Մատչելիության հղումներ

Հուլիսի 14-ի մամուլ


«Ակնհայտ է դառնում, որ արտահերթ ընտրությունները ոչ այնքան ընդդիմությանն է պետք, որքան Հայաստանին», - գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը եւ այս պնդումը հիմնավորում ղարաբաղյան վերջին զարգացումներով. - «Բանն այն է, որ հրադադարի հաստատումից ի վեր կարգավորման բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, եւ դրանցից ոչ մեկն էլ մեզ համար նպաստավոր չի եղել: Բայց Հայաստանը կարողացել է խուսանավել` բացառապես ադրբեջանցիների ագահության շնորհիվ: Պարզ ասած, հայկական կողմը կարող է «արխային» ընդունել կարգավորման ցանկացած առաջարկ` վստահ լինելով, որ ադրբեջանցիները, միեւնույն է, մերժելու են: Մեծ հաշվով` հենց դա է եղել ստատուս քվոն պահպանելու մեր մարտավարության հիմքը: Բայց դատելով ամեն ինչից` արդբեջանցիները վերջապես գլխի են ընկել, թե ինչն ինչոց է: Բառացիորեն երեկ նրանք պաշտոնապես հայտարարեցին, որ պատրաստ են «օկուպացված տարածքների» վերադարձից հետո Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տրամադրել… Ադրբեջանական կողմը, ինչպես հայտնի է, երկու հիմնական առարկություն ուներ: Առաջին` դեմ էր Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակին, երկրորդ` դեմ էր, որ հանրաքվեի արդյունքներով Ղարաբաղը հռչակվի որպես անկախ պետություն կամ միանա Հայաստանին: Հիմա ահա այդ երկու առարկություններից մեկը վերացել է, այսինքն` նրանք ինչ-որ քայլ արել են: Մեզ, բնականաբար, այդ «քայլը» ոչինչ չի տալիս, բայց ամեն դեպքում` վտանգ է առաջանում, որ միջնորդները (եւ առաջին հերթին Ռուսաստանը) մեզանից պատասխան քայլ կպահանջեն: Իսկ մենք այս քայլը չունենք… Ու մնացել է միայն մի ռեսուրս` իշխանափոխությունը»:

Ղարաբաղյան վերջին զարգացումներն է գնահատում նաեւ «Ժամանակ» օրաթերթը. - «Պաշտոնական Բաքվի վերջին օրերի պահվածքը վկայում է այն մասին, որ կողմերի նկատմամբ, եւ թերեւս Ադրբեջանի ուղղությամբ միջնորդների ճնշումները բավական ազդեցիկ են: Նախ Բաքուն հանկարծակի որոշեց Կազանի հանդիպումը դրական համարել, երբ օրեր շարունակ չէր էլ փորձում հերքել այն պնդումները, թե Բաքուն է ձախողել Կազանի հանդիպումը` ներկայացնելով նոր տասը առաջարկություններ: Ուշագրավ է, որ այսօր Բաքուն սկսել է խոսել Ադրբեջանի կողմից զիջումների մասին: Սա մի կողմից մեսիջ է` ուղղված միջնորդներին, իսկ մյուս կողմից էլ` սեփական հասարակությանը` թե տեսեք, մենք առաջարկություններ էինք ներկայացրել, իսկ այժմ բավարարված ենք, քանի որ դրանք ընդունվել են, եւ հիմա գնդակը Երեւանի դաշտում է, եւ Հայաստանն է, որ պետք է պատասխանի` ընդունո՞ւմ է դրանք, թե՞ ոչ»:

«Երկիր»-ը գրում է. - «Եթե իշխանությունը ցանկություն ունենար վերականգնելու հասարակության վստահությունը ընտրական համակարգի նկատմամբ, ապա այդ ուղղությամբ առաջին գործը պետք է լիներ գործող ԿԸՀ կազմի փոփոխությունը: Խոսքը ոչ թե զուտ անձերի փոփոխության մասին է, այլ նպատակային կադրային քաղաքականության: Եթե երկրում տեղի են ունեցել ընտրություններ, որոնք հանգեցրել են ողբերգական հետեւանքների, ներհասարակական ու քաղաքական ճգնաժամի, այդ ընտրությունների համար պատասխանատվություն կրող կառույցը պետք է լուծարվեր առաջին իսկ հնարավորության դեպքում: Բայց երբ այդ կառույցի ղեկավարը համոզվածությամբ հայտարարում է, որ նորից ԿԸՀ է ուզում գալ ` միայն նույն պաշտոնն զբաղեցնելու համար, նշանակում է իշխանությունը չի ցանկանում փոխել ընտրությունների անցկացման նախկին մեթոդոլոգիան»:

«Հետք» շաբաթաթերթի մեկնաբանը վերլուծում է ներքաղաքական զարգացումները. - «Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը իշխանության հետ բանակցությունների մակարդակով շարունակելը դիտարկում է իրավահավասարության սկզբունքի տեսանկյունից: Իսկ այդ սկզբունքը ենթադրում է ոչ միայն իրավական, այլեւ առաջին հերթին քաղաքական հավասարություն երկու կողմերի միջեւ: Բանակցություններ պահանջելը, ըստ էության, առանձնահատուկ կարգավիճակ ստանալու պահանջ էր, եւ Կոնգրեսն իշխանություններից հենց այդպիսի զիջում էր ակնկալում: Մի կարգավիճակ, որն ընդդիմության այդ հատվածին հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայանալու որպես հանրային կարծիքը գեներացնող, այլեւ իշխանության իրական «իրավահաջորդ»: Ռազմավարական առումով սա շատ ավելի կարեւոր է Կոնգրեսի համար, քան արտահերթ ընտրությունների անցկացումը: Որովհետեւ այդ կարգավիճակը մի կողմից նպաստում է նրա նկատմամբ հասարակական վստահության մեծացմանը, ինչը լուրջ քաղաքական կապիտալի կուտակում է ենթադրում, մյուս կողմից` փաստացի մարգինալացնում է դաշտում գործող մնացած բոլոր խաղացողներին: Այդ կարգավիճակը ձեռք բերելու պարագայում բացարձակապես նշանակություն չի ունենում` գործընթացները շարունակվում են հերթակա՞ն, թե՞ արտահերթ ընտրությունների տրամաբանությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG