Մատչելիության հղումներ

Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա


Հիլարի Քլինթոն
Հիլարի Քլինթոն
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Հիլարի Քլինթոնը ժամանել է Թուրքիա, որտեղ Ստամբուլում շաբաթ օրը մասնակցելու է Լիբիայի հարցով շփման խմբի երկրների արտգործնախարների 4-րդ ժողովին:

Վաշինգտոնից ստացված հաղորդագրության համաձայն` ժողովի օրակարգում ոչ միայն Լիբիայի ղեկավար գնդապետ Մուամար Քադաֆիի վրա ճնշումը սաստկացնելու, այլեւ լիբիացի ապստամբների կազմած Անցումային ազգային խորհրդին ֆինանսական միջոցներով աջակցելու հարցերն են:

Թուրքական Zaman պարբերականի փոխանցմամբ` երկօրյա այցի ընթացքում Քլինթոնին կընդունեն թուրք պաշտոնակից Ահմեթ Դավութօղլուն, նախագահ Աբդուլա Գյուլը եւ վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Այդ հանդիպումների ընթացքում քննարկվելու են ոչ միայն Լիբիայի, այլեւ Սիրիայի խնդիրները:

Ամերիկացի օրենսդիրներին հետաքրքրում է, թե արդյո՞ք պետքարտուղարը կարծարծի Թուրքիայի տարածքում հակահրթիռային պաշտպանության համակարգի ռադարի տեղադրման հնարավորությունը` նախագիծ, որը հանրապետական սենատորները կտրականապես մերժում են: Այդ հարցով հանրապետական սենատորներ Ջոն Քյուլը եւ Մարկ Քըրքը հուլիսի 12-ին հատուկ նամակով դիմել են Հիլարի Քլինթոնին եւ պաշտպանության նորանշանակ նախարար Լեոն Փանեթային: Zaman-ը հիշեցնում է, որ անցյալ տարի Լիսաբոնում Թուրքիան պաշտոնապես հավանություն է տվել ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգի ծրագրին:

Քաղաքական վերլուծաբանների համոզմամբ` Թուրքիայի ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում, ամենայն հավանականությամբ, կարծարծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեման:

Թուրքիայից պետքարտուղարը կմեկնի Հունաստան, որտեղ հուլիսի 17-18-ը բանակցելու է նախագահ Կարոլոս Պապուլիասի, վարչապետ Գեորգիոս Պապանդրեուի եւ արտգործնախարար Ստավրոս Լամբրինիդիսի հետ:

Ապա Հիլարի Քլինթոնը հուլիսի 19-ին կմեկնի Հնդկաստան; Դա կլինի պետքարտուղարի արդեն երկրորդ այցը Հնդկաստան, ինչը վկայում է պաշտոնական Վաշինգտոնի եւ Նյու Դելիի համագործակցության խորացման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG