Մատչելիության հղումներ

Հեծանվաերթը նպատակ ուներ Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրել հանքաշահագործման խնդրի վրա:

Երիտասարդ բնապահպանների հինգշաբթի օրը կազմակերպած հեծանվաերթը նպատակ ուներ կառավարության եւ հատկապես Բնապահպանության նախարարության ուշադրությունը հրավիրել հանքաշահագործման ու դրան հետեւանքով առաջացած հսկայական թափոնների խնդրի վրա:

«Իմ պահանջն այն է, որ Հայաստանում հանքերը այս աստիճան չայլանդակվեն: Հայաստանը պետք է լինի ոչ թե արդյունաբերական, այլ պահածոների եւ մթերքի արտահանման երկիր: Մրգեր, պտուղներ, բանջարեղեն. եթե մենք սկսենք զարգացնել այս ճանապարհը, Հայաստանը կլինի առաջին էկոլոգիապես մաքուր երկիրը», - ասում էր հեծանվաերթի մասնակիցներից մեկը:

Կառավարության շենքի դիմացից մեկնարկած ակցային մասնակցում էին շուրջ 2 տասնյակ հեծանվորդներ: Նրանք հեծանիվներին փակցրել էին առավել խոշոր եւ վտանգավոր հանքերի անուններով պաստառներ:

«Շուտով Հայաստանը ապրելու տեղ չի լինի, որովհետեւ ջուրը եւ շրջակա միջավայրի օդը ամբողջությամբ աղտոտվել են», - ասաց «Հեծանիվ +» հասարակական կազմակերպության նախագահ Սամվել Հովհաննիսյանը:

Հավաքվածներին հետաքրքրում էր ընդերքի վերաբերյալ նոր օրենսգիրքը, որը մշակվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից:

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը այսօր կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց. - «Ապագայում շահագործման ենթական հանքերը պետք է շահագործվեն առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու: Օգտագործվելու են ժամանակակից տեխնոլոգիաները. հնարավոր վնասները իջեցվելու են ամենացածր աստիճանի: Չպահպանելու դեպքում մենք համապատասխան միջոցներ ենք կիրառում»:

Լենա Նազարյանը ակցիային մասնակից այն բնապահապաններից էր, որ տեսել է հանքերից մեկի շահագործման հետեւանքով առաջացած թափոններն ու դրանց հետեւանքով առաջացած պոչամբարները:

«Վերջերս Արարատի մարզում էի` Սոտքի ոսկու հանքավայրում, որից քիչ հեռու պոչամբարներն էին` նորը եւ հինը: Հսկայական տարածք աղտոտվում է. թափոնը խողովակներով անդադար թափվում է շրջակա միջավայր, եւ ոչինչ հնարավոր չէ անել, այդպես մնալու է: Այդ տարածքում ոչ բուսական աշխարհը կյանք ունի, ոչ էլ կենդանական», - ասում էր Նազարյանը:
XS
SM
MD
LG