Մատչելիության հղումներ

Հայկ Ալումյան. «Նախագահը պիտի պատճառաբանի իր որոշումը»


Փաստաբան Հայկ Ալումյան
Փաստաբան Հայկ Ալումյան
Փաստաբանների պալատի անդամները դժգոհ են հանրապետության նախագահի հուլիսի 11-ի հրամանագրից, որով դադարեցվել են ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սամվել Մնացականյանի լիազորությունները:

Հիշեցնենք, որ Արդարադատության խորհուրդը մոտ երկու շաբաթ առաջ դիմել էր Հայաստանի նախագահին` դատավոր Մնացականյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ, ինչը բավականին բուռն հակազդեցության արժանացավ հայաստանյան փաստաբանական հանրության կողմից: Նրանք կարծում են, որ Մնացականյանի պաշտոնանկությամբ Վճռաբեկ դատարանի ղեկավարությունը (որի նախագահ Արման Մկրտումյանը նաեւ Արդարադատության խորհրդի նախգահն է) որոշել է դաս տալ դատավորներին:

«Ընդհանուր մեխանիզմը սա է. Արդարադատության խորհուրդը, քննարկելով հարցը, որոշում է դիմել նախագահին դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցով: Եթե նախագահն է վերջնական որոշումը կայացնում, ուրեմն կարող է համաձայնել Արդարադատության խորհրդի տեսակետների հետ կամ ոչ: Սահմանադրության տրամաբանությունից հետեւում է, որ խորհրդի դիմելը նախագահին դեռ բավարար չէ, որպեսզի դատավորի լիազորությունները դադարեցվեն: Եթե բավարար լիներ, ուրեմն նախագահի կողմից հրամանագիր արձակելը զուտ ձեւական բնույթ կկրեր: Բայց եթե Սահմանադրությունը նախատեսում է, որ վերջին խոսքը նախագահին է, այս պարագայում նախագահը պիտի պատճառաբանի իր որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Ալումյանը:

Ալումյանի ներկայացմամբ` նախագահի հրամանագրում պատճառաբանված չէ, թե ինչու է Սերժ Սարգսյանը նման որոշում կայացրել: Նրա խոսքով` ինքը չի հիշում մի դեպք, երբ նախագահը մերժի Արդարադատության խորհրդի առաջարկությունը եւ որեւէ դատավորի թողնի իր պաշտոնին:

«Պարզ չի, երբ նախագահը բավարարում է միջնորդությունը` ճիշտ է անում, թե` ոչ: Հանրության վստահությունն էլ կորում է այս կարգի հրամանագրերի նկատմամբ, որովհետեւ դրա բովանդակությունից առհասարակ չի հասկացվում, թե այդ ի՞նչ հաշվի առավ հանրապետության նախագահը, երբ բավարարեց, եւ կամ որ դեպքում կարող էր մերժել եւ թողնել դատավորին իր պաշտոնում», - ասում է Ալումյանը:

Փաստաբանի խոսքով` դատավորները սովորաբար իրենց վճիռները համաձայնեցնում են Վճռաբեկ դատարանի հետ:

«Եթե քաղաքացիական դատավարություններում այդպես վառ արտահայտված չեն այդ դրսեւորումները, ապա քրեական դատավարությունում դա բավականին վառ դրսեւորում ունի: Եթե մեղադրական եզրակացությամբ գործը եկավ դատարան, դատավորը, որպես կանոն, համարյա նոտարի գործառույթ է անում, այսինքն նույն մեղադրական եզրակացությունը արտագրում է դատավճռի տեսքով, օրինականացնում իր կնիքով եւ ճանապարհում այդ ամբաստանյալին դեպի քրեակատարողական հիմնարկ», - ասում է Ալումյանը եւ շարունակում. - «Բայց եթե հանկարծ դատավորը որոշում է, որ այստեղ մեղադրանքը չի հաստատվում, նա մեղադրանքին հակառակ դատական ակտ կայացնելու համար պիտի գնա, համաձայնեցնի Վճռաբեկ դատարանի հետ, որտեղ, այսպես կոչված, «զոնալ» դատավորներ կան, այսինքն որ դատարանը Վճռաբեկի որ դատավորին պիտի մոտենա հարցուփորձ անի, թե ինչ անի տվյալ դեպքում»:

Ըստ Ալումյանի, երբեմն լինում են դատավորներ, ովքեր, այսպես ասած, շատ կամակոր են ու չեն համաձայնեցնում, իրենց քայլերը եւ «արժանանում են Սամվել Մնացականյանի ճակատագրին»:
please wait

No media source currently available

0:00 0:04:22 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG