Մատչելիության հղումներ

Նալբանդյանը այցելեց Դուբլին եւ մեկնեց Վիեննա


Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ այցելել է Դուբլին, որտեղ հանդիպել է Իռլանդիայի օրենսդիր եւ գործադիր մարմինների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:

Իռլանդիայի փոխվարչապետ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Էյմոն Գիլմորի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հարաբերությունների օրակարգի ձեւավորման, տարածաշրջանային, միջազգային, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հաշվի առնելով հաջորդ տարի Իռլանդիայի կողմից ԵԱՀԿ-ի նախագահության ստանձնումը` անդրադարձ է կատարվել կազմակերպության առաջնային հարցերին:

Հատուկ նշվել է հայ - իռլանդական երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարեւորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը: Նախարարները պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, անդրադարձել տնտեսական ոլորտում համագործակցության հնարավոր ուղղություններին: Այս տեսանկյունից երկուստեք կարեւորվել է հանդիպումից առաջ ստորագրված` երկու երկրների միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագիրը:

Գիլմորը ներկայացրել է ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահության առաջնահերթությունները, կազմակերպության նպատակների իրականացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Նալբանդյանը ասել է, որ Հայաստանն աջակցություն կցուցաբերի ԵԱՀԿ-ում իռլանդական նախագահությանը:

Հայաստանի արտգործնախարարը իռլանդացի գործընկերոջն է ներկայացրել ղարաբաղյան գործընթացի վերջին զարգացումները:

Զրուցակիցները անդրադարձել են Հայաստան - Եվրամիություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին եւ հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:

Էդվարդ Նալբանդյանը իռլանդացի գործընկերոջը հրավիրել է այցելել Հայաստան:

Հայաստանի արտգործնախարարը այցելել է նաեւ Իռլանդիայի խորհրդարան, ուր հանդիպում է ունեցել Խորհրդարանի վերին ու ստորին պալատների արտաքին հարաբերությունների համատեղ հանձնաժողովի նախագահ Փեթ Բրինի եւ հանձնաժողովի անդամների հետ:

Բրինը տեղեկացրել է, որ երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցությունը խթանելու նպատակով Իռլանդիայի օրենսդիր մարմնում նախատեսվում է ձեւավորել միջխորհրդարանական բարեկամության խումբ:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն այցելել է Դուբլինի Միջազգային և Եվրոպական գործերի ինստիտուտ, ուր հանդիպում է ունեցել քաղաքագիտական կենտրոնի տնօրինության հետ եւ ելույթ ունեցել` ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները:

Ավարտելով այցելությունը Իռլանդիա` Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Վիեննա, ուր նախատեսված է նրա հանդիպումը ԵԱՀԿ-ի գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիեի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG