Մատչելիության հղումներ

logo-print

Տեղեկություն չտրամադրելու «սեւ ցուցակում» երեք նախարար է հայտնվել


Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյան

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյան

Վեց պաշտոնյա, այդ թվում` երեք նախարար է ընդգրկվել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) այս տարվա երկրորդ եռամսյակում կազմած «սեւ ցուցակում»:

Տեղեկություններ չտրամադրելու «սեւ ցուցակում» հայտնված Տրանսպորտի եւ կապի, Պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարները խախտել են «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը եւ անպատասխան են թողել քաղաքացիների տեղեկություններ ստանալու հարցումները:

Մյուս երեք պաշտոնյաները Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետն է, «Համալսարանականներ» համատիրության նախագահը եւ «ՀայՓոստ»-ի արդեն նախկին գլխավոր գործադիր տնօրենը:

ԻԱԿ ղեկավար Շուշան Դոյդոյանը հինգշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե «սեւ ցուցակը» կարող էր ավելի երկար լինել` հասնելով 35-ի, եթե հաշվի առնեին նաեւ օրենքով սահմանված 5-օրյա ժամկետի խախտումները («Տեղեկատվության ազատության մասին» օրենքով պաշտոնյաները քաղաքացու հարցմանը պարտավոր են պատասխանել 5-օրյա ժամկետում):

«Ժամկետներ խախտում են բոլորը` առանձին բացառություններով: Շատ հնարավոր է, որ մենք առաջիկա եռամսյակում արդեն կսկսենք ընդգրկել ոչ միայն այն պաշտոնյաներին, ովքեր տեղեկատվություն չեն տալիս, այլ ովքեր ժամկետներ են խախտում», - ասաց Դոյդոյանը:

Նա կարծում է, որ երբ սկսեն հաշվի առնել նաեւ ժամկետներին առնչվող խախտումները, տեղեկություններ տնօրինող պաշտոնյաներն առավել զգոն կդառնան: Համաձայն կենտրոնի ուսումնասիրության` քաղաքացիների տեղեկություններ տրամադրելու ժամկետներն այժմ հասնում են միջինը 12 օրվա: Դոյդոյանի խոսքով` տեղեկություններ ստանալու խնդիր Հայաստանում ունեն հիմնականում հասարակ քաղաքացիները, քանի որ պաշտոնյաները նրանց լուրջ չեն վերաբերվում:

«Ի դեպ, այս մարմիններից մի քանիսը, ինչպես, օրինակ, Գյումրիի քաղաքապետարանը եւ Պաշտպանության նախարարությունը, քաղաքացիների հարցումները անպատասխան էին թողել, բայց երբ քաղաքացիները մեզ դիմել էին, եւ մենք էինք հարցումը ուղարկել մեր անունից, ապա լիարժեք պատասխաններ ստացանք», - ասում ԻԱԿ ղեկավարը:

ԻԱԿ-ը անցած եռամսյակում 120 հարցում է ուղղել պետական տարբեր գերատեսչությունների: Դրանց կեսից ավելին ուղարկվել է քաղաքացիների կողմից: Այս է պատճառը, որ այս տարվա առաջին եռամսյակի համեմատ 16 տոկոսով նվազել է լիարժեք պատասխան ստանալու ցուցանիշը` պետական պաշտոնյաներն անպատասխան են թողել քաղաքացիների հարցումները: Դոյդոյանը մտահոգիչ է համարում այն հանգամանքը, որ անցած եռամսյակի համեմատ 8 անգամ աճել է անպատասխան հարցումների թիվը: Չնայած առկա մտահոգություններին, Դոյդոյանը կարծում է, որ այս ոլորտում դրական տեղաշարժը սպասվածից ավելի է: Նա օրինակ է բերում Ստեփանավանի քաղաքապետի անցած մայիսի որոշումը:

«Մայիսից սկսած Ստեփանավանի քաղաքապետարանը այլեւս չի տրամադրել մեկ էջ տեղեկատվությունը 500 դրամով», - ասաց Դոյդոյանը:

Ստեփանավանի քաղաքապետը չեղյալ է համարել երկու տարի առաջ քաղաքի ավագանու կայացրած որոշումը, որով 1 էջ տեղեկատվությունը քաղաքացիներին հատկացվում էր 500 դրամ վճարի դիմաց: Օրենքի խախտման դեմ դատարան էր դիմել իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Մինչ դատարանը վերջնական որոշում կկայացներ, հասարական կազմակերպությունների բողոքի արդյունքում քաղաքապետը չեղյալ համարեց որոշումը:

Շուշան Դոյդոյանը կարծում է, որ տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում հիմնական խնդիրը համակարգային մոտեցման բացակայությունն է, եւ տվյալ գերատեսչությունում ներքին հսկողության, ղեկավարի կամքի պարագայում խնդիրը կլուծվի:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը լավատես չէ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նա ասաց, թե պաշտոնյաներն, ըստ էության, «անմեղ» հարցերին են սիրով պատասխանում, իսկ, օրինակ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտների վերաբերյալ հարցերը թողնում են անպատասխան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG