Մատչելիության հղումներ

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում կստեղծվի ազատ տնտեսական գոտի


Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (կենտրոնում) ստորագրում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը (կենտրոնում) ստորագրում է ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Հինգշաբթի օրը Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունն ու «Կորպորասիոն Ամերիկա Էս-Էյ» ընկերությունը ստորագրեցին «Զվարթնոց» օդանավակայանին հարակից տարածքում ազատ տնտեսական գոտու ստեղծման մասին համաձայնագիրը:

Նպատակը բարձր մրցունակություն ապահովող եւ արտահանման ուղղվածություն ունեցող ապրանքների արտադրությունը խթանելն է` արտաքին շուկայում հայկական գյուղմթերքների բրենդի ստեղծման միջոցով:

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի փոխանցմամբ` առաջիկայում կառավարությունը հավանության կարժանացնի համապատասխան որոշումներով փաթեթը, որը նկարագրում է, թե ինչ մեխանիզմներով են աշխատելու ազատ տնտեսական գոտիները:

Նախարարը խուսափեց նշել, թե երբ կսկսի աշխատել օդանավակայանին հարակից ազատ տնտեսական գոտին, սակայն ասաց, որ դա կլինի ոչ շատ հեռավոր ապագայում:

«Մենք նախատեսել ենք առաջիկայում երկու հիմնական ազատ տնտեսական գոտիների [ստեղծում], եւ աշխատանքները այդ ուղղությամբ արդեն տարվում են: Առաջինը, ինչպես ասացի, «Զվարթնոց» օդանավակայանի, եւ երկրորդը`«Մարս» գործարանի հիմքի վրա, որը կլինի ավելի արդյունաբերական», - նշեց նախարարը` հավելելով. - «Ապագայում ենթադրվում է, որ կլինի ազատ տնտեսական գոտի բարձր տեխնոլոգիաների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղվածությամբ»:

Խոսելով ազատ տնտեսական գոտու ստեղծման ընդհանուր արժեքի մասին` Դավթյանը ասաց. - «Դա կախված կլինի կոնկրետ իրականացման ծրագրից: Հիմնականում այս գոտիները ձեւավորվելու են մասնավոր ընկերությունների ներդրումներով` չբացառելով նոր ենթակառուցվածքներին պետության մասնակցությունը»:

Անցած ամիս ուժի մեջ մտած «Ազատ տնտեսական գոտիների մասին» օրենքի համաձայն, այդ գոտիները լինելու են Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից դուրս եւ մաքսային հսկողությունն իրականացվելու է դրանց սահմանին: Ազատ տնտեսական գոտու շահագործողներին տրվում են շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, գույքահարկի, մաքսատուրքի վճարման արտոնություններ:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե մտավախություն չունի արդյոք, որ նման արտոնությունների պայմաններում նոր մենաշնորհներ կձեւավորվեն, Տիգրան Դավթյանը պատասխանեց. - «Չեմ կարծում: Եթե մենք ավելի շատ մտածենք, թե ինչ մտավախություններ կլինեն, մենք առաջ չենք կարող գնալ: Այս ամեն ինչը տեսանելի եւ կառավարելի է, որովհետեւ այս գոտիները տարածքով այդքան էլ մեծ չեն լինելու»:

Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ազատ տնտեսական գոտիների առնչությամբ ասաց. - «Ես կողմնակիցն եմ, որ ամբողջ Հայաստանը լինի ազատ տնտեսական գոտի: 90-ական թվականներին, երբ մենք բարեփոխումների էինք գնում, ենթադրում էինք, որ այդպիսի մոդել պետք է Հայաստանում լինի: Ինչ վերաբերում է ստեղծել առանձին օղակներ, գոտիներ, դա ավելի շատ հատուկ է ավտորիտար տնտեսություններին: Ազատ շուկայական տնտեսությունների պայմաններում դա բացառություններ են: Մեր տիպի երկրներում` վերից վար կոռումպացված, որտեղ տնտեսական շահերը արտոնյալ պայմաններով օգտագործողների թիվը շատ մեծ է, այդ ազատ տնտեսական գոտիները շատ նեղ խումբ մարդկանց շահերին են ծառայելու»:

Նրա խոսքով, շարքային արտադրողը դրանից չի շահի. - «Կձեւավորվեն միջնորդներ, որոնք այնպիսի արգելքներ կդնեն, որ գյուղացին 10 կիլոմետր հեռավորութամբ էլ չի մոտենա այդ ազատ տնտեսական գոտուն»:
please wait

No media source currently available

0:00 0:03:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG