Մատչելիության հղումներ

Գարեգին Ազարյանը վերընտրվեց ԿԸՀ-ի նախագահի պաշտոնում


ԿԸՀ-ի նախկին եւ նորընտիր նախագահ Կառլեն Ազարյանը:
ԿԸՀ-ի նախկին եւ նորընտիր նախագահ Կառլեն Ազարյանը:

Հինգշաբթի օրը նորանշանակ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի առաջին նիստում Գարեգին Ազարյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի պաշտոնում:

ԿԸՀ-ի նախագահի տեղակալ, արդեն նորընտիր նախագահի առաջադրմամբ եւ նույնպես միաձայն, ընտրվեց Լաուրա Գալստյանը, քարտուղար` Արմեն Սմբատյանը:

Բոլոր պաշտոններում առաջադրվեցին մեկական թեկնածություններ:

Այսպիսով, առաջիկա 7 տարիներին ԿԸՀ-ն կղեկավարի հանձնաժողովի նախկին նախագահ Գարեգին Ազարյանը:

Ընտրական օրենսգրքում կատարված վերջին փոփոխությունների համաձայն, հիշեցնենք, հանձնաժողովի 7 անդամներին նշանակում է երկրի նախագահը` Մարդու իրավունքների պաշտպանի, Վճռաբեկ դատարանի նախագահի եւ Փաստաբանների պալատի ղեկավարի առաջարկությամբ:

ԿԸՀ-ի նորանշանակ 7 անդամներից 4-ը նախկինում մասնակցել են ընտրական գործընթացներին: Գարեգին Ազարյանը ԿԸՀ-ի նախագահն է 2003 թվականի հուլիսից: Տաթեւ Օհանյանը հանձնաժողովի նախագահի մամուլի խոսնակն էր: Սիլվա Մարկոսյանը` թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը, Արմեն Սմբատյանը` նույն հանձնաժողովի նախագահի տեղակալը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու էր ձգտում հայտնվել նոր հանձնաժողովի կազմում, Գարեգին Ազարյանը արձագանքեց. - «Գործուն մասնակցություն են ունեցել այդ նոր Ընտրական օրենսգրքի նախագծի մշակմանը: Ես, եթե մասնակցել եմ, պատասխանատու մարդ եմ եւ պարտավոր եմ նաեւ ներգրավված լինել այն աշխատանքում, որի հիմքը դրվել է այս օրենսգրքով»:

Գարեգին Ազարյանը, հիշեցնենք, նախ մասնակցեց ԿԸՀ անդամության թեկնածու ընտրվելու համար անցկացված Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարած մրցույթին: Իր պնդմամբ` այդ մրցույթից հետո ինքը հրաժարվել է առաջադրվել օմբուդսմենի կողմից:

Օմբուդսմենի գրասենյակը, մինչդեռ, հակառակն է պնդում, թե` Ազարյանը չի հաղթահարել մրցույթը:

Ազարյանի թեկնածությունը ի վերջո առաջադրեց Վճռաբեկ դատարանի նախագահը:

ԿԸՀ-ի նորանշանակ անդամ Սիլվա Մարկոսյանը մայրաքաղաքում գտնվող թիվ 10 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահն էր: Այստեղ, հիշեցնենք, 2010 թվականի հունվարին կայացած ԱԺ պատգամավորի լրացուցիչ ընտրություններն ուղեկցվեցին մի շարք միջադեպերով. Գլխավոր դատախազություն էր ուղարկվել 13 ահազանգ, հարուցել էր 3 քրեական գործը: Այս ընտրությանն անդրադարձել էր նաեւ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի մարդու իրավունքների զեկույցը` նշելով, որ «ընտրությունների անցկացման ընթացքում կրկնվող էական խախտումները սահմանափակել են խաղաղ ճանապարհով իշխանությունը փոխելու` քաղաքացիների իրավունքը»:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով այդ ընտրություններին` Մարկոսյանը պնդեց. - «Ընտրությունները լավ է կազմակերպվել եւ ամփոփվել»:

«Այսպիսի կազմով ԿԸՀ ձեւավորելով իշխանությունը գնահատական է տալիս նախորդ ու ապագա ընտրություններին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր գնահատեց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` շարունակելով. - «Հիմա իշխանությունները եւ Հանրապետական կուսակցությունը նշանակում են նույն ղեկավարին… Ուղերձ է հղվում ժողովրդին, թե ինչպիսի ընտրություններ են պատրաստվում իրականացնել առաջիկայում իշխանությունները»:

ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը, մինչդեռ, համաձայն չէ, թե 2008-ի նախագահական ընտրությունները կեղծվել էին, իսկ Գարեգին Ազարյանը այդ կեղծիքները վավերացնողն է:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ողջունելով ԿԸՀ-ի նոր կազմը` Սահակյանը ասաց. - «Գարեգին Ազարյանը, վստահ եմ, իր ունակություններով կարող է կազմակերպել մեր բոլորի պատկերացումներին համահունչ ընտրություններ: Որովհետեւ դա գալիս է նաեւ երկրի նախագահի պահանջից` այլեւս այլընտրանք չունենք, քան ժողովրդավարության բոլոր կանոններին համապատասխանող եւ համահունչ ընտրություններ անցկացնելը»:
please wait

No media source currently available

0:00 0:05:59 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG