկ նոր կազմավորված ԿԸՀ-ի առաջին նիստում միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

Այսպիսով, ԿԸՀ-ի նախկին նախագահ Գարեգին Ազարյանը առաջիկա 7 տարիներին եւս կշարունակի ղեկավարել հանձնաժողովը:

Հարցին, թե ԿԸՀ-ի նկատմամբ ձեւավորված հանրային կարծիքի համար արդյո՞ք իր մեղքի բաժինը չի տեսնում, Ազարյանը պատասխանեց. - «Տեսնում եմ, իհարկե, ես չեմ կարող բոլորին սովորեցնել, թե ինչ է նշանակում ընտրություն եւ ինչպես են դրանք կազմակերպում»:

Ազարյանը հայտարարեց, թե 2003 թվականից սկսած բոլոր ընտրությունների արդյունքները ընդհանուր առմամբ եղել են այնպիսին, ինչպիսին լսվել ԿԸՀ-ի նախագահի շուրթերից` պնդելով, որ կեղծված ընտրությունների մասին խոսք լինել չի կարող:

«Կեղծված ընտրությունները եւ ընտրությունների ժամանակ կեղծիքները տարբեր բաներ: Ես չեմ ասել, որ ընտրությունների ժամանակ կեղծիքներ չկան, կամ հնարավոր է դրանք ընդհանրապես բացառել: Եթե կլինի մեկը, որ կարող է ընդհանրապես բացառել կեղծիքները, հաճույքով իմ տեղը կզիջեմ նրան, եւ կարծում եմ, որ ԿԸՀ-ի մյուս բոլոր անդամներն էլ նույնը կանեն», - ասաց Ազարյանը:

Արձագանքելով այս դիտարկմանը` ընդդիմադիր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարը Ստյոպա Սաֆարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Ազարյանը ընդամենը փորձում է նախորդ ընտրությունների պատասխանատվությունից հրաժարվել:

«Պարոն Ազարյանը չի կարող հիշեցնել որեւէ մեկին որեւէ լուրջ դեպք, երբ ահազանգ է հնչեցվել, այդ թվում` անհավասար քարոզչությունից մինչեւ հետապնդումներ, եւ ինքը` որպես ԿԸՀ-ի նախագահ կանխել է այդ ընտրակեղծիքները: Ես չեմ վստահում պարոն Ազարյանի հայտարարություններին: Շատ վտանգավոր նշան եւ ուղերձ եմ համարում հանրապետության նախագահի կողմից նման մարդկանց վերստին առաջադրումը` այս անգամ այլ խողովակներով», - ասաց Սաֆարյանը:

Նրա խոսքով` իշխանության բոլոր քայլերը` սկսած Ընտրական օրենսգրքի փոփոխություններից, վկայում են, որ իշխանությունները չեն հրաժարվել ընտրությունները կեղծելու պրակտիկայից: ԿԸՀ-ի ձեւավորման նոր կարգը ընդդիմադիր պատգամավորը համեմատում է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ընտրության մրցույթի հետ:

«Մրցույթի քողի տակ հանձնաժողովի անդամ են դառնում նրանք, ովքեր վայելում են իշխանության վստահությունը, եւ արդյունքում ձեւավորվում է նախագահից կախված, նրա կողմից նշանակվող, նրա կողմից վերահսկելի մի մարմին: Իրականում սա իմիտացիա է, եւ դրա նպատակը մեկն է` ցույց տալ, թե բարեփոխումներ են իրականացվում, որ արհեստավարժ ընտրական հանձնաժողովներ են ձեւավորվում, բայց իրականում մենք գործ ունենք ընտրակեղծարարի համբավ ունեցող մարդկանց վերանշանակումների հետ», - կարծիք հայտնեց Սաֆարյանը;

Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով ԿԸՀ-ի յոթ անդամներին նշանակում է երկրի նախագահը Մարդու իրավունքների պաշտպանի, Վճռաբեկ դատարանի եւ Փաստաբանների պալատի նախագահների առաջարկությամբ, մինչդեռ նախկինում հանձնաժողովում անդամներ ունեին խորհրդարանում ներկայացված խմբակցությունները:

Ազարյանն այսօր համոզմունք հայտնեց, թե նոր կազմավորված հանձնաժողովը առանց կուսակցական գործիչների շատ ավելի արդյունավետ է աշխատելու: Նա իր պաշտոնը քաղաքական չի համարում:

«Ընտրական համակարգը քաղաքականություն իրականացնող է` բայց միայն ընտրական գործընթացներում, այն քաղաքական մարմին չէ, ինչից մենք մի կերպ կարողացանք ազատվել ԿԸՀ-ում եւ Ընտրատարածքային ընտրական տեղամասերում` ամրագրելով, որ կուսակցություններն այստեղ անելիք չունեն», - ասաց Ազարյանը:

Հակադարձելով Ազարյանի պնդմանը, թե իր պաշտոնը քաղաքական չէ, Սաֆարյանն ասաց. - «Ընտրական հանձնաժողովները` լինեն քաղաքական, իրավաբանական թե այլ մարմին, միեւնույնն է` կատարել են իշխող խմբի իջեցրած պատվերը` ամեն գնով, ամեն կերպ ապահովելու իշխանության վերարտադրությունը: Ինչ անուն էլ տանք, այն ինչ արել է ԿԸՀ-ն Հայաստանում, եղել է քաղաքական պատվերի կյանքի կոչում»:
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG