Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի թեկնածու Ջոն Հեֆերնը հուսով է, որ 2012-ի խորհրդարանական եւ 2013-ի նախագահական ընտրությունները Հայաստանում նախկիններից «ավելի լավն են լինելու»:

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրը կայացած լսումների ժամանակ նա հայտարարել է, որ նման հույս ներշնչում են Հայաստանում վերջին ամիսներին արձանագրված դրական տեղաշարժերը:

«Վերջին վեց ամիսներին նկատելի են որոշակի դրական տեղաշարժեր։ Դեսպան Յովանովիչը մեծ աշխատանք տարավ այդ ուղղությամբ: Նա սերտորեն համագործակցում էր կառավարության եւ կուսակցությունների հետ` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հարցերում առաջ շարժվելու ուղիներ գտնելու համար», - հայտարարել է Հեֆերնը` մանրամասնելով. - «Վերաբացվեց Ազատության հրապարակը ընդդիմադիրների ազատ հավաքների համար, սա լավ էր: Իշխանությունները վերջապես ազատ արձակեցին 2008-ի հետընտրական իրադարձությունների հետեւանքով բոլոր անազատության մեջ գտնվողներին եւ 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների լիարժեք քննություն անցկացնելու հավաստիացումներ տրվեցին ժողովրդին։ Այսպիսով, վերջին վեց ամիսներին իրականացվել են որոշ օգտակար քայլեր, ինչը հույս է ներշնչում, որ հաջորդ ընտրությունները 2012-ին եւ 2013-ին ավելի լավը եւ միջազգային չափանիշներին համապատասխան են լինելու»:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուի կարծիքով՝ առաջիկա ընտրությունները նաեւ Հայաստանի իշխանություններին հնարավորություն կտան «ապացուցելու իրենց հավատարմությունը ժողովրդավարությանը»։
Ջոն Հեֆերն

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին` Ջոն Հեֆերնը պատրաստակամություն է հայտնել իր թեկնածության հաստատման դեպքում ակտիվորեն աշխատել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանատան հետ «երկու կողմերի միջեւ վստահության ամրապնդման ուղղությամբ, արձանագրությունների հետ կապված գործընթացը վերսկսելու` ԱՄՆ պետքարտուղարի եւ նախագահի ջանքերին զուգահեռ»:

«Մենք պատրաստակամ ենք անել հնարավորը` խրախուսելու կողմերին, որպեսզի արձանագրությունների հետ կապված գործընթացը վերսկսվի: Պետքարտուղարը կողմերի հետ զրույցներում հստակեցրել է, որ «գնդակը Թուրքիայի դաշտում է», եւ մենք հուսով ենք, որ կողմերը կկարողանան ուղիներ գտնել եւ միասնական ջանքերով նպաստել խնդրի կարգավորմանը»,- ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածուն։

Ղարաբաղյան կարգավորմանն ներկա գործընթացին առնչվող հարցին ի պատասխան` Հեֆերնը նշել է, որ նախագահ Բարաք Օբաման եւ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը «խորապես ներգրավված եւ հավատարիմ են» ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին` «հակամարտության խաղաղ, արդար եւ տեւական կարգավորմանը» հասնելու համար։

Առաջիկա օրերին սենատորները հնարավորություն կունենան նաեւ գրավոր հարցեր ուղղելու դիվանագետին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG